12 05 2019

Երկիրը վտանգի առաջ է․ դեմն առեք․ «Հրապարակ»

Երկիրը վտանգի առաջ է․ դեմն առեք․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Բանակի մասին չպիտի գրի նա, ով նրա կողքին չի եղել, ով Նրան չի ճանաչում։ Չպիտի գրի նա, ով Նրա ստեղծման ակունքներում չի եղել և չգիտի՝ ինչպե՞ս է ստեղծվել  Բանակը։ Ինչու եմ դա ասում։ Որովհետև հեշտ է քննադատել մի բան, որ քոնը չես համարում։

Այս օրերին ցավով եմ արձանագրում, որ մարդկանց մի մեծ խումբ, ովքեր հիմնականում կեղծ օգտատերեր են` առանց խղճի խայթի, առանց ափսոսանքի,առանց Բանակի մասին տեղյակ լինելու վարկաբեկում են նրանց, ովքեր մարտական ծանր ճանապարհ են անցել, ովքեր  Արցախյան պատերազմի, ավելին չասեմ, մասնակիցներ են։

Ակամայից հիշում եմ Վազգեն Սարգսյանին, ում հետ համեստ ճանապարհ եմ անցել և մտովի դիմում եմ նրան՝ Սպարապետ, ազգային անվտանգության խնդիր է՝ ո՞վ է լուծելու այս խնդիրը,ո՞վ է զինվորին,հրամանատարին, Բանակը վարկաբեկողի ձեռքը բռնելու և ասելու՝ կկտրեմ քո ձեռքը չորացած ճյուղի պես, կկտրեմ լեզուդ, երբ համարձակվես նսեմացնել Բանակը․․․

Համոզված եմ, որ Վազգենը «գետնի տակից էլ կգտներ»այդ մարդկանց ու կպատժեր։Այսօր սոսկալի վիճակ է։ Նորից եմ ասում՝ գործում է պետական անվտանգության հիմքերը խարխլող մի մեծ խումբ, որը  զբաղված է պատերազմի մասնակիցներին զրոյացնելով։

Գործում է պետական անվտանգությունը խարխլող մի այլ խումբ, որը Արցախը հարվածի տակ է դնում։ Ֆեյքերի ահռելի բանակ է, ովքեր ավերում, անապատ են դարձնում ամեն ինչ։

Չկա այն ղեկավարը, ում կարող ես դիմել՝ երկիրը կանգնած է վտանգի առաջ, դեմն առեք։ Մենք այն վիճակում ենք, ով կանգնած է ռումբի վրա, և ժամացույցը աշխատոււմ է․․․ Նա գիտի որ պիտի պայթի, բայց քանի վայրկյան,  րոպե հետո․․․

Մարդկային հարաբերությունների այս ավերածությունը տասնյակ տարիներով չեն վերականգնվելու․ Ի՞ՆՉ ԳՈՐԾԻ ԵՔ։

Ֆեյքերը, որոնք բանակ չեն տեսել, չգիտեն՝ ինչ բան է պետական անվտանգությունը, կառապանների նման հայհոյում են Բանակը ստեղծողներին, Արցախյան գոյամարտին մասնակցողներին։ Եթե պետական մակարդակով այդ ֆեյքերը չեն փակվելու, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ՝ ստեղծենք կամավորական խմբեր՝ մեր երկրի անվտանգությունը այդ խմբերից ազատելու, պաշտպանելու  համար։ Բանակը նսեմացնող ցանկացած քայլ  պիտի ստանա իր հակահարվածը։

Բանակը մե՛կն է՝ նախկին ու ներկա չկա։ Սովորեք հարգել նրանց, ովքեր այդ բույնը կառուցելու համար թեկուզ մի շյուղ են դրել։ Սովորեք եղածի վրա, եթե կարող եք, ավելացնել։ Ավելացնել ու դա ձեռքբերում չհամարել, որովհետև եթե քոնն ես համարում, արածդ չես թմբկահարի։ Իսկ վերջում ուզում եմ իմ անսահման սերը հայտնել Արցախ աշխարհի հանդեպ՝ դուք արծիվներ եք, տղերք, հայոց արծիվները, երկնքում սավառնող արծիվների թռիչքի վայրը  երկինքն է։ Հայոց երկինքը նույնն է, չբաժանե՜ք հանկարծ․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ