21 08 2019

Նախարարը թաքցրե՞լ է անշարժ գույքը և դրանից ստացվող կողմնակի եկամուտը․ 168.am

Նախարարը թաքցրե՞լ է անշարժ գույքը և դրանից ստացվող կողմնակի եկամուտը․ 168.am

168.am-ը գրում է․ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Շրջակա միջավարի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ 2019 թվականի մայիսի 31-ի դրությամբ հայտարարագրերի ռեեստր է ներկայացրել իր գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը: Դատելով մեկ տարվա ընթացքում երկու անգամ ներկայացված հայտարարագրումներից՝ պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատությամբ նախարարի ունեցվածքում էական փոփոխություն է նկատվում, պակասել է երկու ավտոմեքենա, փոխարենը՝ ավելացել է երկու անշարժ գույք:

Նշենք, որ իբրև անշարժ գույք նախարար Գրիգորյանը դեռ 2018թ. հունիսի 9-ին հայտարարագրել էր բնակարան՝ բազմաբնակելի շենքում և երկու շարժական գույք` «OPEL VECTRA A 1.6 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների ավտոմեքենաներ, երկուսն էլ՝ մարդատար: Այս տարի նախարարը չունի ավտոմեքենա, փոխարենը՝ հայտարարագրել է 30 մլն 508 հազար դրամ արժողությամբ նույն միակ բնակարանը և մի ավտոտնակ, որը ձեռք է բերել 3.5 միլիոն դրամով:

Ավելին՝ նախարարի ունեցվածքում ևս մեկ միավոր է ավելացել՝ անշարժ գույք, ինչը, սակայն, ներկայացված չէ ո՛չ իր, և ո՛չ էլ կնոջ հայտարարագրում:

168.am-ին հայտնի է դարձել, որ նախարարի նոր ձեռք բերած գույքը գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանում:

Գրիգորյանին է պատկանում Ծարավ աղբյուր թաղամասի նորակառույց բազմաբնակարան 55/26 շենքի առաջին հարկի բազմաֆունկցիոնալ տարածքը՝ ավելի քան 70 քմ մակերեսով, որը վարձակալությամբ տրվել է մի ձեռներեցի: Ի դեպ, նույն շենքում է բնակվում նախարարը, ձեռք բերած ավտոտնակը նույնպես գտնվում է կից տարածքում:

Փաստորեն, նախարարը ոչ միայն անշարժ գույք, այլև կողմնակի եկամուտներ է թաքցրել հայտարարագրման ժամանակ, չնայած ինքն այս ամենին բոլորովին այլ մեկնաբանություն ունի:

Ինչո՞ւ այս գույքը չի հայտարարագրել նախարարը, ինչո՞ւ է թաքցրել անշարժ գույքն ու  դրանից ստացվող կողմնակի եկամուտները՝ այս հարցերով դիմեցինք նախարարության լրատվական ծառայություն:

Մեզ փոխանցեցին, որ նախարարը գտնվում է Կորեայում, իսկ ավելի ուշ նրա փոխանցած բացատրությունը 168.am-ին հետևյալն էր. «Տարածքն այս տարի է տրվել վարձով, այնտեղ վերանորոգման աշխատանքներ են տարվում, 2019 թվականի հայտարարագիրը 2020-ին կտեսեք, իսկ այն տարածքը, ինչի մասին խոսվում է, 2018-ի հայտարարագրի ժամանակ վարձով տրված չի եղել»:

Նկատենք՝ վերջին հայտարարագիրը, որում առնվազն պիտի ներկայացված լիներ նոր ձեռք բերված անշարժ գույքը՝ վարսահարդարման սրահը, բայց չկա, իրականում նախարարը 2019թ. մայիսի 31-ին է էթիկայի հանձնաժողով ներկայացրել: Իսկ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրով կառուցված թաղամասի 55/26 նորակառույց շենքը, հիշեցնենք, շահագործման է հանձնվել 2018-ի գարնանը:

Սա նշանակում է, որ ճիշտ մեկ տարի առաջ, կամ նույնիսկ շատ ավելի վաղ՝ վիճակահանությամբ հայտնի էր դարձել, որ Էրիկ Գրիգորյանն այդ շենքում ոչ միայն բնակարան, այլև ավտոտնակ ու բազմաֆունկցիոնալ տարածք կունենա: Մյուս վարկածը, թե նա այդ տարածքը ձեռք է բերել հետագայում, համենայնդեպս չհնչեց 168.am-ին տված պարզաբանման մեջ:

Նշենք՝ նախարարի և կնոջ դրամային կարողությունները, ըստ հայտարարագրերի՝ հետևյալ պատկերն ունեն:

2018թ. մայիսի 12-ից նախարար նշանակված Էրիկ Գրիգորյանը հայտարարագրել է 896 շվեյցարական ֆրանկ, 2 մլն դրամ, 6400 դոլար և 3200 եվրո։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 11 մլն 346 հազար դրամ։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բնապահպանության նախարարն ունեցել է 50.000 ՀՀ դրամի բաժնետոմս, ինչը նվազել է հասնելով՝ 23.000-ի:

Էրիկ Գրիգորյանն Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ 8 մլն 796 հազար դրամ է ներկայացրել:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 4 տարբեր չափերի փոխառություններ՝ 40 հազար դոլարի չափով, 30 հազար դոլարի չափով, 25 հազար 845 եվրոյի և 762 հազար դրամի չափով:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գրիգորյանի ունեցած դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ, 3000 դոլար և 896 շվեյցարական ֆրանկ:

Նախարարի կնոջ՝ Նանե Շահնազարյանի հայտարարագրում նշված է, որ նա ունի 300 ԱՄՆ դոլար, 1 մլն 800 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմում է 2 մլն 621 հազար դրամ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ