21 10 2019

Վարչապետի խոստացած 62 մլրդ դրամի գերակատարումն այլևս այդպիսին չէ. 168.am

Վարչապետի խոստացած 62 մլրդ դրամի գերակատարումն այլևս այդպիսին չէ. 168.am

168.am-ը գրում է․ «Ինչպես և սպասվում էր, երրորդ եռամսյակի հարկային եկամուտների պլանը թերակատարվել է։ Իհարկե, ավելի քիչ չափով, քան ակնկալվում էր։

Կանխատեսվում էր , որ թերակատարումը կկազմի 20-25 մլրդ դրամ, բայց կազմել է 10 միլիարդ։ Դրա հետևանքով առաջին կիսամյակում արձանագրված 63 մլրդ դրամի գերակատարումն ինն ամիսների արդյունքներով այլևս 52,9 միլիարդ է։

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի խոստացած հարկային մուտքերի գերակատարման ցուցանիշը ևս այնպիսին չէ, ինչպիսին էր առաջին կիսամյակում։ Այն առնվազն 9 միլիարդով պակաս է, քան տարեսկզբին խոստացել էր վարչապետը։

Պետեկամուտների կոմիտեն հույս ունի, որ տարվա վերջին երեք ամիսներին կհաջողվի վերականգնել այդ կորուստը և խոստացված 62 միլիարդի գերակատարումն ամբողջությամբ կապահովվի։ Չնայած դեռ հարց է, դա գերակատարո՞ւմ է, թե՞ պարզապես պլանի ճշգրտում։

Հայտնի է, որ միշտ էլ կառավարությունը նման ճշգրտումներ անում է բյուջեի մուտքերում և ծախսերում։ Բայց այս տարի որոշվեց այդ ճշգրտման անունը փոխել և դնել գերակատարում։

Իհարկե, դրա համար կառավարությունը պատճառներ ուներ։ Նախ՝ անցած տարի այդ ճշգրտումների հետևանքով բյուջեի հարկային մուտքերը, անգամ մեծ ճիգերից հետո, թերակատարվեցին, և երկրորդ` ի վերջո հասարակությանը պիտի տեսնի, թե ինչքան լավ է աշխատում կառավարությունը։ Այլ բան է, երբ ասվում է՝ բյուջեի ճշգրտված պլանի կատարում, այլ բան, երբ ասվում է՝ բյուջեի գերակատարում։ Զգացողությունները բոլորովին տարբեր են։ Թեև գործ ունենք միևնույն երևույթի հետ։

Անցած տարվա անհաջող զարգացումներից հետո այս տարի կառավարությունը նախընտրեց գնալ «գերակատարման» տարբերակով, չնայած Պետեկամուտների կոմիտեի նախագահը սկսել է երբեմն-երբեմն հնչեցնել ճշգրտված պլան արտահայտությունը։ Այնպես, ինչպես նախկինում էր, երբ ի սկզբանե նախատեսվածի համեմատ՝ բյուջեի եկամուտներն ավելացվում էին, բայց դրանց ոչ թե գերակատարում էին անվանում, այլ պարզապես՝ բյուջեի ճշգրտում։

Բյուջեի հարկային եկամուտների ճշգրտումներն այս տարի կկազմեն 62 մլրդ դրամ։ Սա Նիկոլ Փաշինյանի խոստացած գերակատարումն է, որը, ըստ ՊԵԿ նախագահի՝ ստացվել է որոշակի հաշվարկների հիման վրա։

Բայց հաջորդ տարի այլևս նման գումար չի լինի։ Դավիթ Անանյանի կարծիքով՝ վարչարարությամբ անընդհատ հնարավոր չէ նման ցուցանիշներ ունենալ։

«Այս տարի 62 մլրդ դրամ հարկային եկամուտների գերակատարման տակ կային որոշակի գնահատականներ, նաև կար հետհեղափոխական շրջանում հարկ վճարողների վարքագծի փոփոխման ակնկալիք։ Ամեն տարի նման վարքագիծ ապահովելը դժվար է։ Եթե մարդը որոշել է, որ պետք է կանգնի ճիշտ ճանապարհի, մեկ անգամ է դա անում, այնպես չի, որ ամեն տարի պետք է ճիշտ ճանապարհի կանգնի։ Հետևաբար՝ հետհեղափոխական շրջանում ստվերից բերված հարկերի ծավալները հետագա տարիներին չեն կարող ապահովվել։ Շատ կարևոր է, որ տնտեսությունն աճի։ Մենք հիմքում դրել ենք, որ 2020թ. կունենանք 7 տրիլիոն դրամի ՀՆԱ։ Եթե դա ունենանք, ապա կարծում եմ՝ կունենանք այն հարկային եկամուտները, որը կանխատեսել ենք։ Տնտեսությունը պետք է աճի, որ հարկեր գեներացնի»,- խոսելով 2020թ. պլանավորված հարկային եկամուտների մասին` ասում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Անշուշտ, հարկերի հավաքման գործում առաջնայինը տնտեսությունն է ու տնտեսական աճը։ Եթե տնտեսությունը չզարգանա, անհնար է առաջընթաց ապահովել հարկերի գծով։ Բայց այնպես չէ, որ դա է հարկերն ավելացնելու միակ տարբերակը։

Հայաստանում ստվերային տնտեսությունը մեծ ծավալների է հասնում` նույնիսկ հարկային մուտքերի հետհեղափոխական գերակատարումներից հետո։ Ճիշտ է, այս տարի սպասվում է, որ համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի տեսակարար կշիռը որոշակի բարելավում կունենա, բայց դա չի նշանակում, թե այն ավելացնելու պոտենցիալ այլևս չկա։

Համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը Հայաստանում ցածր է։ Այն տատանվում է հիմնականում 21-22 տոկոսի սահմաններում։ Իսկ դա նշանակում է, որ դեռևս ստվերային բավական շատ եկամուտներ են պտտվում տնտեսության մեջ։

Պաշտոնապես հայտարարվող ստվերը կամ, այսպես ասած, չհաշվառվող տնտեսությունը, Վիճակագրության կոմիտեի դիտարկումներով՝ կազմում է 22 տոկոսը։ Դրա ոչ ամբողջ մասն է համարվում ստվերային տնտեսություն, բայց գրեթե կեսն այդպիսին է։ Ու այդ կեսը` անգամ, եթե ընդունենք, որ այդպես է, լուրջ հարկային մուտքեր է թաքցնում։ Այն հայտնաբերել ու պետական բյուջե բերելը Պետեկամուտների կոմիտեի խնդիրն է։

Բայց ինչ է մտադիր հաջորդ տարի անել ՊԵԿ-ը։ Ստվերային այդքան մեծ տնտեսության պայմաններում ակնկալվում է ՀՆԱ-հարկեր ցուցանիշը բարելավել ընդամենը 0,3 տոկոսով, և այս տարի կանխատեսվող 22,3 տոկոսից հասցնել 22,6 տոկոսի։ Պատահական չէ, որ հաջորդ տարվա համար հարկային եկամուտների սպասումներն անհամեմատ ցածր են։ Այս տարի կանխատեսվող հավելյալ 206 մլրդ դրամի դիմաց` հաջորդ տարվա սպասելիքներն ընդամենը 138 միլիարդ են։

Հարկեր-ՀՆԱ ցուցանիշի 0,3 տոկոս կանխատեսվող բարելավումը նույն ցուցանիշն է, որը նախկին իշխանությունները միշտ էլ թիրախային են համարել։ Այս առումով, ըստ էության, փոփոխություններ չեն ակնկալվում։ Ստացվում է, որ կառավարությունը պատրաստվում է շարունակել նրանց, ում ժամանակին մեղադրում էր ստվերային լուրջ տնտեսություն ձևավորելու մեջ։

Այնպես չէ, որ հայտարարվող գերակատարման պայմաններում ստվերը Հայաստանում այդքան շատ է կրճատվել։ Փաստն այն է, որ հարկային հավելյալ մուտքերի զգալի մասը գեներացվել են տրանսպորտային միջոցների ներմուծման հաշվին։ Դրանց քանակն արդեն իսկ 63 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Իսկ դա նշանակում է, որ այստեղից բավական մեծ քականությամբ մուտքեր են ավելացել։

Տրանսպորտային միջոցների ներմուծումից արդեն իսկ ստացվել է 51 մլրդ դրամի եկամուտ։ Այն 27 միլիարդով կամ ավելի քան կիսով չափ ավելի է նախորդ տարվանից։

Դեռ մինչև տարեվերջ ժամանակ կա, ու պարզ է, որ այս ցուցանիշն ավելանալու է։ Ու չի բացառվում, որ միայն այդ մի գործոնի հաշվին ապահովվի վարչապետի խոստացած 62 մլրդ դրամի կեսից ավելին։ Հաջորդ տարի այդ գործոնն այլևս չի լինելու, ու նման գերակատարումներ, ինչպես ասում է ՊԵԿ նախագահը, չպետք է ակնկալել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ