«Փաստ»-ը գրում է․ «Վերաքննիչ քրեական դատարանը երեկ անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու որոշումը։ Մանվել Գրիգորյանը երեկ էլ ներկա չէր որոշման հրապարակմանը` առողջական վիճակից ելնելով։ Նա հունիսի 14–ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ:
Հայաստանի դատական ատյանների վերաբերմունքն այս հարցում ինչ-որ իմաստով արտառոց է, ու խնդիրն ամենևին էլ այն չէ, որ գեներալին պաշտպանելու որևէ ցանկություն ունենք։ Ի վերջո, ԵԿՄ նախկին նախագահը կանգնել է դատարանի առաջ ու հրապարակային գործընթացի արդյունքում հնարավորություն ունի ապացուցել իր անմեղությունը, կամ պատասխանատվության կենթարկվի իրեն մեղսագրվող արարքի համար։ Մենք, բնականաբար, որևէ կերպ չենք ցանկանում մտնել իրավական հարթություն՝ դա վերապահելով պատկան մարմիններին։
Մյուս կողմից՝ չենք կարող չանդրադառնալ խնդրի բարոյական, քաղաքական կողմերին։ ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումից հետո, երբ, ըստ էության, հաստատվեց Մանվել Գրիգորյանի՝ ծանր հիվանդ լինելու փաստը ու ամրագրվեց այն անհրաժեշտությունը, որ գեներալը հիվանդանոցում բուժվելու կարիք ունի, ենթադրվում էր, որ երեկ Վերաքննիչ դատարանը կվերանայի նրա խափանման միջոցը։
Համենայն դեպս, դա է հուշում հետհեղափոխական Հայաստանի քաղաքական մշակույթը, ինչի մասին պարբերաբար հիշեցումներ են անում իշխանության առաջին դեմքերը։ Այսպես կոչված՝ «նոր Հայաստանում» չեն կարող գործել բարքեր, որոնք բնորոշ չեն ժողովրդավարական հասարակություններին ու ակնհայտ ռեպրեսիվ բնույթ ունեն։
Հիվանդ մարդը չի կարող խոշտանգվել բանտում։ Սա, կարծես, աքսիոմ է, որի անհերքելիությունը հաստատված է թե՛ հայկական օրենսդրությամբ և թե՛ այն միջազգային պարտավորություններով, որոնք Հայաստանը ստանձնել է։
Վստահ եմ՝ նույնիսկ բանականությունը հուշում է, որ դատաքննության փուլում Մանվել Գրիգորյանը կարող էր լինել ազատության մեջ, ու դա այլևս որևէ կերպ չէր կարող ազդել քննության ընթացքի, որակի վրա։ Ի վերջո, անկեղծ լինենք՝ ԵԿՄ նախկին նախագահն այսօր չի տիրապետում ռեսուրսների, որոնց միջոցով կարող է ազդել իրավական գործընթացների վրա։
Խնդիրն ունի նաև բարոյական կողմ։ Մանվել Գրիգորյանն արդեն իսկ, ըստ էության, ստացել է իր պատիժը՝ մերժվելով հասարակության մեծամասնության, անգամ իսկ իր մարտական ընկերների կողմից, ու ճաղերը չեն, որ դատաքննության փուլում պետք է դառնան հիվանդ մարդուն «դարձի բերելու» միջոց։ Մյուս կողմից՝ անթույլատրելի է այն անզուսպ քարոզչությունը, երբ Մանվելի գործը դարձվում է դարի կոռուպցիոն բացահայտում։ Նման քարոզչությամբ իշխանությունները փորձում են քողարկել այն ակնհայտ իրողությունը, որ Հայաստանում անցած մեկ տարվա ընթացքում, ըստ էության, դեռ չկան կոռուպցիոն խոշոր բացահայտումներ, համենայն դեպս՝ դատական վճիռների մակարդակում։
Այս ճշմարտությունները Հայաստանի իշխանությունները, անշուշտ, գիտակցում են, ու տվյալ պարագայում հասկանալի է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքի պատճառն ամենևին էլ «կոռումպացված» կամ «նախկին համակարգին ծառայող» դատական համակարգը չէ։ Եթե դա լիներ խնդիրը, ապա գործ կունենայինք այլ իրավիճակի հետ, ու գեներալն անգամ չէր կալանավորվի։ Խնդիրն այն է, որ իշխանությունների «թեթև ձեռքով» Հայաստանում ձևավորվել է «փողոցային արդարադատություն», ինչի հետևանքով հասարակության ագրեսիվ զանգվածն է որոշում թելադրում դատարաններին, ու որևէ դատավոր չի ուզում դառնալ հասարակական ատելության, պարսավանքի թիրախ, եթե նույնիսկ որոշում պետք է կայացնի հիվանդ մարդու խափանման միջոցը փոխելու հարցում։Հենց իշխանությունն է իր ագրեսիվ քաղաքականությամբ ու քարոզչությամբ ստեղծել այս փակուղին ու դարձել դրա պատանդը։ Ու ասվածը վերաբերում է ոչ միայն Մանվել Գրիգորյանի գործին։ Խնդիրն ավելի խորքային ենթատեքստ ունի։ Եթե դատական ռեֆորմը, անցումային արդարադատության գործիքակազմի ու վեթինգի ներդրումը տեղի են ունենալու նման մթնոլորտում, ապա դատական համակարգը ոչ միայն ավելի հումանիստական ու որակյալ չի դառնալու, այլ վերածվելու է ինստիտուտի, որը որոշումներ է կայացնում իշխանության սպառնալիքների ու փողոցի թելադրանքի ազդեցությամբ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը