«Ժամանակ»-ը գրում է․ «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Սասուն Միքայելյանի հետ հարաբերության լարվածության մասին տեղեկությունները, միաժամանակ ասել, թե չգիտե ԱԺ նիստերից Սասուն Միքայելյանի բացակայության պատճառը: Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Միքայելյանը նեղացել է, իսկ նրա հանդեպ կոշտ հարցադրումներ են եղել Աբովյանի քաղաքապետի ընտրությունից հետո, երբ նա չի աջակցել Կոտայքի ՔՊ-ական մարզպետի ներկայացրած քաղաքապետի թեկնածուին, որի թեկնածությունը հաստատել է կուսակցությունը: Տեղեկություն է հրապարակվել նաև, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Սասուն Միքայելյանից, փորձել է «շահել սիրտը»: Միքայելյանը չընտրվեց ՔՊ վարչության կազմում: Թե ինչու Սասուն Միքայելյանը չի գնում խորհրդարանի նիստերին, թերևս մոտ ապագայում լավագույնս կպարզաբանի հենց նա:
Արարատ Միրզոյանն ասել է, որ չգալու պատճառը հայտնի չէ, սակայն չունի նաև որևէ տեղեկություն, թե Սասուն Միքայելյանը մտադիր է վայր դնել մանդատը: Սասուն Միքայելյանն ամիսներ առաջ ընտրվեց ԵԿՄ նախագահ՝ հայտարարելով, որ իր կարևոր նպատակներից մեկը ԵԿՄ, այսպես ասած, արտաքաղաքականացումն է, որ կազմակերպությունը չներգրավվի քաղաքական գործընթացների մեջ: Մի բան, որ տեղի է ունեցել մինչ հեղափոխություն, և փաստացի հենց քաղաքականությանը ծառայելու համար էլ նախկին իշխանությունը ստեղծել է ԵԿՄ-ն՝ 1990-ականներին: Հնարավո՞ր է արտաքաղաքականացնել ԵԿՄ-ն, եթե դրա նախագահը կառավարող կուսակցության անդամ է և խորհրդարանի, այսինքն՝ երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտի պատգամավոր և իշխանության առաջնային մանդատի կրող: Տեսականում հնարավոր է, ինչպես տեսականում Գագիկ Ծառուկյանն էլ գործարար, ձեռնարկատեր չէ, այլ օրենսդիր, քաղաքական գործիչ: Իսկ գործնականում, Սասուն Միքայելյանը պետք է ոչ թե անհայտ պատճառով չգար խորհրդարանի նիստի, այլ միանգամայն հայտնի պատճառով, նույն պատճառով էլ հայտարարելով մանդատը վայր դնելու և ամբողջությամբ ԵԿՄ վերափոխման հարցերով զբաղվելու մասին:
Ի վերջո, այդ վերափոխումը արտաքաղաքականացման իմաստով պետք է սկսեր հենց այդտեղից: Ինչո՞ւ չի անում Սասուն Միքայելյանն այդ քայլը:
Մտածողությա՞ն հարց է, ինչպես Հրազդանի քաղաքապետի հետհեղափոխական առաջին իսկ ընտրությանը սեփական որդու թեկնածությունն առաջ մղելը, թե՞ անվստահության և կասկածի՝ ինչի համար իբրև երաշխիք պահում է մանդատը: Բայց ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում մանդատը երբեք չի եղել և չի լինելու երաշխիք: Այն երաշխիք չի եղել անգամ նախկին համակարգի պարագայում և կարծիքը, թե անվտանգության համար են մանդատ վերցրել, օրինակ՝ խոշոր սեփականատերերը, թյուր է: Ի վերջո, եթե մեծամասնությունը կայացնում է քաղաքական որոշումը, չի փրկի որևէ մանդատ:
Սասուն Միքայելյանին դա լավագույնս հայտնի պետք է լինի հենց նախորդ համակարգից: Ըստ այդմ, նրա ինչի՞ն է պետք մանդատը՝ ԵԿՄ նախագահի կարգավիճակում: Դա անգամ պատմության մեջ մնալու համար է անպետք: Համենայնդեպս, ավելի անպետք է պատմության մեջ մնալու համար, քան ԵԿՄ հարցը Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի համար լուծելը, ինչը ոչ միայն հանրային, քաղաքական, այլ նաև սոցիալ-հոգեբանական և արժեմշակութային խնդիր է և դրանով իսկ լուծման պարագայում՝ պատմական»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը