26 11 2019

Սամվել Ալեքսանյանը նորից օղիներ է կեղծել․ նամակ ՌԴ կառավարությունից․ 168.am

Սամվել Ալեքսանյանը նորից օղիներ է կեղծել․ նամակ ՌԴ կառավարությունից․ 168.am

168.am-ը գրում է․ «ՀՀԿ-ական օլիգարխ, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամվել), որ այլևս նախկին ընդդիմադիր և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիրախում չէ, ավելին՝ Նոր Հայաստանում դարձել է դասական գործարար, պարզվում է՝ շարունակում է նախկինի պես օղիներ կեղծել, և, չգիտես ինչու, ճկուն գործարարի իրավախախտումներն օրվա իշխանությունը չի նկատում։

Ավելին, խոշոր գործարարի իրավախախտ գործունեությունը հեղափոխությունից հետո այն ծավալի ու չափերի է հասել, որ ՌԴ Կառավարությունը ՀՀ կառավարության դեմ բողոք է ներկայացրել։ Մասնավորապես, օգոստոսին ՌԴ Ներքին գործերի նախարարությունը դիմել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ պահանջելով Հայաստանում դադարեցնել հանրահայտ ընկերությանը պատկանող «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիների արտադրությունը:

Իսկ դրանք, 168․am-ին հասած տվյալներով, նույնպես արտադրվում են Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի կողմից: Այս պաշտոնական գրությանը հետևած գործընթացի մասին ավելի մանրամասն 168.am-ը կտեղեկացնի հաջորդիվ հրապարակումներում, մինչ այդ ներկայացնենք ամենակարևորը՝ նախկին օլիգարխ, ներկայումս խոշոր գործարարի համբավ վայելող Ալեքսանյանը շարունակում է կեղծել հանրահայտ բրենդային օղիները և ստանալ գերշահույթներ, ինչը, սակայն, ոչ վարչապետ Փաշինյանին, ոչ էլ փոխվարչապետ Ավինյանին չեն խանգարում վերջինիս հետ ջերմ հարաբերություններ ունենալ։

Ինչ խոսք, հասկանալի է, որ Փաշինյանի կառավարությունը կախված է Ալեքսանյանի փողերից, չէ՞ որ նախկինում իր կողմից բազմապիսի իրավախախտումների մեջ մեղադրվող օլիգարխն այսօր իր՝ Փաշինյանի հորդորով ներդրում է անում տնտեսության մեջ, բացում է նոր աշխատատեղեր, անձամբ Փաշինյանն այցելում է, և հեռուստատեսությամբ ցույց են տալիս, թե տնտեսությունը «ծաղկում» է, վճարում է որոշակիորեն ավելի շատ հարկեր, քան նախկինում։ Թերևս, նաև սա է պատճառը, որ ներկայիս իշխանությունները աչք են փակում Ալեքսանյանի կեղծարարության վրա, որի պատճառով այլ երկրից զգուշացումների է երկիրն արժանանում։

Մի կարևոր փաստ ևս․ նշված իրավախախտումը հանդիսանում է ոչ թե վարչական իրավախախտում, որի համար պետք է տուգանքներ սահմանվեն վարչական մարմինների կողմից, այլև սա լուրջ հանցագործություն է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 207 հոդվածով (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը, որի համար ենթարկվում են նվազագույնը 1-3 տարի ազատազրկման):

Ինչ խոսք, նման պատժի կիրարկման դեպքում այն կնպաստեր ՀՀ-ում ներդրումների բարենպաստ միջավայրի ձևավորմանը, չէ՞ որ օղիների գրեթե բոլոր հանրահայտ բրենդերը մինչ օրս տուժել են Սամվել Ալեքսանյանի ընկերությունների կողմից օղիների կեղծման հայտնի արատավոր պրակտիկայի պատճառով: Սակայն, ինչպես կառավարության մեր հոռետես աղբյուրն է գուժում, Տիգրան Ավինյանը դժվար թե ցանկանա գնալ տոտալ քայլերի, քանի որ Սամվել Ալեքսանյանի և Տիգրան Ավինյանի հարաբերությունները բավական ջերմ են, հաճախակի հանդիպումներով ավելի են ամրանում, ինչի մասին վկայում են նաև բոլոր միջոցառումներին ֆիքսված նրանց մտերմիկ լուսանկարները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ