«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքում կարդում ենք․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության և, մասնավորապես, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Տվյալ համատեքստում շոշափվել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Եվրոպական երկրորդ խաղերը մեծ հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ և ուրախությամբ նշել այդ մրցումներում հայ մարզիկների բարձր արդյունքներով մասնակցելու փաստը: Վարչապետը նաև շնորհավորել է Բելառուսի ազգային տոնի կապակցությամբ և այդ առիթով լավագույն մաղթանքներ հղել բարեկամ բելառուս ժողովրդին»: Առաջին հայացքից ստանդարտ պաշտոնական հաղորդագրություն է։
Սակայն պարզվում է, որ երբ նույնը փնտրում ենք Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում, ինֆորմացիան թեեւ ընդհանուր գծերով նույնն է, սակայն որոշ կարեւոր մանրուքներ կան, որոնք չգիտես ինչու Երեւանը կամ շրջանցել է, կամ հարկ չի համարել հիշատակել։
Այսպես, արդեն Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում ասվում է, որ Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Սա ՀՀ վարչապետի կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում չկա։ Հայկական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության և, մասնավորապես, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր, այն դեպքում, երբ Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում ասվում է, որ քննարկվել է երկկողմանի հարաբերությունների թեմատիկան, Հայաստանի եւ Բելառուսի գործակցությունը ինտեգրացիոն միավորումներում։
Չգիտես ինչու Երեւանում հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների մասին հիշատակել չեն ցանկացել, իսկ ինտեգրացիոն միավորումներն էլ, որոնց շրջանակներում գործակցում են Մինսկն ու Երեւանը պատկերացրել են միայն ԵԱՏՄ-ն, այն դեպքում, երբ հետսովետական տարածքում Մինսկը եւ Երեւանը դաշնակիցներ են առնվազն երեք միավորում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ։ Թե ինչու Երեւանում որոշել են հաղորդագրությունը ձեւակերպել այնպես, որ ԱՊՀ ու ՀԱՊԿ հանգամանքները շրջանցվեն, կրկին մնում է անհասկանալի։
Բացի այդ, Երեւանի տարածած հայտարարության մեջ չի հստակեցվում, որ ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնում ասելով ինչ է նկատի առնվում, այն դեպքում, երբ Լուկաշենկոյի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը հստակ ֆիքսում է, որ խոսքը Սինգապուրի եւ Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանն է վերաբերում։ Հաջորդ նախադասությունն է, որ երկու կողմերի մոտ էլ խոսվում է Սինգապուրի հետ ազատ առեւտրի պայմանագրի մասին։
Եվ վերջապես, Փաշինյանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Փաշինյանը շնորհավորել է բելառուս ժողովրդին ազգային տոնի առթիվ։ Լուկաշենկոյի տարածած հայտարարությունում հստակեցվում է, որ խոսքը Բելառուսի ազատագրության 75-ամյակի եւ անկախության տոնի մասին է, որը նշվում է հուլիսի 3-ին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը