Panorama.am-ը գրում է․ «Դեկտեմբերի 3-ը լարված օր էր Երևանում։ «Սիրո և համերաշխության հեղափոխությունով ժողովրդավարության բաստիոն» դարձած Հայաստանի սուպեր նախարար Արայիկ Հարությունյանը հարկ չհամարեց հանդիպել դաշնակցական երիտասարդներին, ովքեր երեք շաբաթից ավել է՝ պահանջում են հանրային քննարկում անցկացնել հայագիտական առարկաները բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ պարտադիր դարձնելու նախագծի շուրջ։
Նախարարի փոխարեն երիտասարդները գործ ունեցան թվով իրենցից 2-3 անգամ շատ ոստիկանների հետ։ Հրմշտոց, քաշքշոց, բերման ենթարկվածներ․․․ վաղուց էր պարզ, որ այս խմորը դեռ շատ ջուր կտանի։
Հիշեցնենք՝ սա այն ժողովուրդն է, որն իշխանության բերեց իմքայլականներին, այս երիտասարդները լավ ապագայի համար աջակցեցին նորերին։
Բայց իշխանությունները շատ շուտ մոռացան , թե ում շնորհիվ են հիմա վայելքների մեջ։ Ավելին, նրանք ու իրենց հովանավորյալներն արդեն սովորություն են դարձրել՝ չնկատելու տալ այն ամենը, ինչը խանգարում է իրականացնել իրենց ծրագրերը։ Նաև սովորություն ունեն դիմացինի վրա բարդել մեղքը բոլոր այն հարցերում, որոնցում փակուղում են հայտնվել իրենց խոտոր ընթացքի պատճառով։
Նույն վիճակն էր նաև Մարտի 1-ի գործով դատավարությունում։ Մեղադրող կողմը բարդում է դատը ձգձգելու մեղքը Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների վրա այն դեպքում, երբ իրականում հենց դատավոր Դանիբեկյանն էր նախ շաբաթը մեկ անգամ նիստ նշանակում, իսկ նոյեմբերի 3-ին հայտնեց, որ հաջորդ նիստը նշանակում է 2020 թ․ հունվարի 9-ին։
Դատավորն արձակուրդ է գնում,իսկ Քոչարյանը մնում է ապօրինի կալանքի տակ։ Շա՜տ ժողովրդավարական է։
Հետաքրքիր է, որ պաշտպան Հայկ Ալումյանի խնդրանքը՝ մինչև արձակուրդը գոնե մեկ նիստ նշանակել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննելու հարցով, դատավորը մերժեց այն պատճառաբանությամբ, որ դատարանի դահլիճը զբաղված է այլ հրատապ նիստերով․․․
Ուշադրություն դարձրեք՝ այդ նիստերի հրատապությունը պայմանավորված է մարդկանց կալանքի հարցերով։ Հապա ինչպե՞ս է ստացվում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երբեք հրատապ լուծման կարիք չի ունենում։ Ի՞նչ է սա, եթե ոչ ակնհայտ երկակի ստանդարտների կիրառում։
Դատախազներն ու տուժողների ներկայացուցիչներ կարծես հոգեբանորեն ուզում են ճնշել պաշտպաններին՝ ներկայացվող միջնորդությունները որակելով որպես դատավարությունը անհարկի ձգձգելու միջոց։ Զգացվում է նաև, որ մեղադրող կողմին դուր չի գալիս, երբ ամբաստանյալներից յուրաքանչյուրի փաստաբանը ելնելով իր պաշտպանյալի շահերից՝ մանրակրկիտ հիմնավորում է բերված փաստարկները։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք արդեն հոգնել են այս անհեռանկար գործից, ինչպես տուժողներն են իրենք իրենց դերակատարությունն ավարտված համարելով՝ ամեն նիստին աստիճանաբար նվազում։
Հետաքրքիր է, երբ քննիչ-դատախազները նախկին բարձրաստիճան պաշտոնյանների նկատմամբ կարում էին այս դարակազմիկ գործը՝ չէի՞ն կանխատեսում, որ դատարանի դահլիճում լուրջ դիմակայության են հանդիպելու նրանց և նրանց փաստաբանների կողմից։
Իսկ գուցե մտածում էին, որ ինչպես իրենք են «պատճենել» մեղադրանքները, նույն կերպ էլ փունջ-փունջ են հակադարձելու պաշտպաններին։ Հիշեցնենք, որ պաշտպանական կողմից Ռուբեն Սահակյանը մեկ անգամ ասաց, որ բոլոր մեղադրյալների նկատմամբ նույն մեղադրանքներն են՝ասես արտատպած, անգամ տառասխալների նույնությամբ։
Իսկ մինչ մեղադրող կողմը և տուժողների ներկայացուցիչները ձգձգման մասին հեքիաթներն են հորինում, Ռոբերտ Քոչարյանը իր ապօրինի կալանքն է կրում։ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումից հետո՝ մեգա-ապօրինի կալանքը․․․ Եվ ովքե՞ր են խոսում ձգձգման մասին։Այս ամենը, վաղուց հատած լինելով օրենքի սահմանները, արդեն անցնում է նաև հումանիզմի ու բարոյականության բոլոր կարմիր գծերը։ Նույնն է նաև Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի միջնորդությունները տարուց ավել մեխանիկորեն մերժող դատավորի դեպքում։
Նույնն է նաև Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառքով թոշակի ուղարկելու նախագծի դեպքում։ Նույնն է նաև հայրենասեր երիտասարդների հետ չհանդիպող նախարարի դեպքում։ Սա ժողովրդավարություն չէ, սա արդարադատություն չէ, սա իրավական պետության դեմք չէ․․․ Սա բռնապետական երկրներին բնորոշ ձեռագիր է։
Լիա Իվանյան, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը