23 11 2019

Ընդունում-ճաապարհումներ, ճոխ հաղորդագրություններ․ իսկ արդյո՞ւնքը․ «Հրապարակ»

Ընդունում-ճաապարհումներ, ճոխ հաղորդագրություններ․ իսկ արդյո՞ւնքը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վատ չէ, իհարկե, որ ՀՀ վարչապետը հավասարը հավասարի նման նստում-վեր է կենում աշխարհի մեծերի հետ, ինչպես Իտալիայի վարչապետն ու Սենատի նախագահն են։ Մենք՝ որպես փոքր «ածու», մեզ շոյված ենք զգում, երբ մեր ղեկավարներին տեսնում ենք զարգացած երկրների կառավարություններում ու պառլամենտներում, եւ հույս է ծագում, որ մի օր մենք էլ այդ երկրներին կնմանվենք, ծաղկուն տնտեսություն ու առաջադեմ կառավարման համակարգ կունենանք։

Բայց եթե շարքային քաղաքացուն այս տեսարանները բավարար են, որ ինչ-որ ժամանակ գոհ ու երջանիկ զգա իրեն եւ հավատա, որ մեր երկիրը ճիշտ հունով է գնում, ու մեզ բան չի մնացել Իտալիային հասնելու համար, ապա հանրության մտածող հատվածը կոնկրետ արդյունքներ է ուզում։ Եվ ուզում է հասկանալ, թե այդ «տուրիստական» այցերից ինչ արդյունք կա։ Ասենք, օրինակ, 2018-ի հունիսին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ եւ Կանադա մեկնեց, ու մեծադղորդ հայտարարություններ արեցին, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ շուտով ներդրումներ են գալու այդ երկրներից։ Նույն՝ 2018-ի հունիսին Իտալիա մեկնեց նաեւ այն ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը՝ ներդրումներ բերելու։ Էլի շատ ուղեւորություններ եղան։ Այս տարվա հուլիսին էլ վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Չինաստան-Սինգապուր։ Նորից ընդունում-ճանապարհումների տեսարաններ, ճոխ հաղորդագրություններ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների ու բանակցությունների մասին։ Արդյո՞ւնքը։

Օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, խոսում էր, որ Չինաստանի հետ զրո հարաբերություններ ունենք։ Եվ առհասարակ՝ ո՞վ է հետեւում, թե բյուջեի վրա մեծ ծախս նստող այս այցերի արդյունքում ինչ է ստացել Հայաստանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ