«Հրապարակ»-ի հարցազրույցը արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ
- Կառավարությունը մշակել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունն արդարացնելը կամ քարոզելը պատժելու նախագիծ։ Հիմնավորումների մեջ հղում է արվում մի շարք կոնվենցիաների եւ դիրեկտիվների։ ՀՀԿ-ն քարոզարշավի ժամանակ ահազանգում էր Հայաստանում ատելության խոսքի առկայության մասին։ Ձեր կարծիքով, այս նախագիծն արդարացվա՞ծ է, եւ արդյոք սա ա՞յն է, ինչ ակնկալում էիք այս իշխանություններից։
- Իրավացի եք՝ բազմաթիվ անգամ խոսել ենք ատելության խոսքի, դրա կանխարգելման եւ դրա պատժման անխուսափելիության մասին, բայց ամբողջ խնդիրն այն է, որ պետք է հասկանալ, թե նախագիծը կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում։ Նախ սկսենք նրանից, որ ատելության խոսքի հասկացությունը միջազգային փաստաթղթերում սահմանված չէ։
Բացի այդ, ատելության խոսքի շրջանակներն ու սահմանները տարբեր կոնտեքստներում տարբեր կերպ կարող են ընկալվել։ Ես ողջունում եմ իշխանությունների, այսպես ասենք, հանձնառությունը՝ սկսել պայքարել մի բանի դեմ, որի հիմնական նախաձեռնողն իրենք են եղել, քանի որ, ըստ էության, սա նախագիծ է՝ ուղղված այն երեւույթի հետեւանքների մասնակի վերացմանը, որն իրենք՝ որպես քաղաքական ուժ, ստեղծել են եւ շարունակում են այդ պատասխանատվության կրողը հանդիսանալ։
Ինչ վերաբերում է նախագծի իրավական կողմին, ապա կասեմ հետեւյալը. բանն այն է, որ նախագծի հիմնավորումներում հղումը կատարվում է այնպիսի միջազգային կառույցների եւ փաստաթղթերի, որտեղ հստակ ուրվագծված են ատելության խոսքի սահմաններ եւ շրջանակներ։ Խոսքը Ռասիզմի կամ այլատյացության միջազգային մարմնի՝ կոմիտեի երաշխավորությունների, ԵԽԽՎ հանձնարարականների մասին է, որոնցում խոսքը ոչ թե առհասարակ անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող բռնության կոչի պատժման մասին է, այլ այն, որ դրան վերաբերելի որոշակի չափանիշներ պետք է առկա լինեն։ Օրինակ՝ նախագծի հիմնավորումներում աչքովս ընկան բերված օրինակներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Բուլղարիայինը։ Բուլղարիայի Քրեական օրենսգրքում, օրինակ, արարքը համարվում է պատժելի, եթե դա պայմանավորված է անձի ազգությամբ, ռասայով եւ այլ չափանիշներով։
Այսինքն՝ դրված են չափանիշներ, թե ինչի հետ կապված է այդ սպառնալիքն ուղղվում։ Սա շեշտում եւ սրա կարեւորությունն ընդգծում եմ, որովհետեւ հակառակ պարագայում կարելի է բախվել մի իրավիճակի, երբ ցանկացած խոսք վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է դիտարկվել ծայրահեղացված։ Ի դեպ, այդ մարմինների պրոֆեսիոնալիզմն էլ վերջին 1-1․5 տարվա ընթացքում, մեղմ ասած, կասկածներ է հարուցում խոսքի ազատության առումով վտանգների վերաբերյալ։ Օրինակ՝ եթե համացանցում ինչ-որ ակցիաներ իրականացվեն, կամ այլ պարագայում համացանցում անցանկալի մարդկանց որեւէ գրառում դիտարկվի որպես բռնություն դիտարկելու հակվածություն։
- Այսինքն՝ կարող է շատ լայն եւ նաեւ սելեկտի՞վ մեկնաբանվի։
- Այո։ Եվ սա է իմ հիմնական մտահոգությունը, եւ իրականում ոչ միայն դեմ չեմ, այլեւ ողջունում եմ այդ հարցին անդրադառնալը։ Նաեւ՝ այդ գաղափարի հետ կապված հանձնառությունը։ Բայց նման չափազանց լայն շրջանակ նախատեսելը, միջազգային փորձը ոչ խորությամբ ուսումնասիրելը եւ հղվող փաստաթղթերում նախատեսված հիմքերի վերաբերելի հատվածներին ուշադրություն չդարձնելը կարող են ստեղծել մի վիճակ, երբ դա կարող է հանգեցնել խոսքի ազատության սահմանափակմանը։ Ուստի, կարծում եմ՝ նախագծի վրա դեռ պետք է աշխատել, եւ հեղինակները պետք է բացատրեն, թե Քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկապես որ մասն են իրենք ուզում խստացնել։
- Այս նախագծի հայտնվելու փաստում տեսնո՞ւմ եք քաղաքական տողատակ, այսինքն՝ որ այն դառնա Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելիս բողոքող-հայհոյող-սպառնացող անձանց չեզոքացնելու միջոց։
- Քանի դեռ նախագծի հիմնավորումներում չեմ տեսել նպատակադրումը, ես տեսել եմ ընդամենը ընդհանուր բնույթի ձեւակերպում, չեմ ուզում այդ հարցը կապել այս կամ այն կոնվենցիային կամ դրա վավերացման-չվավերացման հետ։ Բայց նման լայն հասկացությունը սահմանելու պայմաններում Ձեր մատնանշած խնդրի եւ այլ դեպքերում, այո, կարող է հենց այդպես էլ մեկնաբանվել եւ կարող է հիմք ստեղծել, որ ցանկացած անձի կարծիք մեկնաբանվի որպես առողջությանն ուղղված բռնության կոչ։ Նորից եմ կրկնում՝ միջազգային փաստաթղթերը պահանջում են որոշակի չափանիշների առկայություն։
- «Ձեր նմանների վրա պետք է բենզին լցնել, վառել» եւ այլն․ նման արտահայտությունները կքրեականացվե՞ն։
- Տեսեք․ Դուք կարող եք բազմաթիվ օրինակներ բերել, ես էլ կարող եմ շարունակել վարչապետի տերմինաբանությամբ՝ «ասֆալտին փռեմ», «պատերին ծեփեմ», եւ անհրաժեշտ մեկնաբանության դեպքում կարող է ցանկացած բան դիտարկվել՝ թե՛ Ձեր, թե՛ իմ ասածը, որպես բռնության կոչ։ Հետեւաբար, նախարարությունն այն պետք է լրամշակի ու կոնկրետ չափանիշներն ու հիմքերը սահմանի։ Եվ եթե դա արվի, ապա այս նախագծին որեւէ մեկը դեմ չի կարող լինել։
- Եթե գաղափարն օրենքի ուժ ստանա, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ վարույթ իրականացնող մարմինները նաեւ պետք է «բնակվեն» Ֆեյսբուքում եւ ուսումնասիրեն։ Թե՞ պետք է լինեն հանցագործության մասին հաղորդումներ։
- Դա չի նշանակում, որ իրենց նախաձեռնությամբ իրենք բանուգործը թողած՝ պետք է նստեն, ֆեյսբուքյան ռեալ կամ «ֆեյք» օգտատերերի կամ տրոլլերի քոմենթներ եւ գործեր հարուցեն։ Այսինքն՝ այս օրենքով քրեական գործի հարուցման ընթացակարգի առումով ոչ մի նորություն չի լինելու, եթե ինչ-որ այլ փոփոխություն չլինի։ Լինելու է սովորական քրեական գործի պես։ Այսինքն՝ իրենք իրենց լիազորությունների շրջանակներում կհայտնաբերեն հանցագործության հատկանիշները, կամ էլ կլինի հանցագործության մասին հաղորդում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը