«Հրապարակ»-ը գրել է. «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր հրավեր է ուղարկել տարբեր կազմակերպությունների և լրատվամիջոցների՝ առաջարկելով մասնակցել հոկտեմբերի 22-ին «ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցում կայանալիք քննարկմանը, որի թեման է «Հետհեղափոխական Հայաստան. Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը»։
Նպատակն է՝ «ուրվագծել հետհեղափոխական Հայաստանում ոստիկանության բարեփոխման առաջնահերթությունները և հանրային ընկալման մեջ ոստիկանության դերի բարձրացման ուղղությունները»։ Թվում է՝ հասարակական կազմակերպություններ են, կարող են ցանկացած թեմա քննարկել՝ ի՞նչ խնդիր կա (թեև ոստիկանությունը, անշուշտ, «ցանկացած թեմա» չէ), բայց երբ ծանոթանում ես քննարկման բանախոսներին ու թեմատիկային, հասկանում ես, որ սա պետական քննարկում է՝ Սորոսի հիմնադրամի թելադրած օրակարգով։ Այսպես․ քննարկումը վարելու է «Բաց հասարակության հիմնադրամների» ներկայացուցիչը։ Առաջին ելույթն ունենալու է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, հաջորդը՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Մյուս ելույթներն արդեն սորոսական ՀԿ-ների ներկայացուցիչներինն են՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի ղեկավար Հովհաննես Մադոյան, Հելսինկյան կոմիտեից՝ Ռոբերտ Ռևազյան և այլք։ Ակամայից սկսում ես հանգել այն մտքին, որ Սորոսի հիմնադրամը դանդաղ և հետևողականորեն մուտք է գործում պետական կառավարման համակարգ և այդ համակարգը ձևում իր պատկերացումներին համապատասխան։
Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ ասաց․ «Իրենք հրավեր ուղարկել են, հարցը կքննարկվի, ուղղակի ոստիկանության պետը ծանրաբեռնված է, այս պահի դրությամբ որոշում չի կայացրել»։ Այսինքն՝ հնարավոր է չմասնակցի՞։ «Այս պահի դրությամբ՝ այո, դրա հավանականությունը մեծ է, որովհետև այլ միջոցառումներ կան»։
Զրուցեցինք նաև արդարադատության նախարարության լրատվական վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց․ «Նախարարը ու փոխնախարարները բազմաթիվ ՀԿ-ների՝ ոլորտային թեմաներով կազմակերպված քննարկումներին գրեթե միշտ փորձում են մասնակցել, առանց որևէ խտրականություն դնելու հասարակական կազմակերպությունների միջև։ Նախարարը մասնակցում է ՀԿ-ների կազմակերպած դատաիրավական թեմաներով քննարկումներին, քրեակատարողական հիմնարկների խնդիրների վերաբերյալ կազմակերպվող քննարկումներին, դա բայց չի՞ նշանակում, որ տվյալ ՀԿ-ն է զբաղվելու այդ ոլորտի քաղաքականությամբ կամ բարեփոխմամբ։ Քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպվող տարբեր թեմաներով հրավերներ են լինում, և մեր նախարարությունը, ոլորտային հարցերով պայմանավորված, կարող է մասնակցել այս կամ այն քննարկումներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը