«Փաստ»-ը գրում է․ «Նախօրեին հայտնի դարձավ, որ մի խումբ ակտիվիստներ մայիսի 25-ին ժամը 19:00-ին պատրաստվում են հանրահավաք հրավիրել Ազատության հրապարակում՝ սատարելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իհարկե, իշխանությունների կողմից Փաշինյանին սատարելու հանրահավաք կազմակերպելը ծիծաղելի կլիներ, ուստի դա արվում է այլոց, ավելի կոնկրետ՝ իրենց ազդեցության ու ենթակայության տակ գտնվող ակտիվիստների ձեռամբ, ովքեր անցած շաբաթ բողոքի ցույց էին անում՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման:
ՔՊ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ իրենց կուսակցությունը միտինգի հետ ընդհանրապես կապ չունի, նույնը նշել են նաև «իմքայլական» որոշ պատգամավորներ: Սա հետաքրքիր գործելաոճ է. եթե հանրահավաքը լինի սակավամարդ, իրենք, բնականաբար, ապահովագրված են. իրենք չեն կազմակերպել, այդ իսկ պատճառով էլ մարդիկ քիչ են եկել:
Ի դեպ, հետաքրքիր է, որ գնալով ավելի շատ են «իմքայլականները» խոսում հանրահավաքների ու ակցիաների մասին, կարծես նույնիսկ կարոտում են: Ավելին՝ ԱԺ փոխնախագահը նույնիսկ շեշտում էր, թե ցանկության դեպքում վարչապետը էլի կլցնի Հանրապետության հրապարակը: Ու չնայած այս հանրահավաքից իշխանությունները հրապարակայնորեն «ձեռքերը լվանում են», «Փաստ» թերթին տեղեկություններ հասան, որ թաղապետարաններում, պետական այլ կառույցներում, ինչպես նաև Երևանին մոտակա մարզերի մարզպետարաններում, մեղմ ասած, «դեմ չեն», որ շատ մարդ մասնակցի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը