01 10 2019

Գազը թանկանալու է․ հարցն այն է, թե որքա՞ն․ «Փաստ»

Գազը թանկանալու է․ հարցն այն է, թե որքա՞ն․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ »«Տևական ժամանակ է, ինչ մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ առաջիկայում ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա։ 

Երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, թե գազի գնի՝ 30 տոկոսով բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ, հարցին՝ հաջորդ տարվա համար կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն արձագանքել է. «Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ»։ 

Մհեր Գրիգորյանն ասել է նաև, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ։

Սա, ըստ էության, հետաքրքիր մեկնաբանություն է, հատկապես այն առումով, որ հերքվում է կոնկրետ 30 տոկոսով թանկանալու տեղեկությունը:

Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, 2020 թվականի հունվարի 1-ից գազը թանկանալու է, այդ թվում՝ արդեն նաև ազգաբնակչության համար: Միայն թե մնում է պարզել, թե որքան է թանկանալու: 

Մեր աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը նախատեսում է գազի գինը բարձրացնել 38-40 տոկոսով, ինչը շատ լուրջ թանկացում է և չի կարող վնաս չհասցնել թե՛ սոցիալական առումով, թե՛ ՀՀ ողջ տնտեսության վրա ազդեցության։Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները նշված բանակցություններում փորձում են հասնել այնպիսի փոխզիջման, որ թանկացումը լինի ոչ ավելի, քան 20-25 տոկոս: Իսկ սա արդեն, չնայած փաստացի թանկացմանը, հնարավոր կլինի մատուցել որպես մեծ ձեռքբերում և ընդգրկել հաջորդ «100 փաստի» մեջ:

Մի խոսքով, կարծես այլևս որևէ կողմ չի հերքում, որ գազը թանկանալու է: Հարցն այն է, թե որքան»։

Նյութն ամբողջությամբ «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ