168․am-ը գրում է․ «Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական թռիչքը այդպես էլ տեղի չունեցավ: Տեղի չի ունենա նաև հաջորդ տարի:
2020 թ. համար կառավարության տնտեսական աճի սպասումները հեռու են թռիչքային լինելուց: Ու դա ոչ թե մենք ենք ասում, այլ կառավարության ներկայացրած հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը: Տնտեսական աճի ցուցանիշները, որոնք դրված են այդ փաստաթղթում, ոչ միայն թռիչքային չեն, այլև ավելի ցածր են, քան նախորդ երկու տարիներին արձանագրված աճերը, ավելի ցածր, քան այս տարվա սպասումներն են:
Հիշեցնենք, որ 2018 թ. տնտեսական աճը Հայաստանում կազմեց 5,2 տոկոս: Այն անհամեմատ բարձր էր իշխանափոխության նախորդ տարում. 2017թ. տնտեսական աճը հասավ վերջին տարիների համար ռեկորդային՝ 7,5 տոկոսի: 2019 թ. կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն կավելանա 6,3 տոկոսով:
Եթե իրականանան կառավարության կանխատեսումները, ապա հաջորդ տարի աճի տեմպը մի բան էլ կնվազի: Այն կլինի վերջին չորս տարվա ամենացածր ցուցանիշը:
Ստացվում է, որ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներում արձանագրվող փայլուն ցուցանիշների և երկնիշ աճերի՝ կառավարության սպասումները Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ այնքան էլ լավատեսական չեն: Աճի տեմպն արագանալու և թռիչքային դառնալու փոխարեն հետ է գնալու: Ու դրա հետ ըստ էության համաձայն է նաև Նիկոլ Փաշինյանը: Այլապես հազիվ թե կառավարությունում կգտնվեր որևէ մեկը, ով կհամարձակվեր հակադրվել վարչապետին:
Տնտեսական թռիչք խոստացող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կանխատեսումներով՝ հաջորդ տարի Հայաստանի տնտեսության աճը կկազմի ընդամենը 4,9 տոկոս:
Այս թիվը կառավարությունը, անշուշտ, օդից չի վերցրել: Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ նման կանխատեսում ունեն գրեթե բոլոր
միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Նրանց գնահատականները գտնվում են հիմնականում 4,5-5,5 տոկոսի միջակայքում: Նույնպիսի կանխատեսում ունի նաև Կենտրոնական բանկը:
Հասկանալի է, որ 4,9 տոկոսն այն աճը չէ, ինչի հետ կարելի է մեծ հույսեր կապել, առավել ևս՝ սոցիալական իրավիճակի փոփոխության և մարդկանց կյանքի պայմանների բարելավման առումով:
Որպեսզի հասարակությունը զգա տնտեսական աճի ազդեցությունը, անհրաժեշտ է, որ այն անհամեմատ ավելի բարձր լինի և, կարևորը՝ որակյալ: Այնինչ, Հայաստանի տնտեսության աճը որակ չունի: Զարմանալի չէ, որ տնտեսությունը պաշտոնապես աճում է, բայց սոցիալական իրավիճակը երկրում գրեթե չի փոխվում: Ու չի փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսության աճի հիմնական բաղադրիչը ծառայություններն են: Այն այդպիսին կլինի նաև հաջորդ տարի՝ ամենամեծ նպաստումը բերելով սպասվող ոչ այնքան ցածր, բայց ոչ էլ բարձր տնտեսական աճին:
Դատելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծից թռիչքային զարգացումներ չեն սպասվում տնտեսության որևէ ոլորտում: Ընդհակառակը՝ մի շարք ճյուղերում, որոնք կարևոր դեր ունեն երկրում սոցիալական իրավիճակի բարելավման գործում, աճի տեմպերը նույնիսկ կնվազի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը