05 09 2019

Կառավարությունը բյուջեի հաշվին փորձում է փրկել իր հեղինակությունը․ 168.am

Կառավարությունը բյուջեի հաշվին փորձում է փրկել իր հեղինակությունը․ 168.am

168.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի խոստացած էժանացումներն իշխանափոխությունից հետո հասարակությունն այդպես էլ չտեսավ: Փոխարենը՝ սպասվում են նոր թանկացումներ, որոնց առաջիկայում կբախվեն սպառողները:

Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում ապրանքների գները բարձր են, որովհետև չկա մրցակցու­թյունը: Օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ միայն թույլ չեն տա­լիս, որպեսզի գներն իջնեն, այլև չհիմնավորված բարձր գներ են սահ­մանել:

Իշխանափոխությունից հետո մե­նաշնորհները կարծես թե «արմատա­խիլ» արվեցին, հաստատվեցին հա­վասար մրցակցային հարաբերու­թյուններ, ավելացան մասնակիցնե­րը, բայց գներն այդպես էլ չնվազե­ցին: Այսօր էլ դրանք նույնքան բարձր են ու շարունակում են բարձրանալ:

Նոր սակագնային տարվան ընդա­ռաջ՝ աստիճանաբար մեկնարկում են հանրային ծառայությունների սա­կագները վերանայելու գործընթաց­ները: Որպես այդպիսին, առաջնեկը դարձավ «Վեոլիա Ջուրը»: Ընկերու­թյունն արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձ­նաժողովին՝ սակագները ճշգրտելու և հերթական տարվա համար նոր սա­կագներ հաստատելու հայտով: Ջրա­յին համակարգի կառավարման պայ­մանագրով, «Վեոլիա Ջուրն» իրա­վունք ունի ամեն տարի հանդես գալ նման նախաձեռնությամբ, ինչից և օգտվել է:

Այս անգամ ընկերությունն առա­ջարկել է բնակչությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայության գինը սահմանել խորա­նարդի դիմաց 181,8 դրամ: Այն 1,8 դրամով ավելի է սպառողների այս խմբի համար ներկայումս գործող սակագնից:

Ինչպես հայտնի է, այժմ բնակչու­թյունը ջրամատակարարման և ջրա­հեռացման ծառայության յուրաքանչ­յուր խորանարդ մետրի դիմաց վճա­րում է 180 դրամ: Թեև հաստատված սակագինն ավելի բարձր է: Այն կազ­մում է 191,4 դրամ: Տարբերությունը՝ 11,4 դրամը, փոխհատուցում է պե­տությունը:

Այդպես էր մինչև իշխանափոխությունը, այդպես է նաև իշխանափոխությունից հետո: Չնայած ժամանա­կին Նիկոլ Փաշինյանը խոսում էր հանրային ծառայությունների ոլոր­տում արհեստական բարձր և չհիմ­նավորված սակագների առկայու­թյան մասին, այնուհանդերձ իշխա­նության գալուց հետո այդ առումով այդպես էլ ոչինչ չփոխվեց: Սա­կագները ոչ միայն չնվազեցին, այլև շարունակում են բարձրանալ:

Ջրամատակարարման ոլորտում դրանք այսօր շատ ավելի բարձր կլի­նեին, եթե կառավարությունը պետա­կան բյուջեի հաշվին լրացուցիչ պարտավորություններ չվերցներ: Դեռևս իշխանափոխությունից շատ չանցած վերանայվեց կառավարման պայմանագիրը, և սակագների բարձ­րացման մի մասն անցած տարվա­նից տեղափոխվեց: Տպավորություն ստեղծվեց, թե հաջողվեց խուսափել թանկացումից: Բայց իրականում այդ գումարը շարունակում է կախված մնալ սակագների վրա:

Սպառողներն այն կվճարեն ավելի ուշ: Արդեն 12 դրամ տեղափոխվել է 2025 թ., որը պիտի ավելանա այդ տարվա համար հաստատվող սակագները:

Պայմանագրի վերաթարմացումը, իհարկե, այդքանով չսահմանափակ­վեց և չէր էլ կարող սահմանափակ­վել: Իշխանափոխությունը նոր էր տեղի ունեցել, ու կառավարությունը, գոնե մոտակա մեկ-երկու տարինե­րին, սակագների կտրուկ բարձրա­ցում թույլ չտալու խնդիր ուներ:

Ուստի որոշվեց սակագների բարձ­րացումը զսպել պետական բյուջեի միջոցների հաշվին:

Առաջիկա երկու տարիների բազի­սային սակագները չբարձրացնելու դիմաց կառավարությունը ջրամատակարար ընկերության փոխարեն կիրականացնի նրա ստանձնած ներդրումային ծրագրերի մի մասը: Այդ նպատակով բյուջեն արդեն բա­վական մեծ գումարներ վճարել է: Գումարներ, որոնք կարող էին ուղղ­վել բազմաթիվ այլ ծրագրերի ֆի­նանսավորմանը: Բայց կառավարու­թյունը նախընտրել է գնալ այս ճա­նապարհով՝ պետական բյուջեի հաշ­վին փորձելով փրկել սեփական հե­ղինակությունը:

Թերևս, դրա արդյունքում է, որ ըն­կերության հաջորդ տարվա սա­կագնային հայտն այդքան համեստ է ստացվել»,-գրում է թերթը:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ