03 12 2019

Ինչի՞ դիմաց էր Գրզոյի պարզունակ խարդավանքը․ «Հրապարակ»

Ինչի՞ դիմաց էր Գրզոյի պարզունակ խարդավանքը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մտովի համաժողովրդական շարժման օրերը տեղափոխվեցի, Լևոն Տեր Պետրոսյանի հանրահավաքները, երբ մարդիկ քայլում, քայլում, քայլու՜մ էին․․․ Ու մի փոքրիկ պատառիկ։ Երբ բազմությունն անցնում էր Խաչատուր Սուքիասյանի օբյեկտների մոտով,  առաջին շարքերում քայլող ղեկավար կազմը մի պահ կանգ էր առնում, այնուհետև բազմությունը գոռում էր՝ ԳՌզո, ԳՌզո։ Այնպես ոգևորված ու բարձր էին գոռում, որ թվում էր՝ շրջակա շենքերը կփլվեն։ Ասես ազգային հերոս լիներ։ Էներգետիկ դաշտը այնքան մեծ էր, որ մարդիկ չէին մտածում՝ լավ, մենք պայքարում ենք օլիգարխների դեմ, ինչու՞ ենք «սրբացնում Գռզոյին», Մանվելին, մյուսներին։ Շարժման ժամանակ, գիտեք,   Նիկոլ Փաշինյանը առաջին դեմքերից էր։ Սթափ ուղեղով, որ մտածում ես հիմա,  արմատական փոփոխություն չէր լինելու, որովհետև առաջնային պլանում գռզոներն էին։  

Հիմա ասում եք՝ «հեղափոխություն է եղել»։ Եվ լավ է, որ եղել է ու աստիճանաբար կգաք այն համոզման, որ «օլիգարխների համար է կռիվը եղել»։ Նույն օլիգարխները, որ նախկիններինն էին, այսօր նորերինն են։  Օլիգարխներից որը անցնում է Նիկոլ Փաշինյանի կողմը, «սրբանում է», դառնում գործարար,  որը չի անցնում, հետապնդվում է։ Նույնը բոլոր բնագավառներում։ Այստեղ են ասում, մարդիկ, տաք եք, չեք զգում, ձեզ համար ի՞նչ տարբերություն՝ Գրզոն Լեվոնի՞նն է․ Սերժի՞նը, թե՞ Նիկոլինը։

Քանի որ Խաչատուր Սուքիասյանն  էր օրվա թեման, իր վրա բերվեց օրինակը։ Նաև այն առումով, որ բոլոր նախագահների օրոք փառավոր ապրած ու սրբացված օլիգարխը կարիքը չուներ, որ Սերժ Սարգսյանին վատաբաներ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ «աչոկ հավաքեր»։

 Փողը «մութ տեղն էլ լույս է տալիս», ինքը իր փողով, ունեցվածքով, դեռ վաղուց էր վայելում Նիկոլ Փաշինյանի սերը։ Դեռ 2015 թվականի փետրվարին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, երբ Առաջին նախագահի «Սրտիս պարտքը» խորագրով հոդվածն էր քննադատում, Գագիկ Ծառուկյանի մասով,  ասում էր ՝ 

միայն կարող եմ ավելացնել, որ ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ Խաչատուր Սուքիասյանի հետ (մեջբերում եմ նշածս հաստատող մասը միայն)։ Այսինքն դեռ լրագրող, պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը սրտամոտ էր հին օլիգարխների հետ, անուններ չթվարկեմ, որոնց հետ մինչև օրս շարունակում է ջերմ կապերը։ Եթե այսօրվա լրագրողներից կամ խմբագիրներից մեկը ջերմ հարաբերություն ունենա որևէ օլիգարխի հետ, ի՞նչ կմտածեք։ Մյուս ամենահայտնի օլիգարխն էլ պատահական չէր ասում՝ Նիկոլը մեր ախպերնա։

Ասածս այն է, որ առայժմ կարուսելային շրջապտույտի մեջ ենք, համակարգային առումով, պարզապես գումարելիների տեղն է փոխվել։ «Օլիգարխի փախցնոցի է», փողը մի ձեռքից մյուս ձեռքի տեղափոխում է։  

Գրզոն ինչու՞ է քննադատում Սերժ Սարգսյանին, ի՞նչ միտում ունի։ Գործարարը տարբեր բաներ է ասում Սերժ Սարգսյանի մասին, բայց խոսքին ուշադիր հետևելով, հասկանում ես, թե ինչ է ուզում հանրությանը հասցնի։ Դա երևում է նրա այս խոսքի մեջ․ «․․․Խաբելը շատ վատ բան է: Եթե մարդը կարող է առաջին դեմքի մակարդակով սուտ խոսել, կործանված է և՛ այդ մարդը, և՛ այն միջավայրը, որտեղ նա ապրում է»:

Նիկոլ Փաշինյանին «սուտ խոսելու համար», գաղտնիք չէ,  քաղաքական դաշտում, համացանցում շատ են մեղադրում և օր կա՞, որ «սուտնիկոլ»  բառը չհիշեցնեն։ Եվ ահա Գռզոն միջոց է, որ ստի թեման տեղափոխի  Սերժ Սարգսյանիի վրա։ Հավանաբար, շատ շուտով կլսենք, որ դրա դիմաց Խաչատուր Սուքիասյանը մի փափուկ պաշտոն է ստացել կամ նման մի արտոնություն։ Ստանալուց անպայման կարձագանքեմ։ Թե չէ մնացած բաները, որ նա ասում, գրում է, ընդհանուր բաներ են, համակարգային և հավասարապես բոլորին է վերաբերվում։ Հանրությունը այդպես էլ գրում է՝ իբր դու պակա՞ս թալանչի ես։

Պարզունակ խարդավանք, որը արդյունք չի տա, որովհետև միայն լավ ղեկավարի, առաջին դեմքերի  մասին են ասում, որ նա իշխանության գալով մոռացավ իր ընկերներին , բարեկամներին․․․ Իշխանությունը շատ բան է մոռացնել տալիս և այն ոչ թե վայելք է, այլ տառապանք։ Բազմիցս եմ լսել նախագահի բարեկամ, ընկերներից՝ մի կերպ ընկա Սերժի շարասյան առաջ, իրեն տեսա, գրկեցի, ասաց՝ իշխանությունը բանտ է, քո սիրելիներից հեռանում ես․․․

Եվ լավ կլիներ, որ նոր իշխամությունն էլ դա ընկալեր և իշխանությունը կիսեր ոչ թե ընկեր տղերքի, այլ բանիմաց գործին գիտակ մարդկանց հետ։ Մյուս կողմից՝ լավ չի ընդունվում՝ նախկինների շնորհիվ հարստացած մարդու «բամբասանքը»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ