«Հրապարակ»-ը գրում է․ «Մեկ տարվա ընթացքում հասարակությունը հույս ուներ, որ հեղափոխության օրերի թոհուբոհը կմարի, կյանքը կմտնի հանդարտ հուն, եւ մարդիկ կսկսեն ստեղծագործ աշխատանքով զբաղվել ու նորոգել երկիրը, որը հիմնովին ավերել էին ՀՀԿ-ական իշխանությունները։ Մի քանի ամսվա ընթացքը՝ ցույցեր-երթեր-վանկարկումներ-ուլտիմատումներ-իշխանափոխություն-ընտրություններ, ի վերջո կավարտվի, եւ երկիրը կսկսի ապրել բնականոն կյանքով։
Ցավոք, այսօր՝ 2018-ի ապրիլյան դեպքերից մեկուկես տարի անց, ստիպված ենք արձանագրել, որ այդ փուլը ոչ մի կերպ չի գալիս, եւ թոհուբոհը, աղմուկը, ցնցումները շարունակվում են։ Ճիշտ է՝ այսօր հարյուր հազարավոր մարդիկ չկան փողոցներում, բայց մարդիկ իրենց տներում եւ աշխատավայրերում խաղաղ չեն, եւ նրանց հոգում անդորր չի հաստատվել։ Մարդկանց մի խումբ այսօր էլ Ամուլսարի մոտ` սարերում է գիշերում, եւ այդ խնդիրը մեկ սանտիմետր անգամ չի շարժվել դեպի ցանկալի լուծում։ Մարդկանց մեկ այլ խումբ դատարանի մոտ է, սակայն Մարտի 1-ի գործի քննությունը տեղում դոփում է, եւ ամենակարեւորը՝ զոհերի սպանությունների բացահայտման ուղղությամբ գեթ մեկ սանտիմետր առաջ չենք շարժվել։
Ոչ մի առաջընթաց չկա նաեւ Արցախի հարցի կարգավորման գործընթացում, ավելին՝ բանակցությունները չեն էլ վերսկսվել։ Անգամ կառավարության կառուցվածքային փոփոխությունները, որոնք ձեռնարկեց նոր իշխանությունը հեղափոխությունից անմիջապես հետո, կանգ են առել եւ առաջ չեն գնում։ Նոր ծրագրեր, նոր ներդրումներ նույնպես երկրում չկան՝ գոնե շարքային քաղաքացուն տեսանելի չեն։ Արտաքին հարաբերությունների ասպարեզում էլ է ժամանակը կարծես կանգ առել։ Իսկ կենսապահովման հարցերում ուղղակի աղետալի վիճակ է՝ աղբահանություն, գազի գնի բարձրացման սպասումներ, տրանսպորտի չլուծված հարց եւ այլն»։
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը