«Փաստ»-ը գրում է․ «2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Նշենք, որ այն ստեղծվել էր վեց ամիս ժամկետով և պետք է ուսումնասիրության ենթարկեր ու համապատասխան քննություն անցկացներ Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ։
Բնականաբար, վեցամսյա ժամկետը լրացել է, ու երեկ հայտնի դարձավ, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս վեց ամսով երկարաձգելու հարցը ընդգրկված է ԱԺ ընթացիկ քառօրյայում։
Ըստ էության, ստացվում է այնպես, որ անցած վեց ամիսների ընթացքում հանձնաժողովն այդպես էլ ոչ մի շոշափելի արդյունք չի արձանագրել, ու որևէ «սենսացիոն» բացահայտման չի հանգել։
Այս առումով «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ հանձնաժողովի աշխատանքները երկարացնելու հարցը պարզապես քաղաքական նպատակներ է հետապնդում, քանի որ սա արվում է, որ իմիտացիա ստեղծվի, թե գերկարևոր աշխատանքով են զբաղված և լուրջ բացահայտումներ են պատրաստվում անել։
Տեղեկատվության համաձայն, դա արվում է գլխավորապես քաղաքական օրակարգում Ապրիլյանի ու ռազմական ոլորտում ուսումնասիրության թեման հանրային ուշադրության կենտրոնում պահելու համար։ Եթե հավելենք, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված իր կարծիքը հայտնել և բաց տեքստով հստակ պարզաբանումներ է ներկայացրել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատկերը դառնում է ընդհանրական»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը