«Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ օրս առողջապահության ոլորտում գործունեություն ծավալող և «երկիրը տնից կառավարող» Աննա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետի կինը, դատելով նրա այցերի աշխարհագրությունից, որոշել է մուտք գործել նաև արտաքին քաղաքականության ոլորտ և հայկական բանակ:Օրեր առաջ նա մեկնել էր Լիտվա, որտեղ հանդիպել էր այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ, ինչը մեծ զարմանքի տեղիք էր տվել ԱԳՆ որոշ շրջանակներում:Ապա մեկնել էր Իսլանդիա՝ «Կին առաջնորդների» ֆորումին մասնակցելու, իսկ երեկ այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը: Նրան ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանը: Աննա Հակոբյանը շրջել է դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ:Եթե մինչ օրս նրա հանդիպումներն ինչ-որ կերպ փորձում էին ներկայացնել որպես «Իմ քայլը» և «City of smile/ ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի գործունեության շրջանակներում տեղավորվող քայլեր, ապա այլ երկրի ԱԳ նախարարին հանդիպելը կամ մեր բանակի դիրքեր մեկնելը դժվար է կապել այս հիմնադրամների գործունեության հետ:
Կարծում ենք՝ հաջորդ քայլը լինելու է ռազմական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիային վարչապետի կնոջը հաղորդակից դարձնելը և նրա՝ զենք-զինամթերքի բազաներ ու ՊՆ տարբեր ստորաբաժանումներ այցելելը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը