168.am-ը գրում է․ «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը դեռ նոր-նոր պետք է սկսի իր գործառույթների կատարումը, սակայն ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին ամիսներ առաջ արդեն իսկ ինչ-որ մարդիկ սկսել են հարցաքննել, և հայտնի չէ՝ ովքե՞ր են նրանք, ո՞ւմ հրահանգով են գործել, ի՞նչ նպատակով և հարուցված ո՞ր քրեական գործի շրջանակներում:
Հարցաքննություն իրականացնող անձինք ներկայացել են՝ իբրև Քննչական մարմնից, սկզբում զանգերով են հարց ու փորձ արել, ապա այցելել են նրանց տներ ու կենդանի շփումներ ունեցել: Նշենք, որ խորհրդավոր քննչական խմբի անդամները տնայցի ժամանակ որևէ փաստաթուղթ ցույց չեն տվել, ներկայացել են բանավոր՝ չհստակեցնելով նաև, թե ում հրահանգով և վերաբացված կամ նոր հարուցված ո՞ր գործի շրջանակներում են հարցաքննությունն իրականացնում:
Նախկին զինծառայողների ընտանիքի անդամներից մեզ պատմեցին, որ «դավթարով» տուն եկած երկու տղամարդ հերոս տղաներին ստիպել են պատմել, վերհիշել ապրիլյան պատերազմի օրերին տեսածն ու ընկալածը՝ դրվագ առ դրվագ: Նրանցից մեկին հետաքրքրել է անգամ հերոսներից մեկի վիրավորում ստացած մարմինը, բացել և զննել են սպիները, բժշկական փաստաթղթերը՝ նույնպես, հետո անցել են այդ օրերին կիրառված զենքերի մասին հարցադրումներին:
168.am-ի հետ զրույցում պատերազմական գործողությունների մասնակից հերոսներից մեկը տարակուսած էր, որ զենք չտեսած մարդու են ուղարկել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու՝ հաշվի չառնելով նրա չիմացությունը: Ասում էր՝ զրույցի ընթացքում ամեն զենքի անունը լսելիս՝ պաշտոնյան տեղում միանգամից ինտերնետով որոնում էր տալիս, որ նկարագրվող տեսարանների մասին քիչ թե շատ պատկերացում կազմեր:
«Հերթական դիլետանտ հարցը, որ տվեց, գրադի ականի մասին էր, ճշտում էր՝ ի՞նչ է դրա պայթյունի հետևանքը, պայթյունից ցրիվ եկող բեկորներից հարցրեց, թե՝ բա ո՞ւր են հիմա վիրահատությամբ հեռացրած բեկորները, դրանք զննել ա պետք, որ փորձենք հասկանալ՝ միգուցե մեր «արտիլերիայի՞ց են խփել»,-պատմել է մեր զրուցակիցը:
Մինչդեռ պատերազմի դաշտում օգտագործված զենքի ուսումնասիրությամբ ամենաշատը կարելի է բացահայտել տվյալ զենքի արտադրող երկիրը, բայց ոչ երբեք՝ օգտագործողին:
Գաղտնիք չէ, որ այսօր և՛ Հայաստանում, և՛ Ադբերջանում կիրառվում է միևնույն երկրի արտադրած զենքը, մասնավորապես՝ Ռուսաստանի դաշնության:
Ու որպեսզի չնեղացնի պաշտոնատար անձին, զինհաշմանդամը հումորով է արձագանքել տարօրինակ հարցադրումներին:
«Ասացի՝ ասկոլկայի վրա «մեյդ ին Ադրբեջան» գրված չի լինում, բայց մարմնիս մեջ դեռ մի քանիսը կա, օգնիր հանեմ, կտամ կփորձաքննես»,- պատմել է զինհաշմանդամը:
Բայց այս ամբողջ պատմության զավեշտը միայն դիլետանտ քննիչը չէ: Զարմանքով տեղեկացանք, որ քննող խումբը զինհաշմանդամներից մեկին համոզել և հարցաքննության համար մինչև Արցախ է հասցրել նրան իր մեքենայով:
Չգիտես՝ ում թույլտվությամբ, փորձել են ընդհուպ ադրբեջանական սահմանին մոտենալ՝ պատճառաբանությամբ, թե ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրած սահմանի մոտ ավելի «կվիզուալացնեն» հարցաքննության նյութը:
Տվյալ զորամասի հրամկազմը, իհարկե, միանգամից կանխել է սահմանագծին մոտեցող «ռեալիթի-շոուի սիրահարների» անհասկանալի մղումը՝ բացատրելով նրանց, որ թշնամու դիպուկահարի հսկողության տակ զավթած տարածքներին մոտենալ ուղղակի անհնար կլինի:
Խորհրդավոր քննչական խմբի մասին հետաքրքրվեցինք ՀՀ Գլխավոր դատախազությունից՝ հասկանալու համար, թե ի՞նչ նպատակով են զինծառայողներին քննիչներ հանդիպում, քննչական վարույթ իրականացնող ո՞ր մարմինն է իրականում զբաղվում գործով, արդյո՞ք վերաբացված գործի շրջանակներում է նորից քննություն իրականացվում, թե՞ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, կամ նոր քրեական գործ կա հարուցված՝ ապրիլյան պատերազմի թեմայի շրջանակներում: Պատասխանը բացասական էր բոլոր հարցադրումների դեպքում:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից 168.am–ին հայտնեցին, որ ապրիլյան պատերազմի հարցով հարուցված նոր քրգործ չկա, և հետևաբար՝ հայտնի չէ մատնանշված դեպքի մանրամասները:
Նույն հարցադրումով դիմեցինք նաև Քննչական կոմիտեի լրատվության պատասխանատուին, պատասխանը դարձյալ բացասական էր:
Ինչ խոսք, Գլխավոր դատախազությունը պարտավոր էր քննչական վարույթ իրականացնող ցանկացած մարմնի կողմից նշված գործողություններին տեղյակ լինել, ուստի հնչած բացասական պատասխանը, ըստ էության, միարժեք պետք էր ընկալել բոլոր մյուս կառույցների համար նաև:
Այդուհանդերձ դիմեցինք նաև ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ մեր հարցերի վերաբերյալ ն պարզաբանում ստանալու համար, հաշվի առնելով այն, որ խորհրդավոր տղամարդիկ գուցե Ռազմական ոստիկանությունից են եղել:
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կարճ ու բազմանշանակ պատասխան տվեց:
«Մենք որևէ քննության հետ խնդիր չենք տեսնում, այսքանը…»,- ասաց նա՝ ըստ էության չհերքելով լուրը:
Ստացվում է՝ կա մի խումբ, որի գործողությունների համար չկա պատասխանատու կառույց կամ հրահանգող անձ, իսկ ովքեր են նրանք, ի վերջո, ում համար են ինքնահռչակ քննիչներն աշխատում՝ պարզ չէ: Դիցուք, եթե անգամ համարենք, որ վարչապետ Փաշինյանի հայտարարած Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն է վաղաժամ սկսել գործել, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդքան ծածուկ և ինչո՞ւ է շտապել:
Մի շատ կարևոր նկատառում ևս. միևնույն ձեռագրով լրատվամիջոցներից մեկն էլ հենց նույն ժամանակաշրջանում սկսել է ապրիլյան պատերազմի թեմայի շուրջ ցուցմունքներ կորզել: Այո՛, ցուցմունքներ, քանի որ լրագրողը նպատակային հանդիպում է ապրիլյանի մասնակից զինհաշմանդամներին և տիպիկ քննչի հարցեր է հնչեցնում, մասնավորաբար՝ ճշտելով՝ ե՞րբ տեղեկացավ նա, որ պատերազմ է սկսվել, ո՞վ առաջինը հաղորդեց լուրը, ի՞նչ գործողություններ հետևեցին դրան, ի՞նչ զենքով էին կռվում, սնունդ կա՞ր, թե՞ չկար, պարեն, տանկերի վառելանյութ, բահերով կռվելու շարքից հարցեր, և այլն:
Առաջին հայացքից՝ պարզ լրագրողական հարցեր են թվում… բայց, երբ ուշադրություն ես դարձնում՝ երբ է սկսվել շարքը, և ինչու երեք տարի անց ու հենց այս շրջանում, հերոսների ընտրությանը, նույնացող հարցադրումներին, միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչ խնդիր է դրվել այս ամենով, և ով է ցանկանում մերկացնել բանակի, հրամկազմի, թերևս, ուժեղ ու թույլ կողմերը:
Ընդ որում, մեծ հարցականի տակ է, թե որքանով են գլխի ընկել լրատվամիջոցին հյուրընկալած զինծառայողները, որ իրենք տեսախցիկի առաջ ռազմական գործողությունների հիշողությունը վերապրելով՝ պատմություն չեն կերտում սերունդների համար, այլ ընդամենը դիտարկվում են պոտենցիալ ցուցմունք տվողներ, և ոչ թե՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները հաղթահարած հերոս:
Եվ այս առումով շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք հաղորդաշարին հյուրընկալվողները գիտակցաբար պատմում են ողջ իրողությունը, ըստ էության, թե՞ այն տարբերակով, ինչ իրենց է ձեռնտու:
Չմոռանանք, զինհաշմանդամների մեջ քիչ չեն նրանք, ովքեր վիրավորում էին ստացել գլխից կամ ողնուղեղից, և նրանք երկար ժամանակ ապրում էին հիշողությունը կորցրած, պարբերաբար վիրահատվում և վերականգնողական կուրսեր են անցնում մինչև հիմա: Իսկ դա նշանակում է, որ առնվազն մի քանի «պատմող», այսպես թե այնպես, ժամանակագրությունը կերտում է ծնողի կամ իրեն այցի եկածների պատմածով, լավագույն դեպքում՝ կարդացած հոդվածների, որոնց բովանդակության համար՝ ճշմարի՞տ է ներկայացվել, թե՞ ոչ, թերևս, երաշխիքներ չկան:
Ինչևէ… ո՞ւմ համար են այս ցուցմունքները, այս պատմությունն ո՞ւմ համար է գրվում. փորձեցինք կապ հաստատել ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, ով նաև գլխավորում է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, անջատեց հեռախոսը՝ հարցը կիսատ թողնելով:
Հուսանք՝ ԱԺ աշնանային նստաշրջանին ինչ-որ կերպ մեզ հասանելի կդառնա պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և կպարզաբանի՝ այս երկու միաժամանակյա գործողությունների թե հարցազրույցների շարքի և ինքնահռչակ քննիչների նախաձեռնության միջև ի՞նչ կապ կա, և արդյո՞ք նրանց հավաքած պաշարն օգտագործվելու է նաև սեպտեմբերից մեկնարկող քննիչ հանձնաժողովի համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը