14 09 2019

Օրենսդրական վտանգները և խայտառակ օրինագծերը․ «Հրապարակ»

Օրենսդրական վտանգները և խայտառակ օրինագծերը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Թվում էր՝ օրենսդիր մարմնում գործունեություն ծավալելն ամենաանշառ բանն է։ Նախ, որովհետեւ պատգամավորը կարող է ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չգալ, որեւէ ելույթ չունենալ եւ 5 տարի գլորել՝ օգտվելով մանդատի բերած «հաճույքներից»։ Մյուս կողմից՝ տգետ ու անպատրաստ պատգամավորի բերած վնասն էլ անհամեմատելի է գործադիրում պաշտոն զբաղեցնողի կողմից իրականացված հնարավոր ավերների հետ, ի վերջո՝ կոլեկտիվ որոշումների մարմին է ԱԺ-ն։

Բայց վերջին շրջանի զարգացումներն այլ բանի մասին են խոսում։ Եթե ԱԺ-ն ընդունի, եւ կյանքի կոչվեն այն բոլոր օրենսդրական նախագծերը, որոնց մասին խոսում են իշխանությունները, մենք 1-2 տարի հետո կհասկանանք, թե ինչ է նշանակում ոչ պրոֆեսիոնալ եւ վնասարար խորհրդարան։ Մեկը, անշուշտ, անշարժ գույքի գույքահարկի հետ կապված օրինագիծն է, որով կարող են անշարժ գույքի շուկան փլուզել եւ երկրում սոցիալական անդունդը մեծացնել՝ պարտադրելով փոքր եկամուտ ունեցողներին վաճառել իրենց բնակարանները, հրաժարվել բարեկեցիկ տներից, քանի որ գույքահարկ վճարելը կդառնա նրանց ուսերին մեծ բեռ։

Մյուսը բանկային գաղտնիքի մասին օրենքի նկատմամբ ոտնձգություններն են, որի արդյունքում մարդիկ կարող են ուղղակի չվստահել հայկական բանկերին եւ իրենց կապիտալը երկրից դուրս բերել կամ «պահել դոշակների տակ»։ Եվ կարեւորն այն չէ, որ օրենքի փոփոխությունը քչերի վրա է տարածվելու, կարեւորն օրենքի հանրային ընկալումն է։ Մյուս խայտառակ օրենքը, որը դեռեւս նախագիծ է, Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքն է, որի արձագանքները, կարծում ենք, շուտով կլսենք Վենետիկի հանձնաժողովից եւ միջազգային կառույցներից, որոնք կարձանագրեն, որ ՀՀ իշխանությունները դատական ատյանն ուզուրպացնելու փորձեր են անում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ