«Փաստ»-ը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշման կապակցությամբ, երբ վերջինս մերժել էր Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու և անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։Օրերս հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին: Այս փաստը շատերի մոտ տարակարծությունների տեղիք տվեց:
Դատավորի որդին՝ Դավիթ Արղամանյանը, փաստաբան է, «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն, նաև ակտիվ «իմքայլական»:
Բացի դա, դատավոր Արղամանյանը դատավորների գնահատման սանդղակում բավականին ցածր վարկանիշ ունի: Երեկ օրվա ընթացքում շատերի մոտ հարցեր էին առաջացել՝ որքանո՞վ անաչառ կարող է լինել դատավորը, ինչպես նաև արդյոք պատահականությո՞ւն է, որ հենց նա է քննելու ՀՀ երկրորդ նախագահի գործը: Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ այս կամ այն գործը քննող դատավորին ընտրում է համակարգիչը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ չի հավատում դատավորների ընտրության այս՝ համակարգչային տարբերակին: «Բնականաբար օրենքով սահմանված է այնպես, որ ամեն ինչ պետք է լինի պատահական, բայց այդ համակարգչային մակագրման ներդրումից ի վեր ես այդ համակարգի նկատմամբ որևէ վստահություն չունեմ: Կա գործերի մի շերտ, որոնց հետ կապված առկա է որոշակի հետաքրքրություն: Դա վերաբերում է և՛ քրեական, և՛ քաղաքացիական գործերին, որոնց պարագայում այդ համակարգիչն ի ցույց է դնում արհեստական ինտելեկտին բնորոշ պահվածք, այսինքն՝ աշխարհում առաջին անգամ Հայաստանում է, որ արհեստական ինտելեկտը խելոք է: Ես բացարձակ չեմ վստահում այդ համակարգին: Այդ համակարգը գտնվում է հասարակական վերահսկողության ներքո, այդ համակարգը գտնվում է բարձրագույն դատական խորհրդի և դատական դեպարտամենտի կատարյալ վերահսկողության ներքո: Դա եղել է նախկինում, դա շարունակվում է այսօր»,-ասում է Վարոսյանը:
Վերջին օրերին մի քանի քրեական տարբեր գործերի շրջանակում հնչում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, երբ վերջիններս անգամ ներգրավված չեն ո՛չ որպես վկա, ո՛չ որպես մեղադրյալ: Փաստաբանից հետաքրքրվում ենք՝ ինչո՞ւ են պատկան մարմինները միանգամից շրջանառում այս անունները և քրեական գործերը, ի՞նչ խնդիր են փորձում լուծել:
«Ես մի քանի անգամ ասել եմ, շարունակում եմ այդ մտավախությունն ունենալ, որ չկա հասարակությանը ներկայացնելու թե՛ կոնկրետ ձեռքբերումներ, ծրագիր, ժամկետներ, թե՛ ժամկետ՝ ծրագրով նախատեսված այս կամ այն խնդիրները երբ են կյանքի կոչվելու:Այդ ամեն ինչի բացակայությունը ստիպում է հասարակությանը պարբերաբար կերակրել քրեական գործերով: Ինձ մոտ տպավորություն է, որ ներկայիս իշխանությունները «երկնքից քրեական գործ»-ից բացի այլ հերոսի անուն չգիտեն ուղղակի: Մենք անընդհատ գտնվելու ենք քրեական գործ-ձերբակալություն-կալանավորում տեղատարափի մեջ: Ո՞ւր է դա մեզ տանելու, խիստ կասկածելի է»,-նշում է մեր զրուցակիցը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը