«Հրապարակ»-ը գրում է․ ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը որոշել է, որ իր օգնականը չի զիջում պատգամավորներին, և արդեն որերորդ դեպքն է՝ պատգամավորի փոխարեն օգնականին է արտերկիր գործուղում։
Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ այս օգնականը նույն հանձնաժողովի անդամ Հրաչ Հակոբյանի հետ Դուշանբե է մեկնել։ Պատգամավորը խոստովանել էր, որ ինքն է այդպես «կարևորել»։ Մայիսի 25-30-ը նույն օգնականը Նարեկ Զեյնալյանի, ինչպես նաև պատգամավորներ Լուսինե Բադալյանի և Հրաչյա Հակոբյանի հետ գործուղվել է Չինաստան՝ Միջազգային բժշկական նորարարությունների և համագործակցության ֆորումի աշխատանքներին մասնակցելու։ Մենք պարզեցինք, որ հրավերը եղել է չորս հոգու հաշվարկով, ծախսերն էլ ամբողջությամբ հոգացել է հայկական կողմը։
Բայց նույնիսկ նախկին իշխանության ժամանակ նման պրակտիկա չի եղել՝ գործուղումներին պատգամավորների օգնականներ չեն մեկնել, մասնակցել են կա՛մ պատգամավորները, կա՛մ փորձագետներն ու աշխատակազմի ներկայացուցիչները։ Բայց սա դեռ ամենը չէ․ երես առնելով, որ իր կարգավիճակը «շեֆի» ձեռամբ հավասարեցվել է պատգամավորին, օգնականը վերադառնալուց հետո հանձնաժողովի փորձագետների մոտ տեսարան է ցուցադրել։
Նա նեղվել է, որ պատգամավորներն ԱԺ ղեկավարությունից ստացել են օրապահիկ՝ մոտավորապես 200 հազարական դրամի չափով, բայց իր անունը չի եղել այդ ցանկում։
Երբ աղմուկը տարածվել է, Նարեկ Զեյնալյանը սաստել է օգնականին՝ բացատրելով, որ նա անգամ գործուղվելու իրավունք չուներ, ուր մնաց օրապահիկ ստանար»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը