16 10 2019

Համարձակ բյուջե 2020․ Կառավարության նախագծի համն ու հոտը․ 168.am

Համարձակ բյուջե 2020․ Կառավարության նախագծի համն ու հոտը․ 168.am

168.am-ը գրում է․ «Սեպտեմբերի 30-ին կայացած կառավարության նիստում գործադիրի հավանությանն արժանացավ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և բյուջետային ուղերձ-բացատրագիրը, որը առաջիկայում կանցնի քննարկման փուլերով և մինչև բյուջետային տարվա սկիզբը կհաստատվի Ազգային ժողովի կողմից:

Առաջին հայացքից՝ ներկայացված բյուջեի փաթեթը աչքի է ընկնում առավել համարձակ մոտեցումներով, ինչը վերաբերում է հատկապես պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ծավալներին և կառուցվածքին: Այնպես որ, եթե նախորդ տարվա բյուջեն պայմանական անվանել էինք «Զգուշավոր բյուջե 2019», ապա այս տարվա բյուջեն հավակնում է արժանանալ «Համարձակ բյուջե 2020» տիտղոսին։ Թե ինչո՞ւ ենք 2020 թվականի բյուջեն համարում համարձակ, և ի՞նչ «համ ու հոտ» ունի օրենքի նախագիծը, դեռևս շատ կքննարկվի, երբ նախագծի կառուցվածքի, հիմնական մոտեցումների և դրանից ակնկալվող արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել առավել նեղ, ոլորտային քննարկումների և վերլուծությունների ձևաչափով։

Սակայն այն ցուցանիշները, որոնք թիրախավորել է կառավարությունը, ակնհայտ համարձակություն են պարունակում։ Այստեղ համարձակությունը նախ և առաջ՝ վերաբերում է բյուջեի ծախսային ուղղություններին և դեֆիցիտին, որը, ի դեպ, կառավարության կողմից մոդելավորվել է այս տարվա հավելուրդի և ծախսերի ոչ բարձր կատարողականի ֆոնի վրա։ Ոմանք բյուջեի այս նախագծին տալիս են նաև «աննախադեպ» անվանումը, ինչը, կարծում ենք, այնքան էլ բնութագրական չէ, քանի որ յուրաքանչյուր տարի բյուջեի եկամտային և ծախսային մասը նախորդ տարվա համեմատ՝ բարելավում է ունենում, և այդ բարելավումներից յուրաքանչյուրն էլ կարող էին հավակնել աննախադեպ համարվելու տիտղոսին։

Անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի հիմքերին, որոնք արտացոլված են բյուջետային ուղերձ-բացատրագրի մեջ, պետք է նշենք, որ կառավարության կողմից ցուցաբերված համարձակության համար հիմք են ծառայել բարեհաջող դասավորված տնտեսական զարգացումները։

Այսպես՝ 2018 թվականի արդյունքներով արձանագրվեց 5.2% տնտեսական աճի ցուցանիշ, որը հիմնականում պայմանավորված էր ծառայությունների ոլորտի արձանագրած աճով:

2019 թվականի տարեսկզբից տնտեսությունում գրանցված բարձր աճի միտումները պահպանվեցին, և առաջին կիսամյակում ՀՆԱ-ի իրական աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմեց 6.8%, ինչին դարձյալ հիմնականում նպաստել է ծառայությունների աճը՝ 9,3%։ ՀՆԱ-ի աճին նպաստել են նաև մյուս ճյուղերի՝ արդյունաբերության 5.2% աճը, ինչպես նաև՝ շինարարության 3.5% աճը:

Գյուղատնտեսությունը 0.6 տոկոսային կետով բացասական է նպաստել տնտեսական աճին։ Արդյունքում՝ 2019 թվականին կառավարությունը կանխատեսում է 6․3 % աճ։

Անդրադառնալով կանխատեսումներին՝ 2020 թվականին տնտեսական աճը, ըստ կառավարության, կմոտենա իր ներուժային մակարդակին՝ պայմանավորվելով արդյունաբերության և ծառայությունների աճով: 2020 թվականին կանխատեսվում է 2019 թվականի համեմատ՝ ՀՆԱ-ի 4.9% իրական աճ: Տնտեսական աճի կանխատեսումներում հաշվի են առնվել ընթացիկ զարգացումները, ինչպես նաև գործընկեր երկրների տնտեսական աճերի և հումքային ապրանքների գների զարգացման միտումները:

Տնտեսական աճի այս դրական կանխատեսումներն էլ հիմք են հանդիսացել բավական համարձակ ցուցանիշներ նպատակադրելու համար, որոնցից յուրաքանչյուրին ստորև համառոտ կանդրադառնանք։

Պետական բյուջեի եկամուտները։ Քննարկելով 2020թ. պետական բյուջեի եկամտային մասը, պետք է նախ և առաջ մատնանշենք, որ այս տարվա եկամուտների հավաքագրման բարձր մակարդակը հաշվի առնելով՝ մոդելավորվել է բավականին բարձր թիվ՝ 1 տրիլիոն 698 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 8,3 տոկոսով, որը, իհարկե, աննախադեպ աճ չէ, սակայն բավականին համարձակ է (պատճառներից մեկը, որ այս բյուջեն առավելապես համարձակ է, այլ ոչ թե՝ աննախադեպ)։ 

Սակայն այստեղ պետք է հաշվի առնենք, որ ընթացիկ տարվա եկամուտների հավաքագրման աճ արձանագրելու գործում նպաստող գործոնների թվին դասվել են ավտոմեքենաների ներմուծման արդյունքում գեներացված եկամուտները, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) վարչարարության արդյունքում ստվերի կրճատման միտումները։ Այս գործոններից առաջինը՝ պայմանավորված հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ կարգավորումներով, ոչ միայն աճի ակնկալիքներ չի տալու, այլ ընդհակառակը, այս տարվա եկամուտների հիմնական հավելաճն ապահոված ոլորտը լուրջ անկումներ է արձանագրելու։ Դրանից զատ, հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նաև հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որով, մասնավորապես, կնվազեցվի եկամտային հարկի շեմը։ Սա ևս բյուջեի եկամուտների համար էական ռիսկ է հանդիսանում, քանի որ, ըստ նախնական հաշվարկների, շուրջ 12 մլրդ դրամով պակաս եկամտային հարկ է հավաքագրվելու։

Այս ենթատեքստում անդրադառնալով եկամտային մասին, պետք է արձանագրենք, որ համարձակ այս ցուցանիշը կատարելն իրականում հեշտ չի լինելու և համարձակ դրված ցուցանիշն այդ դժվար աշխատանքի միայն մեկնակետն է, և իրականացման էական ռիսկեր է պարունակում։

Պետական բյուջեի ծախսերը։ Պակաս համարձակ չէ նաև բյուջեի ծախսային բաղադրիչը։

2020 թվականին պետական բյուջեի ծախսերը պլանավորվել են 270 մլն դրամով կամ 16 տոկոսով ավելի, քան 2019 թվականին է, ընդ որում՝ հիմնական ավելացումը կատարվել է կապիտալ ծախսերի ուղղությամբ։ Այս մասին ընթացիկ տարում բազմիցս է խոսվել, որը հիմնականում պայմանավորված է եղել պետական բյուջեի ծախսերի թերակատարմամբ, որը նաև հիմք է հանդիսացել 9 ամիսների կտրվածքով հավելուրդային բյուջե ունենալու համար։ Թե որքանո՞վ են կարևոր այս ծախսերը տնտեսության հետագա զարգացման համար՝ շատ է խոսվել, սակայն առավել ընդգրկուն և համապարփակ ներկայացված է «Լույս» հիմնադրամի կողմից իրականացված վերլուծականում, որը ևս, ամենայն հավանականությամբ, մեսիջ է եղել այս բյուջետային նախագծի մշակման ժամանակ։

Ի դեպ, ծախսային բաղադրիչի մասին խոսելիս՝ տեղին կլինի հիշել նաև նախորդ տարի մեր կողմից հրապարակված «Հարց համար 15՝ ՉԶԵԿՈՒՑՎՈՂ: Ինչո՞ւ կառավարությունը չի կարող բարձրացնել աշխատավարձերը և թոշակները» վերլուծականը, որով հղում կատարելով այն ժամանակ նոր ներդրված հարկաբյուջետային կանոններին, նշել էինք, որ 2019 թվականի բյուջեի ծրագրով կառավարությունը չի կարող գնալ ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ աշխատավարձերի և թոշակների ընդհանուր բարձրացման, քանի դեռ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գտնվում է 50 տոկոսից բարձր մակարդակում։

Այս պարագայում, իհարկե, կառավարությանը այլ ելք չէր մնում, քան պլանավորել բարձր կապիտալ ծախսեր, սակայն ամեն ինչ իրականում այդքան հեշտ չէ։ Պատմական զարգացումները ցույց են տվել, որ մեր տնտեսության կողմից կապիտալ ծախսերի կլանման առավելագույն մակարդակը կազմել է ՀՆԱ-ի 4 տոկոսը։

Այս տարի պլանավորված կապիտալ ծախսերը կազմում են շուրջ 357 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսը։ Եթե ասվածին գումարում ենք նաև այս տարվա կապիտալ ծախսերի թերակատարումը, ապա խնդիրն էլ ավելի ռիսկային է դառնում, հատկապես, որ այդ ծախսերի շուրջ կեսը նախատեսվում է ուղղել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանը, որի տրանշներից մեկում ծագած ֆինանսական խնդիրները, ամենայն հավանականությամբ, կհասնի արբիտրաժի։

Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերի մնացած ուղղություններին, ապա այստեղ էլ ռիսկայնությունը պայմանավորված է աշխատանքների ժամկետայնությամբ, մասնավորապես՝ նախագծանախահաշվային աշխատանքների պատշաճ կատաման և շինարարության բուն ընթացքի համար նախատեսված ժամանակահատվածի տևողությամբ, քանի որ մեր երկրի բնակլիմայական պայմաններից ելնելով՝ կապալային աշխատանքների համար բարենպաստ ամիսների թիվը լավագույն դեպքում սահմանափակվում է 6 ամսով։

Վերոնշյալ բարձրաձայնված խնդիրները ևս մեկ անգամ մեսիջ պետք է լինեն իշխանությանը, որ այս և այլ ընթացիկ ռիսկերով պայմանավորված՝ ծախսերի նման մակարդակը կատարելու համար էական ջանքեր պետք է գործադրվեն, հատկապես աչքի առաջ ունենալով այս տարվա ծախսային թերակատարումների ֆոնը, քանի որ անգամ իրավիճակի կրկնվելը կարող է տնտեսական զարգացումների վրա էական ազդեցություն թողնել, որի բացասական էֆեկտների վերականգնման համար երկար տարիներ կպահանջվեն։

 Պետական բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը։ Խոսելով պետական բյուջեի դեֆիցիտի մասին՝ պետք է նախևառաջ նշենք, որ ընթացիկ տարվա հավելուրդից հետո պլանավորվել է դեֆիցիտ։ Դասական իմաստով, սա, իհարկե, լավ է տնտեսության հետագա զարգացումների տեսանկյունից, սակայն նախանշված այս ծրագրի կատարումը ամբողջապես կախված է եկամուտների և ծախսերի կատարումից։ Գալիք տարվա համար կառավարությունը պլանավորում է 182,6 մրդ դրամի դեֆիցիտ։ Դեֆիցիտի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել արտաքին և ներքին աղբյուրների հաշվին, որի արդյունքում 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կկազմի 3,490 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.2 տոկոսը և 2019 թվականի տարեվերջի համեմատությամբ՝ ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի 1.1 տոկոսային կետով:

Այստեղ ևս մեկ անգամ տեղին է հիշատակել գործող հարկաբյուջետային կանոնները, որը, ամենայն հավանականությամբ, այս ցուցանիշների պլանավորման ժամանակ ուղենիշ է հանդիսացել՝ նպատակ ունենալով հասնել այնպիսի թիրախների, որոնք հնարավորություն կտան 2021 թվականի պետական բյուջեի պլանավորման ժամանակ կատարել ընթացիկ ծախսերի ավելացում՝ ի հաշիվ աշխատավարձերի բարձրացման։

Ամփոփելով «Բյուջե 2020»-ի ընդհանրական ուսումնասիրությունը, պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ թիրախավորված մակարդակները բավականին համարձակ են, և որոշ առումներով կատարման էական ռիսկեր կարող են պարունակել։ Սակայն մի բան է պետական բյուջեն պլանավորելը, և լրիվ այլ բան՝ դա իրագործելը։ Ավելին, բյուջետային տարին պետական բյուջեի պլանավորմամբ և հաստատմամբ ոչ միայն չի ավարտվում, այլև միայն սկսվում է, և այն, ինչ սահմանված է թղթի վրա, անհրաժեշտ է իրականացնել մեկ տարվա ընթացքում, որը 2020 թվականին հեշտ չի լինելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ