06 11 2019

Մի՞թե 0,3%-ն է վարչապետի ասած ստվերի դեմ պայքարի արդյունքը․ 168.am

Մի՞թե 0,3%-ն է վարչապետի ասած ստվերի դեմ պայքարի արդյունքը․ 168.am

168.am-ը գրում է․ «Որևէ կերպ մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը. Այս մասին օրերս Պետեկամուտների կոմիտեի՝ Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ անցած 1,5 տարում այդ առումով աննախադեպ հաջողություններ են արձանագրվել։ Աննախադեպը, իհարկե, աննախադեպ չէ, նախկինում շատ ավելի լավ արդյունքներ են եղել, բայց որ այս տարի կառավարությանը հաջողվել է տնտեսության մեջ հարկերի հավաքագրման ցուցանիշի դրական դինամիկա արձանագրել, այդպես է։

Դրա վկայությունն է նաև հարկային մուտքերի այն աճը, որն առկա է 9 ամսվա կտրվածքով։ Այլ հարց է, որ դրանում նաև որոշակի մանիպուլյատիվ երևույթներ կան ու կառավարության գործունեության, ինչպես նաև ստվերային տնտեսության դեմ պայքարի հետ առանձնապես կապ չունեցող գործոններ։

Խոսքը, մասնավորապես, տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալների կտրուկ ավելացման մասին է, ինչը մեծապես ազդել է պետական բյուջեի եկամուտների ու հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վրա։

Պաշտոնական տվյալներով` այս տարի ունենք հարկային եկամուտների 21,6 տոկոս աճ։ Այն անհամեմատ ավելի բարձր է, քան տնտեսական աճը։ Դա նշանակում է, որ հարկային մուտքերի մի մասն այնուհանդերձ ստացվել է ստվերի հաշվին։ Կառավարությունը հույս ունի, որ այս տարի հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 1,3 տոկոսով։ Ընդհանուր առմամբ ակնկալվում է նախորդ տարվա համեմատ ավելի հավաքել 205-206 մլրդ դրամ։

Սա այն գումար չէ, ինչը ժամանակին խոստանում էր իշխանության գալու դեպքում պետական բյուջե բերել Նիկոլ Փաշինյանը։ Ամեն դեպքում, աճի տեմպը բարձր է։Ու որքան էլ թվում է, թե հաջորդ տարի այն, եթե ոչ՝ ավելանար, ապա գոնե չպիտի պակասեր, պարզվում է, ամենևին էլ այդպես չէ։ Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ստվերի դեմ պայքարը չի կարող դուրս գալ օրակարգից` կառավարությունն իր համար հարկերի հարաբերակցության բարելավման չափազանց ցածր նշաձող է սահմանել. այս տարի ակնկալվող 1,3 տոկոսի դիմաց` 2020թ. սպասելիքն ընդամենը 0,3 տոկոս է։

Այնպես չէ, որ ստվերային տնտեսությունը երկրում այնքան է կրճատվել, որ այլևս կրճատելու տեղ չկա։ Չնայած դրան, հաջորդ տարվա համար դրված է բավական համեստ ցուցանիշ, ինչն ըստ էության մեկ բան է նշանակում. դրանով կառավարությունը համարում է, որ ստվերի դեմ պայքարի ակտիվ փուլն ավարտված է։ Այդ մասին իր վերջին մամուլի ասուլիսում ակնարկեց նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահը` հայտարարելով, որ ամեն տարի դժվար է բարձր ակնկալիք ունենալ։

«Հետհեղափոխական շրջանում ստվերից բերված հարկերի ծավալները հետագա տարիներին չեն կարող ապահովվել։ Շատ կարևոր է, որ տնտեսությունն աճի։ Բյուջեի հիմքում դրել ենք, որ 2020թ. կունենանք 7 տրիլիոն դրամի ՀՆԱ։ Եթե դա ունենանք, ապա, կարծում եմ, կունենանք այն հարկային եկամուտները, որը կանխատեսել ենք։ Տնտեսությունը պետք է աճի, որ հարկեր գեներացնի»,- ասում է Դավիթ Անանյանը։

Անշուշտ, ճիշտ է ՊԵԿ նախագահը. տնտեսությունը պետք է աճի, որ հարկեր գեներացնի։ Բայց չէ՞ որ հարկերը միայն տնտեսության աճի հաշվին չեն հավաքվում։ Իսկ ո՞ւր մնաց ստվերի դեմ պայքարը։ Մի՞թե ակնկալվող 0,3 տոկոսն է վարչապետի ասած ստվերի դեմ պայքարն օրակարգից չհանելու արդյունքը։

Խոսելով այս տարի ստվերի կարճատման առումով արձանագրած «աննախադեպ» հաջողությունների մասին, հիշեցնենք, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը. «Մենք դա ամենևին առավելագույնը չենք համարում և պետք է հետևողականորեն շարժվենք այդ ճանապարհով՝ շարունակաբար ավելացնելով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը»։

Եթե նպատակը 0,3 տոկոս բարելավումն է, ապա այդ տեմպով կառավարությունը երբեք էլ հեղափոխական հաջողությունների չի հասնելու։ Դա այն է, ինչ նախկին բոլոր կառավարությունները դրել են իրենց առջև։

Թե ինչո՞ւ է ստվերային տնտեսությանը պատերազմ հայտարարած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել գնալ նախկինների ճանապարհով, մնում է միայն ենթադրել։ Փաստն այն է, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում եղել և շարունակում է լուրջ ծավալներ ունենալ։ Ու ոչ մի տրամաբանություն չկա Պետեկամուտների կոմիտեի նախագահի այն հայտարարության մեջ, որ հարկատուները չեն կարող ամեն տարի նույն վարքագիծը դրսևորել և ամեն անգամ դուրս գալ ստվերից։

Հարկեր-ՀՆԱ առկա հարաբերակցության ցածր մակարդակը վկայում է, որ դեռևս կան շատ ու շատ տնտեսավարողներ, այդ թվում` նաև խոշորներ, որոնք գործում են ստվերում, բայց որոնց ստվերային գործունեության և վճարած հարկերի մասին Նիկոլ Փաշինյանն այլևս չի խոսում։ Չի խոսում, որովհետև նրանք ըստ էության, արդեն ոչ թե օլիգարխներ են, ովքեր թալանում էին պետական բյուջեն, այլ արդար գործարարներ։ Ու հավանաբար կարևոր չէ, որ ստվերի պատճառով հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում շատ ցածր է և բարելավելու լուրջ տեղ ունի։

Ստվերի վերաբերյալ գնահատականները տարբեր են։ Բայց դրանք 20 տոկոսից պակաս չեն և հասնում են ընդհուպ մինչև 30-35 տոկոսի։

Ցանկացած պարագայում սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության մեջ բավական մեծ եկամուտներ են ձևավորվում, որոնք տարբեր պատճառներով շրջանցում են պետական բյուջեն։ Հարկային պոտենցիալից պակաս ստացվող մուտքերը գնահատվում են ընդհուպ մինչև 1 միլիարդ դոլարի չափով։ Կառավարության խնդիրն է՝ ստեղծել արդյունավետ մեխանիզմներ` այդ եկամուտները պետական գանձարան բերելու համար։

Մեր նման երկրներում ՀՆԱ-ի մեջ հարկերի տեսակարար կշիռը սովորաբար 26-28 տոկոսի է հասնում։ Հայաստանում այն ընդամենը 22 տոկոս է։ Այն դեպքում, երբ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության յուրաքանչյուր 1 տոկոսի բարելավումը նշանակում է տասնյակ միլիարդավոր դրամների հավելյալ մուտքեր ապահովել պետական բյուջե»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ