24 09 2019

Միակ ճանապարհը՝ անօրինական կուլակաթափություն․ «Հրապարակ»

Միակ ճանապարհը՝ անօրինական կուլակաթափություն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ցավալի է, երբ հեղափոխությունից մեկուկես տարի անց եւս նոր իշխանությունների միակ թշնամին նախկիններն են, միակ գործիքակազմը՝ հանրահավաքները, միակ զենքը՝ Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթները։ Բայց հասարակությունը ո՛չ հանրահավաքներ է ուզում, ո՛չ պոեզիայի բարձրակարգ գործերի արտասանություն, ո՛չ հաթաթաներ ու պատին խոսքով ծեփելու շոուներ։ Մարդիկ հոգնել են տեսարաններից։ Եվ եթե անգամ ոմանք ակնկալում են, որ բռնել-դատելու պրոցեսը պետք է շարունակություն ունենա, եւ ՀՀ վարչապետը պետք է «գլխից բռնի», ապա միայն նրա համար, որ ՀՀ  բյուջեն լրացուցիչ մուտքեր ունենա, եւ իրենց՝ շարքային քաղաքացիների կյանքը բարելավվի։ Սակայն փաստ է, որ բռնել-բաց թողնելու ակցիաներից մեր բյուջեն ոչինչ չի շահում, համենայնդեպս՝ նախկին հանցագործ ռեժիմից գանձված միլիարդների մուտքերի մասին տեղեկատվություն մինչ օրս չկա, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվել եւ անգամ մի փոքր զիջում է Սերժ Սարգսյանի ժամանակներին։

Հարուցված գործերով էլ առաջընթաց չկա։ Իսկ երեկ տեղեկատվություն հրապարակվեց, որ ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ նրա փեսայի նկատմամբ հարուցված քրեական գործ չկա։ Իսկ ինչ վերաբերում է նախկիններին 1998 թվականի ունեցվածքի սահմանագծին «վերադարձնելու» խոստումներին, ապա պարզ չէ, թե դա ինչ եղանակով է արվելու, եթե չկան հարուցված քրեական գործեր, եւ անգամ Վովա Գասպարյանի նկատմամբ հարուցված քրգործը վերաբերում է ռազմական ոստիկանության երկու ծառայողների՝ իրենց պարտականություններից դուրս այլ աշխատանքի ուղարկելու անհասկանալի մեղադրանքին։ Մնում է եզրակացնել, որ նոր իշխանություններն «ուզում են, բայց չեն կարողանում», եւ նրանց մնում է մի ճանապարհ՝ անօրինական եղանակով «կուլակաթափ» անելը, որը բնորոշ է բոլոր հեղափոխություններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ