26 11 2019

Գարիկ Սարգսյանը ծեծել է տվել գյուղի վարսավիրին․ 168.am

Գարիկ Սարգսյանը ծեծել է տվել գյուղի վարսավիրին․ 168.am

168.am-ը գրում է․ «Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ։

Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում։ 168.am-ին հասած տեղեկությունով՝ մարզպետը վարչապետի հետ «Հրաշք այգի» ռեստորանում նրա թիկնապահի հարսանիքին մասնակցելուց ժամ առաջ զանգ է ստանում, թե Ջերմուկից վերադարձող վարչապետի գլխավորած պատվիրակությանը պետք է դիմավորի մազպետարանում։ Դրանից հետո որոշում է հապճեպ մտնել գյուղի վարսավիրանոց՝ «կանտովկան դզել տալու»։ Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից։ Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին։

«Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս»։

Սակայն այս ամենով, ինչպես ասում են՝ «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նաև փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում։

Ի դեպ, վարսավիր Սերոբի հետ մեզ հաջողվեց կապի դուրս գալ, երիտասարդը չհերթեց մեր տեղեկությունը, սակայն չցանկացավ որևէ բառ խոսել իր հետ կատարվածի մասին։ Վախի՞ց, թե՞ պայմանավորվածություն է ձեռք բերվել միջադեպից հետո, հեաքրքրվեցինք երիտասարդից, նա միայն ասաց, որ հաճախորդներին արդեն իր գյուղում է սպասարկում և խոսելու ժամանակ չունի։ Վարսավիր Սերոբը Նոր կյանքի կողքի գյուղից է՝ Տափերականից։

Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն։

Կսպասենք մեր հրապարակման արձագանքներին, հուսանք, այս դեպքում հատկապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները չեն թաքցնի իրականությունը, հակառակ դեպքում վարչապետ Փաշինյանի հետ մարզպետի քավոր-սանիկական կապը, երաշխիքները նոր միջադեպերի պատճառ գուցե դառնան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ