21 11 2019

Պատմությունը չի կարելի դարձնել հասարակությանը հետապնդող մահակ․ «Հրապարակ»

Պատմությունը չի կարելի դարձնել հասարակությանը հետապնդող մահակ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սեփական երկրի պատմությունն իմանալը, իհարկե, շատ կարեւոր է, դա օգնում է հասարակությանը հասկանալ, թե որտեղ է սխալվել ինքը կամ իր նախնիները։ Որն է իր վատ կյանքի, իր ստեղծած պետության բավարար չզարգանալու, արտագաղթի, դեպրեսիաների, ծնելիության ցածր եւ մահացության բարձր ցուցանիշների պատճառը։ Ինչու է իր պետությունը կախյալ, իր կրթական համակարգը՝ հետադիմական, իր երիտասարդությունը՝ պասիվ, իր կառավարման համակարգը՝ կոռումպացված։ Ինչպես է ստացվել, որ տասնամյակներ շարունակ միլիոնավոր դոլարներ են ներարկվել քաղաքացիական հասարակության ու արդարադատության համակարգերի մեջ, սակայն դրանք այդպես էլ չեն կայացել։

Ինչն է պատճառը, որ ոչ թե հայ առաքելական եկեղեցին է ուժեղ, այլ տարբեր կրոնական կազմակերպություններ։ Ոչ թե ազգային մշակույթն ու մտածողությունն են իշխում երկրում, այլ սերիալներն ու ռաբիս միջավայրը։ Այնպես որ՝ պատմությունն ուսումնասիրելը կարեւոր է։ Եվ դա պետք է արվի դպրոցում ու բուհում։ Բայց միեւնույն ժամանակ պատմությունը՝ անցյալը, չի կարելի դարձնել հասարակությանը հետապնդող մի մահակ։ Չեն կարող պատմական դեպքերն ու դեմքերը խանգարել հասարակությանն ապրել, նրան օրակարգ թելադրել, պայմանավորել նրա բոլոր քայլերի ու գործողությունների տրամաբանությունը։

Չի կարող հասարակությունը մշտապես գտնվել անցյալի ողբերգական անցքերի տիրապետության տակ՝ լինի դա 1915-ի եղեռնը, 1941-45 թվականների հայրենական պատերազմը, թե 2008-ի մարտի 1-ը։ Չի կարող հասարակությունն ապրել անցյալի հայտնի գործիչների մասին հուշերով, լինի՝ Աղասի Խանջյանը, Անդրանիկը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ազգը պիտի ապրի այսօր եւ այսօր ծնի իր հերոսներին։ Գնահատի նրանց, այլ ոչ թե շարունակ հետ նայի, ափսոսա կորցրածը, երազի անցյալի վերադարձ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ