«168 Ժամ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով հաջորդ տարվա պահպանողական բյուջեն մի քանի օրում հանկարծ դարձավ «հեղափոխական»:«Այո´, այս բյուջեն հեղափոխական է: Այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել»,- բյուջեի նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է վարչապետը:
Ցույց տալու համար, որ բյուջեն «հեղափոխական» է, Ն. Փաշինյանը սկսել է ցուցանիշները ներկայացնել այնպես, ինչպես իրեն հարմար է: Բայց բյուջեն հեղափոխական է, թե ոչ, դատում են ոչ թե նրանով, թե ինչ է ասում վարչապետը, այլ նրանով, թե ինչ ցուցանիշներ են դրված դրա հիմքում: Ու որպեսզի համոզված լինեն բյուջեն հեղափոխական է, թե ոչ, դա համադրում են ոչ թե տարիներ առաջվա, այլ նախորդ տարվա բյուջեի հետ:
Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. վերցնում ու հաջորդ տարվա բյուջեն համեմատում է ոչ թե 2019թ., այլ՝ 2018թ. բյուջեի հետ: Այսինքն՝ 1-ի փոխարեն 2 տարի է հետ գնում: Պարզ չէ՞, որ 2 տարվա կտրվածքով տարբերություններն ավելի մեծ պիտի լինեն: Մինչդեռ այն, ինչ կա 2019 թ. բյուջեում, արդեն կա, ու պետք չէ դա խառնել հաջորդ տարվա բյուջեի հետ: Հաջորդ տարին սկսվում է ոչ թե 2018 թ., այլ 2019 թ. ավարտից հետո: Եվ եթե խոսում ենք 2020 թ. բյուջեի մասին, ապա պետք է դա համեմատենք 2019 թ. բյուջեի հետ:
Հասկանալի է, օր այդ համեմատությունները «հեղափոխական» բյուջեի օգտին չեն: Ու դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց հեռվից սկսել: Չնայած նույն տրամաբանությամբ կարելի էր էլ ավելի հեռվից գալ:
Հիմա տեսնենք, թե ինչքանով է հաջորդ տարվա բյուջեն «հեղափոխական»:
Սկսենք եկամուտներից: Բայց մինչ այդ հիշեցնենք, թե բյուջեի եկամուտների վերաբերյալ ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը:
«Նախկինում տարեկան կտրվածքով միջին եկամտային աճի տեմպը եղել է 7 տոկոս: Մենք այդ տեմպը կրկնապատկել ենք: Այսինքն՝ մեր բյուջեի միջին տարեկան աճը կազմում է 14 տոկոս: Բա հեղափոխությունը պոզով-պոչով է լինո՞ւմ»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետը:
Հեղափոխությունը «պոզով-պոչով» է լինում, թե այլ կերպ, թողնենք մի կողմ: Պարզապես տեսնենք, թե վարչապետի ասած միջին տարեկան 14 տոկոսանոց եկամտային աճն ինչպես է արտահայտված 2020 թ. բյուջեում: Այսպես՝ 2020 թ. նախատեսված է բյուջեում ապահովել 1 տրիլիոն 679 մլրդ դրամի եկամուտ: Այս տարվա համար կառավարությունը կանխատեսել է, ավելին՝ համոզված է, որ կստացվի 1 տրիլիոն 567 մլրդ դրամի բյուջետային եկամուտ: Այս երկու թվերի տարբերությունը 130 մլրդ դրամ է:
Այսինքն՝ հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է բյուջեի եկամուտները 2019 թ. փաստացի կատարողականի համեմատ ավելացնել 130 միլիարդով: Աճը կազմում է ընդամենը 8,3 տոկոս: Այն գուցե բարձր է նախորդ տարիների 7 տոկոսից. բայց բոլորովին էլ հեղափոխական չէ, ինչպես ներկայացնում է վարչապետը: Ավելին՝ հաջորդ տարվա բյուջեում դրված եկամտային աճի տեմպն առնվազն կրկնակի ցածր է այս տարի սպասվողից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը