«Փաստ» թերթը գրում է. «Երբեմն այնպիսի տպավորություն է, որ իշխող խմբակցությունում ոմանք ուղղակի ինքնագործունեությամբ են զբաղվում: Եվ եթե այլ հարցերում արձագանքը շատ մեծ չէ, ապա պաշտպանության, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության, խորհրդարանական դիվանագիտության ոլորտներում ցանկացած «բլթոց» կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:
Մասնավորաբար, օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ կնքվի զինադադարի նոր համաձայնագիր այլ ձեւաչափով, քան նախորդն էր:
Նշենք, որ նախկինը կնքվել էր եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ: Պարզվում է՝ այս հայտարարությունը եղել է ընդամենը Իգիթյանի դիվանագիտական մտքի երեւակայության արդյունքը: Այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հրապարակավ հակադարձեց եւ սթափության կոչ արեց:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցությունում բավական բուռն են արձագանքել եւ նշել, որ նման հայտարարություններից առաջ պետք է թիմի հետ համաձայնեցնել: Նույն աղբյուրի փոխանցմամբ, լուրջ դժգոհություններ են եղել նաեւ ՔՊԿ-ից ու ԱԳՆ-ից:
Արդյունքում Իգիթյանը չգիտի, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Մեր տեղեկություններով, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անգամ ասել է, թե՝ «դու արել ես էդ հայտարարությունը, ինքդ էլ տակից դուրս արի»: Մեր զրուցակցի պնդմամբ, Իգիթյանին զգուշացրել են, որ եւս մեկ «լյապից» հետո գուցե եւ մտածեն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում նրա մնալու նպատակահարմարության ուղղությամբ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը