23 05 2019

Հետկանչման օրինագիծը հետ կանչեցին․ «Ժողովուրդ»

Հետկանչման օրինագիծը հետ կանչեցին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որ ստացավ «հետկանչման օրինագիծ» անունը, ԱԺ պատգամավորները որոշել են հետ կանչել ՀՀ կառավարությունից: Խոսքն այն նախագծի մասին է, որով նախատեսվում էր համայնքի բնակչությանն իրավունք տալ նախաձեռնելու ու տեղական հանրաքվեի դնելու համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը: 

Պատգամավորները նման նախագիծ են ներկայացրել այն բանից հետո, երբ թավշյա հեղափոխությունից որոշ ժամանակ անց մի շարք համայնքներում մարդիկ ոտքի կանգնեցին՝ պահանջելով իրենց գյուղապետի կամ քաղաքապետի հրաժարականը:

Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է օրինագիծը կառավարությունից հետ կանչելու մասին տեղեկությունը` մեկնաբանելով. «Հետ ենք կանչել, քանի որ 2007թ. Վանաձորի մի շարք կազմակերպություններ նախաձեռնել են տեղական հանրաքվե` քաղաքապետի հետկանչի, անվստահության թեմայով: Հանրաքվե անցկացնելու այդ որոշումը հասել է Սահմանադրական դատարան և ճանաչվել է հակասահմանադրական»: 

Այնուամենայնիվ, նկատենք, որ իշխանությունները ցանկանում են օրենսդրորեն սահմանել համայնքապետերին նաև բնակչության ցանկությամբ հետ կանչելու մեխանիզմներ, պարզապես այդ ամենը պետք է արվի գործող Սահմանադրությանը համապատասխան»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ