23 08 2019

Երբ կառավարությունը պատրաստ չէ պատասխանատու որոշում կայացնել․ 168.am

Երբ կառավարությունը պատրաստ չէ պատասխանատու որոշում կայացնել․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի խոսքն այլևս չունի այն ազդեցությունը, ինչ ուներ երեկ, մյուս օրը կամ մեկ ամիս առաջ։ Վարչապետն օր ու գիշեր ֆեյսբուքյան գրառումներ է անում իր կառավարության արձանագրած աննախադեպ հաջողությունների վերաբերյալ` փորձելով հասարակության ուշադրությունը շեղել Ամուլսարից, բայց ոչինչ չի ստացվում։

Լարվածությունը ոչ միայն չի հանդարտվում, այլև երկփեղկել է հասարակությանը, ինչո՞ւ չէ, նաև իշխանությանը։ Հասարակությունը բաժանվել է երկու բևեռների, իսկ կառավարությունը չի համարձակվում վերջնական որոշում կայացնել։

Ամուլսարի շուրջ առաջացած լարվածությունը հասել է գագաթնակետին և առայժմ հանգուցալուծման նշաններ ցույց չի տալիս։ Կառավարությունը նախընտրել է գնալ ժամանակ ձգելու ճանապարհով և որոշել է ևս մեկ անգամ ուսումնասիրել, կա՞ն արդյոք պատճառներ շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում իրականացնելու համար։

«Կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ. Պարզել՝ արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,- հերթական խորհրդակցությունից հետո շտապեց հասարակությանը հանգստացնել վարչապետը։

Ու որպեսզի տպավորություն չստեղծվեր, թե կառավարությունը վախեցել է հասարակության արձագանքներից` շուտով վարչապետի ֆեյսբուքյան էջում ևս մեկ գրառում հայտնվեց.

«Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն: Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը և բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրվում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ: Ինչո՞ւ եմ այս հարցը տվել, որովհետև օգոստոսի 19-ի ուղիղ եթերում ասել էի, որ այս հարցով իմ համոզվածությունը 99.9 տոկոս է, ոչ 100 տոկոս՝ նույն օրն առավոտյան տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներով:

Բոլոր ներկաները, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, ինչպես օգոստոսի 19-ի խորհրդակցության ժամանակ՝ տվեցին բացասական պատասխան: Արդեն պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչն ասաց, որ, այնուամենայնիվ, կարծում է, որ հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո:

Դրանից հետո աշխատակազմին հանձնարարեցի «Էլարդի» եզրակացությունն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան հանձնարարականով»:

Թե սա ի՞նչ է տալու վարչապետին, հայտնի չէ։ Մեկ տարի շարունակ մարդկանց կերակրել են դատարկ խոստումներով, և հիմա, երբ եկել է համարձակ քայլերի դիմելու, պատասխանատվություն վերցնելու և որոշում կայացնելու պահը, կառավարությունը հայտնվել է ամուլ վիճակում։ Մի կողմից՝ հակված է վերացնել հանքի մեկամյա շրջափակումը և պայմաններ ստեղծել դրա շահագործման համար, մյուս կողմից` չի ցանկանում կորցնել հասարակության վստահությունը։ Ու չնայած օրենսդրորեն խնդիրը կարծես կարգավորված է, հասարակությունը չի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ հանքը պետք է շահագործվի։ Իսկ դրա մեղավորը նրանք են, ովքեր ժամանակին իրենց չպատճառաբանված քայլերով գործընթացները հասցրեցին այս վիճակին։

Նախկիններին մեղադրելով աշխարհի բոլոր մեղքերի մեջ` հիմա ստիպված են անել այն, ինչ անում էին նրանք։ Բայց դա այլևս հեշտ չէ։ Ամուլսարը դարձել է լուրջ փորձաքար կառավարության համար։ Այն ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական խնդիր է։ Ու ինչքան էլ թվում է, թե օրենսդրությունը տալիս է բոլոր հնարավորությունները` ժամանակին կասեցնելու այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հանքի շահագործման ընթացքում, հասարակությունը պատրաստ չէ ընդունել կառավարության մեկնած ձեռքը։

Բերենք մի հատված Արդարադատության նախարարի ֆեյսբուքյան գրառումից՝ «Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Այսպես, եթե ընդերքօգտագործողի կողմից խախտումներ են գրանցվել, տեսչական մարմինն իրավասու է պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին՝ 90 օրվա ընթացքում շտկելու խնդիրը, հակառակ դեպքում ընկերության ընդերքօգտագործման թույլտվությունը կարող է դադարեցվել»։

Այլ կերպ ասած, օրենքը տվել է ընդերք շահագործողի կողմից թույլ տրվող խախտումների դեպքում հարցերի լուծման բանալին։ Ուրիշ բան, որ այդ հնարավորությունը մինչև հիմա չի կիրառվել։ Բազմաթիվ դեպքերում խախտում թույլ տված ընդերքօգտագործողները պատասխան չեն տվել իրենց արարքների համար և անպատիժ շարունակել են ընդերքի շահագործումը` առանց մտածելու հնարավոր բնապահպանական հետևանքների մասին։ Դա բերել է նրան, որ հասարակությունը կորցրել է վստահությունը։ Մարդիկ չեն ուզում հավատալ, որ այսուհետ այլ կերպ է լինելու։

Ի դեպ, նույն օրենսգրքով նախատեսվել են նաև բնապահպանական խնդիրների լուծման ընթացակարգերը։ Ամրագրվել է, որ օգտակար հանածո արդյունահանողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ: Դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանում է կառավարությունը:

Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու ընդերքօգտագործողի պարտականությունը ներառվում է ընդերքօգտագործման պայմանագրում: Դրամագլխի գումարները պահվում են կենտրոնական գանձապետարանում բացված լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում և բացառապես օգտագործվում են` ընդերքօգտագործողի կողմից իրականացվող՝ նախագծով ստանձնված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման, ընդերքօգտագործողի կողմից նախագծով ստանձնված, բայց իր կողմից չիրականացված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման և ընդերքօգտագործողի գործունեության հետևանքով բնությանը և շրջակա միջավայրին հասցված և նրա կողմից չհատուցված վնասների վերականգնման նպատակով:

Այսքանից հետո կարծես հարցեր չպիտի լինեին։ Բայց այդպես չէ։ Հասարակությունը մտահոգ է, իսկ կառավարությունը պատրաստ չէ փարատել այդ մտահոգությունները և պատասխանատու որոշում կայացնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ