«Հրապարակ»-ը գրում է․ «Սուպերվարչապետական համակարգը Հայաստանի Հանրապետությունում այլևս վերացված է՝ երեկ ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան այն հարցին, թե սուպերվարչապետական ինստիտուտ պահելը կա՞ արդյոք իր օրակարգում, պատրաստվո՞ւմ է արդյոք ինքն այն վերացնել և երբ:
Ապա, որպեսզի հիմնավորի իր տեսակետը, որ կառավարման այս համակարգը սուպերվարչապետական համակարգ չէ, վարչապետն ասաց. «Կարա՞ք բացատրեք, թե ինչու է սուպերվարչապետը լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում: Սուպերվարչապետն ինչո՞ւ է 5 ասուլիս տալիս: Ձեզ որևէ մեկն ինստրուկտաժ արե՞լ է՝ ինչ հարց պետք է տաք: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, թեկուզ այս շփման ընթացքում, վերջին 30 տարվա ընթացքում քանի՞ անգամ է տեղի ունեցել: Սուպերվարչապետական համակարգը միայն օրենքը և լծակները չեն: Սուպերվարչապետը նա է, ով ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը՝ քեզ, բենզինինը՝ քեզ, ես էստեղ 50 տոկոս եմ փայ, ստեղ՝ էն մյուսը, ստեղ իմն ա լրիվ»: Սուպերվարչապետը նա է, ով, ըստ Նիկոլ Փաշինյանի, որոշում է, թե ով որտեղ պետք է ընտրվի, ով մասնակցում է դատական վճիռների կայացմանը: Նաև հարցրեց՝ ինչի՞ ենք վերադարձրել Բաղրամյան 26-ը նախագահի նստավայրին, ինչո՞ւ են ԱԺ դռները բացվել և այլն: Կամ՝ սուպերվարչապետը գնում է, դատարանում վկայի կարգավիճակով ցուցմունք է տալիս: Այս թվարկումից էլ եզրակացրեց, որ սուպերվարչապետական համակարգ Հայաստանում չկա:
Միանգամայն ճիշտ է վարչապետը՝ վերը նշված երևույթները կային անցյալում, և դրանք հենց մոնոպոլ իշխանության, սուպերվարչապետական համակարգի ապացույցներն են: Բայց ոչ միայն դրանք: Բազում ապացույցներ կան նաև հիմա, և հանրությունը հույս ուներ, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու էր փոխել այս համակարգը և կամովին հրաժարվել ինչ-որ լիազորություններից՝ մեծացնելով այլ կառույցների և անձանց լիազորությունները, որ երկիրը դառնար իրական պառլամենտական երկիր:
Սուպերվարչապետական համակարգի և դատական համակարգը կառավարելու ապացույց չէ՞ արդյոք աշնանը արված Փաշինյանի այն հայտարարությունը, թե ով է այն դատավորը, որ իր ասածը կարող է չանել, և դատավորներին ուղղված հաթաթաները՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և այլն: Նման հայտարարություններ անցյալում չէին արվում՝ գոնե հրապարակավ: Այս շարքում են նաև հայտնի վարչական վարույթները Ռ. Քոչարյանի գործի քննությունից հրաժարված դատավորների նկատմամբ:
Սուպերվարչապետի պահվածք չէ՞ր արդյոք դրոշի համար մաքսային աշխատողին աշխատանքից ազատելը: Սա անգամ ոչ թե սուպերվարչապետի, այլ ավելին՝ արևելյան փադիշահի պահվածք էր՝ մարդուն իր գործառույթների մեջ չմտնող արարքի համար, այն էլ՝ վարչապետի իրավասությունների մեջ չմտնող, վարչական ակտը:
Սուպերվարչապետական վարք ու բարք չե՞ն արդյոք ասֆալտին փռելու, պատերին ծեփելու կոչերն ու հրահանգները: Սուպերվարչապետական համակարգի արդյունքը չէ՞ այն, որ ԱԱԾ-ն վարչապետի կողմից հրահանգ է ստանում գտնել և պատժել «ֆեյքերին», որոնք իշխանություններին անհաճո «ստատուսներ» են գրում:
Սուպերվարչապետական պահվածք չէ՞ ընտանյոք հանդերձ պետական ինքնաթիռով և ուղղաթիռով տարբեր տեղեր մեկնելը, ապա բացատրելը, թե վարչապետը շատ է աշխատում, ընտանիքը կարոտում է նրան և մեկնում է նրանից կարոտն առնելու կամ Արցախում ծառայող որդուն այցելելու համար: Սուպերվարչապետական համակարգի մեջ արդյոք տեղ չի՞ զբաղեցնում քավորին՝ մարզպետ, աներորդուն ու զարմիկին՝ պատգամավոր, ընկերոջը քաղաքապետ դարձնելը: Սուպերվարչապետ զգալու արդյունքը չէ՞ առհասարակ մեզանում ծավալվող կադրային քաղաքականությունը, երբ 73-ամյա Ոստանիկ Մարուխյանը հանգիստ, անվրդով աշխատում է պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում, իսկ 63-ամյա Արամ Սիմոնյանին «պերսոնա նոն գրատա» են հայտարարել և կյանքի գնով փորձում են պաշտոնից ազատել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը