30 09 2019

Մեր ու մյուսների գազային կրքերը․ 168.am

Մեր ու մյուսների գազային կրքերը․ 168.am

168.am-ը գրում է․ «ՌԴ նախագահի այցը պարզ մարդու համար, առաջին հերթին, գազի գնի հարց է: Հայաստան ներմուծվող գազի վերջին գնաճը բնակչությունը չզգաց: Բայց բոլորի հիշողության մեջ թարմ է նախորդ նման փորձը, երբ գազի սակագնի չավելացումը, ի վերջո, պետական ծանր պարտք դարձավ: Ուստի հիմա՝ ձմռան նախաշեմին, կրկին սպառողի ուշադրության կենտրոնում գազի գինն է: Գին, որ սպառողի համար կարող է անդրադառնալ՝ որպես սակագին: Գազի գնի թեման հիմա մոդայիկ է նաև եվրոպացիների համար:

Եվրոպական վիճակագրության տվյալներով՝ 39 երկրներից Հայաստանը գազի ցածր գնով երրորդն է` Ռուսաստանից և Ադրբեջանից հետո: Bloomberg-ի տվյալներով՝ եվրոպական երկրներն այս հարցով շահեկան վիճակում են: 2018-19թթ. ձմեռն աննախադեպ մեղմ ու տաք էր: Ուստի այդ երկրներում կտրուկ նվազել էին գազի սպառման ծավալները: Ռուսաստանյան «Գազպրոմի» տվյալներով՝ 2019թ. առաջին եռամսյակում Եվրոպա մատակարարվող գազի ծավալները կրճատվել են 10.2 տոկոսով:

Նշվում էր, որ մարտ ամսին մատակարարումը կրճատվել էր 18 տոկոսով: Եվրոպական երկրներում սպառվող գազի մեկ-երրորդի մատակարարը հենց «Գազպրոմն» է: Ռուսական գազի ամենախոշոր գնորդները Գերմանիան ու Իտալիան են: Այս տարի Հյուսիս-արևմտյան Եվրոպայի, Իտալիայի և Ավստրիայի գազի խոշորագույն պահուստարաններում գազի պաշարներ սկսեցին ավելացնել դեռևս ջեռուցման սեզոնը չավարտած: Հիմա հրապարակվում է, որ եվրոպական պահուստարաններում գազ ամբարված է 94 տոկոսի չափով` 62.3 մլրդ խորանարդ մետր: Ուստի գազի ամառային սեզոնի ավանդական գնանկումից հետո Եվրոպան գազի գնի թանկացում չի սպասում:

Գարնան վերջին գազի միջին գինը Եվրոպայում ռեկորդային ցածր էր: Դրան, տաք ձմեռվանից բացի, նպաստել էր այն, որ եվրոպական երկրները ձմռան շեմին ու ընթացքում ռուսական գազ գնել ու պահուստավորել էին ռեկորդային ծավալներով: «Գազպրոմի» տվյալներով՝ եվրոպական գնումները 2019թ. նախորդ տարվանից 4.5 տոկոս պակաս ծավալ կկազմեն (192 մլրդ խորանարդ մետր պակաս): Այս ընկերության ղեկավարությունը մատակարարման կրճատմանը զուգահեռ՝ «համակերպվել» է նաև գնի նվազման հետ: Խոսքը 13 տոկոսանոց գնանկման մասին է:

2018թ. գարնան սկզբին գազի միջին գինը Եվրոպայում կազմում էր 204 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց: Գարնան վերջում գինը նվազել էր` միջինը 194 դոլար (հիշենք, որ 2018-ին «Գազպրոմը» Հայաստան գազ մատակարարում էր 1000 խմ-ի դիմաց՝ 150 դոլարով, որ 2019թ. հունվարի 1-ից 165 դոլար դարձավ): Գազի գների մասին տեղեկատվություն ամենաշատը հանդիպում է ուկրաինական լրատվամիջոցներում: Եվ դա բնական է:

Եվրոպայում գազի ամենաբարձր գինն այս երկրում է: Ուկրաինան մի կողմից՝ իր տարածքով տրանզիտ փոխանցում է ռուսական գազը դեպի Եվրոպա, սակայն գազ գնում է Եվրոպայից, այսպես կոչված, «ռևերսի» տեսքով: Քաղաքական պատճառների հետևանքով Ուկրաինայում գազի 1000 խմ-ի արժեքը 291 դոլար էր:

Հիմա բոլորը երջանկացած նշում են, որ գների նվազումից հետո հնարավոր կդառնա սակագինն իջեցնել 22.7 դոլարի: Եթե, իհարկե, ռուս-ուկրաինական բանակցություններն ինչ-որ հանգրվանի հանգեն: Այս տարեվերջին լրանում է երկու երկրների միջև կնքված պայմանագիրը ռուսական գազի տրանզիտի մասին: Ռուսական կողմն ամեն ինչ անում է «Հյուսիսային հոսք 2» գազատարը հնարավորինս արագ կառուցելու համար, որը հնարավորություն կտա Գերմանիա և հարևան երկրներ գազամատակարարում իրականացնել՝ չօգտվելով ուկրաինական խողովակաշարից: Բայց սրանք քաղաքական շահեր են, որոնց խաղարկումից տուժում են երկու երկրները: Փոխարենը՝ շահում են ռուսական «Գազպրոմն» ու ուկրաինական «Նավթագազը»:

Ուկրաինական մամուլի հրապարակումների համաձայն՝ 2018թ. իրենց խոշորագույն այս ընկերությունը պետբյուջե համարյա ոչինչ չի փոխանցել: Սա՝ այն դեպքում, երբ ռուսական կողմը վերջին տարիներին հայտարարում է, որ տարեկան 2-3 մլրդ դոլար է վճարում տրանզիտի դիմաց: Ընդունեք, որ իր անհասկանալիությամբ այս դեպքը համարյա մեր օրինակն է հիշեցնում: Հատկապես, որ 2020թ. հունվարի 1-ից գազի մատակարարման գնի հնարավորության մասին սովորականից ավելի շատ է գրվում: Միակ ստույգ տեղեկատվությունն այն է, որ «Գազպրոմ Արմենիան» խոստացել է 2019թ. չդիմել սակագնի վերանայման հայցով:

Շատ փորձագետներ կարծում են, որ ռուսական կողմը պատրաստ չէ նվազեցնելու մատակարարվող գազի գինը: Հատկապես նշվում է այն փաստը, որ տարածաշրջանում հայկական գներն ամենացածրն են: Ադրբեջանական գազը Վրաստանը, օրինակ, ստանում է 200-220 դոլարով: Թուրքիան Ռուսաստանից ու Իրանից գազ ստանում է 300 և ավելի մեծ արժեքով: Բոլոր դեպքերում գազի ներքին սակագնի չբարձրացումն ու 2018/19թթ. տաք ձմեռը խնայեց մեզ:

«Կփոխվի՞ արդյոք գազի գինը» հարցի պատասխանը կունենաք ՌԴ նախագահի այցի օրը: Հավանաբար: Եվ հուսանք, որ եկող ձմեռն էլ բարենպաստ կլինի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ