07 06 2019

«Մերժումների շքահանդեսի» վերջը չի երևում․ «Փաստ»

«Մերժումների շքահանդեսի» վերջը չի երևում․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Բոլորը սպասում էին, որ վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը կձևակերպի նոր իշխանության ռացիոնալ դեմքը։ Ցավոք, սպասումները չարդարացան, ու մինչ այսօր մենք տեսնում ենք միայն «մերժումների» մի «շքահանդես», որի վերջը համառորեն չի երևում, ավելին՝ վարչապետի հրապարակային հայտարարությունները միայն նպաստում են այդ գործընթացին։

Խորհրդարանի ու Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցան «սևի» ու «սպիտակի» տրամաբանությամբ, այսինքն՝ «սև» հռչակվեց հասարակության այն հատվածը, որը «հանդգնեց» չքվեարկել Նիկոլ Փաշինյանի թիմի օգտին։ Փաստորեն՝ հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան տեղի ունեցավ մերժման, հասարակության «սորտավորման» հենքով։

Բայց նույնիսկ իշխանության ամբողջականացումից հետո Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնաց հասարակությանը բաժանելու մարտավարությանը՝ անգամ օրենսդրական մակարդակում, ինչի արտահայտությունը դարձավ հեղափոխության ֆորմալացումը՝ որպես տոն։ Քաղաքացու օր հայտարարելը հասարակությանն ինստիտուցիոնալ բաժանման տանելու չմտածված քայլ էր, որովհետև ժողովուրդն ինքնին միատարր չէ, չի կարող միասնական գնահատական ունենալ հեղափոխության հանդեպ, հետևաբար՝ այդ օրը խորհրդանշում է ոչ թե հասարակության կոնսոլիդացիան, այլ՝ բարիկադավորումը։

«Ասֆալտին պառկեցնելը», «պատերին ծեփելը» և այլ նմանաբնույթ հայտարարությունները որևէ առնչություն չունեն սիրո և համերաշխության հետ, մանավանդ, որ նոր իշխանության պրակտիկ քաղաքականությունը անցած մեկ տարում բռնության քարոզչությունը Հայաստանում հասցրել է ամենաբարձր, այլևս անտանելի մակարդակի վրա։ Էլ չեմ ասում այն մասին, որ հեղափոխության թիմի ագրեսիվ քաղաքականությունն ու Ստեփանակերտի ոչ այնքան համարժեք քայլերը հանգեցրել են ինստիտուցիոնալ լուրջ ճգնաժամի երկու հայկական պետությունների հարաբերություններում, ինչի շահառուն կարող է լինել միայն Ադրբեջանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ