07 06 2019

ՌԴ-ն չի կարող իր շահերը ստորադասել անձերի հետ հարաբերություններին․ «Իրատես»

ՌԴ-ն չի կարող իր շահերը ստորադասել անձերի հետ հարաբերություններին․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Հայ-ռուսական հարաբերությունների բարդագույն ֆոնին բավականին հետաքրքիր իրադարձության ականատես եղանք։ Խոսքը 100 միլիոն դոլար վարկային գծի մասին է, որը պետք է Ռուսաստանը հատկացնի Հայաստանին սպառազինություն ձեռք բերելու համար։ Հրապարակված տեղեկատվության մեջ ասվում էր, որ բանակցությունները այս համատեքստում բավականին հաջող են ընթանում, չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանին ռուսական իշխանությունները այնքան էլ չեն վստահում։ Իհարկե, առաջին հայացքից կարող է պարադոքս թվալ այն փաստը, որ վստահություն չվայելող ՀՀ իշխանությունների օրոք Հայաստանին է հատկացվում 100 մլն դոլար վարկ։

Սակայն իրականում Ռուսաստանն ունի իր ռազմավարական նշանակության խնդիրները։ Այս առումով Հայաստանը, ինչպես և ամբողջ Անդրկովկասն ու մեր տարածաշրջանը, գտնվում են Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունների շրջանակում։ Ռուսաստանը խնդիր ունի ապահովելու իր ռազմավարական դաշնակցի, իր հետաքրքրությունների տիրույթում գտնվող երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը՝ ապահովելով ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում։ Այս առումով Ռուսաստանի Դաշնությունը ցույց է տալիս, որ իր ռազմավարական գործընկերը պետությունն է, որի հետ ինքն աշխատում է, և ոչ թե կոնկրետ անձը, որն այդ պահին գտնվում է երկրի ղեկին։ Ժամանակի ընթացքում այդ անձը կարող է փոխվել, սակայն Ռուսաստանի ստրատեգիական նշանակության հարցերը մշտապես արդիական են, և ՌԴ-ն չի կարող իր շահերը ստորադասել կոնկրետ անձերի հետ հարաբերություններին։ Անկախ նրանից՝ ՀՀ ղեկին կլինի Նիկոլ Փաշինյանը, թե մեկ այլ գործիչ, Ռուսաստանը շարունակելու է հաստատակամ մնալ իր համար կարևորագույն հարցերի տիրույթում։

Անցած մեկ տարին ցույց տվեց, որ Ռուսաստանն իրեն հետաքրքրող խնդիրներում՝ անվտանգության և պաշտպանության համակարգերի պահպանում, հետևողական է։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ գրեթե ամբողջովին սառեցված են տնտեսական ծրագրերը Հայաստանի հետ, սառեցված են թե պետական, թե ռուսաստանաբնակ հայ գործարարների մակարդակով։

Ակնհայտորեն երևում է, որ ռուսներն առանձնապես չեն զբաղվում ՀՀ-ում ներդրումներով, քանի որ դա նրանց ստրատեգիական հետաքրքրությունների հարթության մեջ չէ։ Ռուսները շատ զգուշորեն հետևում են հայաստանյան իրադարձություններին, գուցե և չեն ցանկանում ուժեղացնել ՀՀ գործող իշխանություններին սոցիալ-տնտեսական առումով։ 

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը միշտ էլ վճռորոշ դեր է խաղացել ՀՀ սոցիալական քաղաքականության մեջ, քանի որ նա է թելադրել էներգակիրների գները։ Այս առումով ՌԴ ձեռքում են Հայաստանի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական լծակները, մասնավորապես սոցիալական հարցերը, քանի որ գնագոյացումը երկրում բխում է հենց էներկագիրների սակագնից։

Այսպիսով՝ դատելով Ռուսաստանի քայլերից՝ կարելի է եզրակացնել, որ ՌԴ-ն մեր տարածաշրջանում իր առաջնահերթություններն ու շահերը որևէ այլ պետության, ալյանսի, առավել ևս քաղաքական կառույցի զիջելու նպատակ չունի։ Սա պետք է հաշվի առնի Հայաստանի գործող իշխանությունը և համապատասխան եզրակացություններ անի արտաքին և անգամ ներքին քաղաքական որոշումներ ընդունելիս, առավել ևս պետք է վերացնի «փնթիությունը» իր ֆորմալ և ոչ ֆորմալ կապերի ոլորտում կասկածելի համբավ ունեցող կազմակերպությունների, հիմնադրամների և նման այլ օտարերկրյա ազդեցության գործակալական ցանցերի ներկայացուցիչների հետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ