12 06 2019

Սորոսի հիմնադրամի սեմինարում ԼԳԲՏ անձանց թեման է քննարկվել․ «Հրապարակ»

Սորոսի հիմնադրամի սեմինարում ԼԳԲՏ անձանց թեման է քննարկվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեի հետ համատեղ, հունիսի 7-9-ը Աղվերանում սեմինար է անցկացրել՝ «Մարդու իրավունքների կրթություն․ կամավորների կարողությունների զարգացում» թեմայով։ Սեմինարի օրակարգում, ի թիվս «բուժաշխատողների աշխատանքային իրավունքների» եւ «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների իրավունքների», քննարկվել է նաեւ «ԼԳԲՏ անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնություն հիմքով (ՍԿԳԻ) ընտանիքում բռնության ուսումնասիրություն» թեման։ Մեր ձեռքին է սեմինարի օրակարգը։Մենք փորձեցինք Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից ճշտել, թե ԼԳԲՏ անձանց վերաբերյալ կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել Աղվերանի «Արթուրս» պանսիոնատում, քանի հոգի է մասնակցել սեմինարին, եւ ճի՞շտ են մեր տեղեկությունները, թե սեմինարին հնարավորություն են ունեցել մասնակցելու միայն 23 տարեկանից ցածր անձինք։ Նա մեծ դժվարությամբ պատասխանեց մեր հարցերին։

Նախ հերքեց, թե օրակարգում ԼԳԲՏ անձանց վերաբերող մաս է եղել․ «Օրակարգում այդպիսի հարց չի եղել։ Եղել են մոտ 25 հոգի՝ Հայաստանի տարբեր մարզերից, իրենք անցել են մարդու իրավունքների դասընթացներ, իրենք իրենց ընտրությամբ իրականացրել են մոնիթորինգներ՝ մանկատների եւ այլն, եւ այս վերջին սեմինարին էլ քննարկվում էր իրենց զեկույցների հարցը, ընդամենը»։ Մեր պնդումից հետո, որ մեր ձեռքին ունենք սեմինարի օրակարգը, որտեղ հստակ նշված է թեման՝ «ԼԳԲՏ անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիմքով ընտանիքում բռնության» հարցը, Հելսինկյան կոմիտեի ղեկավարն ասաց․ «Որովհետեւ մի խումբ՝ 2 հոգի, ընտրել էր այդ թեման, իրենք այդ թեման են հետազոտել, իրենց ընտրությամբ։ Այսինքն՝ ոչ մի այլ բան չի եղել, յուրաքանչյուր խումբ ինքն է ընտրել իր թեման եւ այդ թեմայով հետազոտություն անցկացրել․ դա եղել է Երեւանի խումբը։ Շուտով դրա մասին բոլորն են իմանալու, որովհետեւ զեկույցները խմբագրվելուց հետո հրապարակվելու են։

Ինչ վերաբերում է մինչեւ 23 տարեկաններին, ապա դա լրիվ հերյուրանք է եւ սուտ, որովհետեւ տարիքային սահմանափակում ընդհանրապես չի եղել, ընդհանուր հայտ է եղել, եւ ցանկացողները դիմել ու մասնակցել են։ Բնականաբար, երիտասարդները պետք է լինեին, 60-ն անց մարդիկ չէին լինի, բայց ոչ մի տարիքային սահմանափակում չի եղել։ Այդ թեմայով ընդհանրապես դասընթաց չի եղել, այդ մարդիկ պարզապես ընտրել են այդ թեման»։ Մենք փորձեցինք ճշտել՝ ովքե՞ր են «Երեւանի խումբը», Իշխանյանն ասաց, որ անհատ անձինք են, իրենք իրենց այդպես են անվանել, եւ հրաժարվեց անուններ նշել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ