«Փաստ»-ը գրում է․ «Երբ Հայաստանում նոր էր հաղթել հեղափոխությունը, բոլորիս մեջ հույսեր էին արթնացել, որ հնարավոր կլինի կայացնել մրցունակ քաղաքական համակարգ, այլ խոսքով՝ Հայաստանում կձևավորվի քաղաքական մրցակցային միջավայր, որտեղ գերիշխող կլինեն ոչ ատելությունն ու անտագոնիզմը, այլ մրցակցությունն ու փոխզիջումների ինստիտուտը: Սակայն դրական սպասումները շատ արագ ի դերև եղան, որովհետև Նիկոլ Փաշինյանի թիմն առաջնահերթ համարեց հեղափոխական էյֆորիան օգտագործել իշխանության բոլոր թևերի նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով:
Հայաստանում հիմա անտագոնիզմն ու ատելության խոսքը դարձել են քաղաքական, հանրային հարաբերությունների հիմնական բնութագրիչը: Դրա մասին բարձրաձայնում է նաև իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն անգամ կառավարության նիստում հրապարակային հանձնարարություն տվեց ԱԱԾ տնօրենին, սակայն բոլորի համար ակնհայտ է, որ քաղաքական ու հանրային հարաբերություններում անտագոնիզմի նշաձողը սահմանել է հենց իշխանությունը, իսկ մյուս խաղացողները հետևում են հաստատված ժանրի կանոններին: Օրինակ՝ եթե իշխանությունն իրեն «սպիտակ» է հռչակում, ինքնաբերաբար մերժում է ընդդիմության ինստիտուտը, որովհետև «սև»-ն օրինաչափորեն ասոցացվում է ոչ թե այլընտրանքային դիրքորոշման, տեսակետի, այլ անցյալի, հին համակարգի ռեստավրացիայի հետ:
Այլ խոսքով՝ իշխանությունը մտածված կոնսոլիդացնում է հասարակության լյումպեն շերտերին բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր սեփական տեսակետ ունեն կամ ինչ-որ հարցում «հանդգնում են» ընդդիմանալ իշխանություններին:
Պետությունը չի կարող առաջընթաց ունենալ, եթե չկա ծրագրերի, գաղափարների մրցակցություն: Իշխանությունը չի գեներացնում գաղափարներ, չի ստեղծում ծրագրեր ու իր քաղաքական կոմֆորտն ապահովում է անցյայի դեմ հակադրության ռեժիմում: Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը չի զարգացել կամ աճը եղել է այնքան չնչին, որ թույլ չի տալիս խոսել բարեկեցության, առաջընթացի մասին, ու այս համատեքստում իշխանությանը հասարակությանը կոնսոլիդացնում է տեսարաններով աղմկոտ ձերբակալություններով նախկինների նկատմամբ անհանդուրժողականությամբ:
Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ առաջացել է բարիկադների բազմաշերտ համակարգ: Անտագոնիզմ կա անգամ իշխանության ներսում, որտեղ կառավարող կուսակցության երկու ներկայացուցիչներ (երկուսը՝ հրապարակային) իրար պիտակավորում են հասարակության աչքի առաջ: Անտագոնիզմի վիրուսը խժռել է քաղաքական, հանրային ինստիտուտները ու թափանցել է անգամ մարդկային հարաբերությունների դաշտ:
Այս կոնֆիգուրացիան գործող իշխանությանն առայժմ ձեռնտու է, որովհետև անտագոնիստական միջավայրում հեշտ է պարբերաբար թիրախներ գտնել, բացի այդ, բարիկադների հետևում սպանվում է որևէ մրցակցություն, ծրագրային վեճ, առհասարակ՝ բանական խոսք:
Սակայն հասարակության լյումպենացման գործընթացը, ի վերջո, բումերանգի օրենքով հարվածելու է հենց իշխանությանը, որովհետև եթե հասարակությունը սովորում է ատելության խոսքին ու թիրախներ փնտրելուն, ապա ոչ մի երաշխիք չկա, որ իշխանության վարկանիշային անկումը հասարակության անհանդուրժողականության թիրախի դերում չի դնելու Նիկոլ Փաշինյանի թիմին: Անհրաժեշտ է կանգ առնել, բարիկադները բզկտում են երկիրը՝ այն խոցելի դարձնելով արտաքին վտանգներին հանդիման»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը