«168 Ժամ»-ը գրում է․ «Ամառային անդորրը կամաց-կամաց իր հետքն է թողնում՝ տեղից էլ ոչ ակտիվ տնտեսական կյանքի վրա։ Տնտեսական հզոր խոստումների կողքին հանգիստ ու հնարավորինս անաղմուկ ընդունված տնտեսական փաստաթղթերը մեր համար բավականին համեստ տնտեսական ցուցանիշներ են կանխատեսել։
Օրինակ՝ 4.6-6.1 տոկոս տնտեսական աճ։ (Կենտրոնական բանկի հիմնական փաստաթղթերում խոհեմաբար պահպանվել է «տնտեսական աճ» հասկացությունը՝ կառավարության համար նախընտրելի «տնտեսական ակտիվության ցուցանիշի» փոխարեն)։ Նպատակային է հայտարարված 4 տոկոսանոց գնաճը։ Մեր տնտեսական իշխանությունների համար այս ցուցանիշի ապահովումը «ձախ ձեռքի գործ է»։ Այն ինքնաբերաբար ապահովվում է ազգային դրամի արժևորման հաշվին։ (Ոչինչ, որ գնաճը տարադրամով արտահայտված ավելի բարձր ցուցանիշներ է ունենում)։
Կարևորն այն է, որ Վիճկոմը հպարտությամբ հայտարարում է․ «ՀՀ սպառողական շուկայում 12 ամսյա գնաճը (2018թ․ հունիսը՝ 2019թ․ հունիսի նկատմամբ) կազմել է 2.5 տոկոս»։ Իսկ 2019թ․ հունվար-հունիսի ընդհանուր գնաճը պաշտոնապես ավելի փոքր է՝ 2 տոկոս։ Այն ուղիղ 2 անգամ փոքր է հայտարարված 4 տոկոսանոց նպատակային ցուցանիշից։ Հարկավոր է ընդգծել, որ նման ցուցանիշ ստանալը վիճակագրական բարդ աշխատանքի արդյունք է։ Հարկավոր է ահագին տվյալներ համադրել նման արդյունք արձանագրելու համար։
Առայժմ կայուն բնակարանային ծառայությունների, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, գազի, մարդատար տրանսպորտի և այլ նման ոլորտների գների հաշվարկում գնաճի բացակայությունն ինքնին զարմանալի չէ։ Այդ ոլորտներում գները վերջին տարիներին իսկապես կայուն են։ Բայց մեր վիճակագիրներին այս անգամ հաջողվել է 2 տոկոս գնանկում արձանագրել։ Դա հավանաբար անհրաժեշտ է ընդհանուր գնաճի 2 տոկոսանոց ցուցանիշի ապահովման համար։
Նման եզրակացություն կատարելու օգտին է այն, որ հատկապես սննդամթերքի ոլորտում նկատելի գնաճ է արձանագրված։ Մեր վիճակագիրները սննդամթերքի գների թվարկումը սկսում են բանջարեղենից, ապա նշում են կաթնամթերքի ու ձվի գինը, այնուհետև անցնում մրգերի, մսամթերքի գներին ու ավարտում, ասենք, շաքարավազի գներով։ Տեսեք՝ ինչ են հրապարակում նույն հերթականությամբ։
«Բանջարեղենի անվանախմբում 2018թ․ հունիսի համեմատ արձանագրվել է 19.1 տոկոս գնաճ»։ Բայց որպեսզի ասվածը միայն բացասական տեղեկատվություն չպարունակի՝ անմիջապես ավելացնում են․ «իսկ 2019թ․ մայիսի համեմատ՝ 28.2 տոկոս գնանկում»։ Կարող եք գնաճ արձանագրած բանջարեղենի հրապարակված պաշտոնական ցանկից համոզվել, որ գնաճ կա բանջարեղենի բոլոր հիմնական (առավել սպառվող, կամ կարևոր՝ եթե կուզեք) տեսակների գծով։ (Օրինակ՝ կարտոֆիլի գնաճը 2018թ․ հունիսի նկատմամբ 74.8 տոկոս է։
Սա ամենաբարձր գնաճն է)։ Հետո խոսվում է կաթնամթերքի 4.9 և ձվի 37.6 տոկոսանոց ցուցանիշների մասին։ Մրգի պարագային գնաճն ավելի համեստ է՝ 2018թ. համեմատ 8.6 տոկոս է։ Բայց նաև՝ «նենգ», որովհետև այս տարվա մայիսի համեմատ 3.8 տոկոս գնաճ է արձանագրվել։ Միրգ-բանջարեղենի գծով եկող ամսվանից պատկերը կտրուկ կփոխվի՝ դառնալով համարյա հովվերգական (բերքահավաքի սեզոնին այս ապրանքատեսակները տարեկան ամենացածր գինն են ունենում)։ Իսկ մինչ այդ վիճակագիրներն արձանագրել են, որ անցած տարվա համեմատ՝ մսամթերքը 3.1 տոկոս է աճել՝ գնի իմաստով, իհարկե։ Անկեղծության համար պետք է ավելացնեմ, որ այս տարվա մայիսից գնաճի մասին գրելը լրագրողների համար բավական հեշտ է՝ ի տարբերություն նախորդ տարվա։ Ողջ 2018-ի ընթացքում գնաճի ցանկացած համեմատություն 2017-ի հետ և, առավել ևս, գնաճի փաստի նկարագիր-արձանագրումն իշխանամետ շրջանակները ոչ միայն անձնական վիրավորանք էին համարում, այլև՝ հին իշխանությունների գովք։
Հիմա ավելի հեշտ է, «նորիշխանական» 2018-ի հունիսի գնաճը համեմատում, արձանագրում ես 2019-ի «նորիշխանական» հունիսի հետ։ Բայց միևնույն է, այդ համեմատությունը պայծառ պատկեր չի ձևավորում։ Սննդամթերքի աճը, իհարկե, կարելի է բացատրել առողջ ապրելակերպի քարոզով ու այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունքում ալկոհոլային խմիչքների և ծխախոտի 2.9 տոկոսանոց աճով։ Սա ընդունեք՝ որպես կատակ։ Իսկ եթե կարծում եք, որ կատակը չի ստացվել, մտածեք այդ մասին։ Ի վերջո, կա նաև երկու ապրանքատեսակ, որոնց նկատմամբ հասարակական համարյա քնքուշ վերաբերմունք է ձևավորվել։ Առաջինը բանանն է՝ այն անցած հունիսի նկատմամբ դավաճանաբար թանկացել է 8.7 տոկոսով։ Մյուս սննդամթերքն ավելի լեգենդար է՝ ոչ միայն այն պատճառով, որ շատ ավելի մեծ սպառում ունի։ Խոսքը շաքարավազի մասին է։ Այն խոհեմաբար գնանկում է արձանագրել՝ անցած տարվա հունիսի նկատմամբ (8.4 տոկոս)։ Ա՛յ այսպես բանանը հակադրվեց շաքարավազին։ Ընդունենք՝ որպես մխիթարություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը