07 11 2019

Հանրությանը նախապատրաստում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը․ «Փաստ»

Հանրությանը նախապատրաստում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Երեկ դասադուլ էին անում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետրի ուսանողները: Նրանք բողաքում էին «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնության դեմ: 

Դրան գումարած՝ օրեր շարունակ չեն հանդարտվում կրքերը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մտադրության, ինչպես նաև չարաբաստիկ «ՀուԶանք ու Զանգ» միջոցառման կազմակերպման, ավելի ստույգ՝ դրա պետական ֆինանսավորման հետ կապված:

Այս հարցերը հանրության շրջանում հուզումների տեղիք տվեցին, և որպեսզի հանրության մոտ փարատվեն այն մտահոգությունները, թե իշխանությունը բացահայտ ազգային արժեքների և եկեղեցու դեմ քայլերի է գնում, վարչապետ Փաշինյանը հանդիպում կազմակերպեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ, հայտարարեց հոգևոր արժեքների կարևորության մասին, նախաձեռնեց կառավարական առանձնատանը տնօրհնեքի կարգի կատարումը:

Դրան զուգահեռ՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ, այնտեղից լուսանկար հրապարակեց, որին կից նշվում էր, որ մեր ինքնությունը սկսվում է մեր պատմությունից, կրոնից ու մշակույթից: 

Այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել նաև այն, որ ԿԳՄՍ նախարարությունը քննադատությունների առարկա դարձած «ՀուԶանք ու Զանգ» միջոցառման կազմակերպումը ֆինանսավորելու հետ մեկտեղ հանրությանը ներկայացրեց, թե իրենք աջակցել են «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը:

Թեմաները սքողելու փորձերը հասկանալի են ու տրամաբանական: Սակայն զարմանալին այն է, թե ինչու են հենց այս օրերին մեկը մյուսի հետևից մեր ազգային արժեհամակարգին հակասող նախաձեռնություններով հանդես գալիս և դրանով հանրային դժգոհություն հարուցում իրենց նկատմամբ: 

Այս հարցի պատասխանը տալու համար պետք է դիտարկել, թե ինչ համատեքստում են այս գործողությունները կատարվում, և այս առումով ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ իշխանությունները մտադիր են 2020 թվականի հունվար-փետրվարին խորհրդարանում քննարկման դնել և վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:

Իսկ այս կոնվենցիայի քննարկումը և վավերացումը դժգոհության մեծ ալիք բարձրացնելու վտանգ է պարունակում, քանի որ դրանում ամփոփված են այնպիսի դրույթներ, որոնք բնակչության գերակշռող մեծամասնության համար ուղղակի անընդունելի են: 

Դրա համար էլ կոնվենցիայի քննարկումների պրոցեսը սկսելուց առաջ իշխանությունները ակտիվ նախապատրաստական աշխատանք են տանում, որի մեջ մտնում է հասարակության ներսում առկա տրամադրությունները շոշափելը, հասկանալը, թե արդյոք հնարավոր է հանրության համար ընդունելի դարձնել այնպիսի երևույթներ, որոնք մեր ինքնությունը ձևավորող արժեքներից չեն բխում: 

Եվ այս առումով վարչապետ Փաշինյանի  վերջին լայվը որոշակի ստուգատես էր: Իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ վարչապետի ներկայացրած փաստարկները հանրային տրամադրությունների վրա, արդյոք Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումների ժամանակ կարող է վարչապետի կողմից կիրառվող ուղիղ եթերը պետք գալ կամ ընդհանրապես օգտակար լինել:

Հասկանալով, որ լուրջ դիմադրություն են հանդիպելու՝ իշխանությունները ըստ էության որոշել են դիմել այնպիսի մարտավարական քայլերի, որպեսզի որոշ ժամանակ հետաձգեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, այդ ընթացքում էլ ակտիվորեն փորձեն տարբեր ձևերով հասարակությանը համոզել, թե կոնվենցիայի ընդունումը որևէ վտանգ չի պարունակում: 

Թերևս այսպիսի գործելակերպի հավանականության մասին են վկայում իշխանամերձ մամուլում տարածված այն լուրերը, թե ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցն առայժմ սառեցվելու է, իսկ խմբակցության անդամներին հանձնարարել է անպայման ծանոթանալ և խոսել այդ մասին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ