«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 50 հազար նոր աշխատատեղերին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում հայտարարել էր, որ Հայաստանում 50 հազար աշխատատեղ է ստեղծվել, ինչը խիստ կասկածի տեղիք էր տվել տնտեսական վերլուծաբաններին: Ավելի ուշ ՀՀ վարչապետը ստիպված եղավ պարզաբանել իր հայտարարությունը՝ ասելով, որ 50 հազար աշխատատեղ ոչ թե ստեղծվել է, այլ դուրս է բերվել ստվերից։
Հրանտ Բագրատյանն էլ հակադարձել էր՝ ասելով, որ 50 հազար աշխատատեղ ստվերից դուրս է բերվել, փոխարենը՝ փակվել է 76 հազար աշխատատեղ.
«Վերջերս Բրյուսելում, լրատվամիջոցներով ու լայվով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ի հունվարին, 2018-ի հունվարի համեմատ, 50141 աշխատատեղ է ստեղծվել։ Էկոնոմիկայի նախարարը շտապեց ճշտելու, որ այդ թվից 38-40000-ը ստվերից բացահայտված աշխատատեղերն են։ Փաշինյանը 2-րդ անգամ խոսեց, այս անգամ նշելով, որ կարևոր չէ՝ դրանք ստեղծվել են, թե ստվերից են դուրս բերվել։ Կարևորը թիվն է։
Հիմա նայենք, դա իրոք այդպե՞ս է։ Նախ, և՛ Փաշինյանին, և՛ էկոնոմիկայի նախարարին պետք է զգուշացնել, որ՝ օրենք եք խախտում։ Ի՞նչ է նշանակում՝ հանձնարարել եմ բացվածքը տան (Փաշինյանի խոսքերն են)։ ԱՎԾ մասով դուք հանձնարարություն տալու իրավունք չունեք։ Դա անկախ մարմին է։
Երկրորդ, ի՞նչ է նշանակում՝ ստվերից դուրս եք բերել։ Զբաղվածության թվի հրապարակումը ԱՎԾ օրենքով սահմանված պարտականությունն է։ ԱՎԾ-ն, այդ թիվը հաշվելիս, օգտվում է հարցումներից։ Ընդհանուրի մեջ ԱՎԾ-ն չի ճշտում, թե ստվերո՞ւմ է հաշվառվող աշխատատեղը, թե՞ ոչ։
Ի դեպ՝ ՀՆԱ թիվն էլ իր մեջ ներառում է ստվերը։ Պիտի խնդրեի, որ վարչապետն ու նախարարը հետայսու ասեին բացառապես այնպիսի թվեր, որոնք արդեն պաշտոնապես հրապարակվել են ԱՎԾ կողմից։ Դա նույնն է, ինչպես որ չի կարելի կանխորոշել դատարանների որոշումները։ Հիմա ըստ էության։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2017-2018թթ զբաղվածների թվերն են՝ 2017-ի առաջին եռամսյակ՝ 875.9 հազար մարդ, 2-րդ եռամսյակ՝ 938.8 հազար մարդ, 3-րդ՝ 903.3 հազար մարդ, 4-րդ՝ 896.7։ 2018թ. համապատասխանաբար՝ 915.7; 936.6; 930.8 և 870.1 հազար մարդ»,- գրել էր Հրանտ Բագրատյանը։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն անդրադառնալով Հրանտ Բագրատյանի վկայակոչած թվերին, նկատեց՝ 76 հազար աշխատատեղերի կրճատում նշանակում է՝ առնվազն 10 տոկոսով գործազրկության ցուցանիշի աճ։
«Բայց քանի որ 50 հազար աշխատատեղը կա, որպես դրան կոմպենսացիա, ապա պետք է դիտարկենք, որ տարբերությունը 20 հազարով է բացասական, որը կրկին նշանակում է՝ մի քանի տոկոսով գործազրկության ավելացում։ Ես հասկանում եմ, թե Բագրատյանի հաշվարկը որտեղից է գալիս, ըստ էության դրանք արված են որոշ գործարանների կամ հանքարդյունաբերության հետ կապված խնդիրներով։ Մասնավորապես՝ Ամուլսարի մասով բավականին աշխատանքներ կային, որոնք իրականացվում էին, նույնը՝ Ալավերդու պղնձաձուլարանի, որոշ այլ վերամշակող ընկերությունների, ցեմենտի գործարանի հետ կապված, և այլն։
Այդ հաշվարկին չեմ տիրապետում, բայց այդ թվերը Հայաստանի համար կատաստրոֆիկ թվեր են, դրանք բավականին մեծ թվեր են։ Այսպես՝ Հայաստանում տարեկան պետական զբաղվածության գործակալությունն աշխատանքի է տեղավորում 9-10 հազար մարդու, զրոյից աշխատանքի տեղավորվողների թիվը 7 հազարից չի անցնում, այդքան էլ մասնավոր հատվածում են։ Այսինքն, եթե տարեկան մեր տնտեսությունը կարողանում է զրոյից աշխատատեղ զբաղեցնել, ապա 70 հազարը կնշանակի՝ 5 տարվա պլան»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Ինչ վերաբերում է վարչապետի նշած 50 հազար աշխատատեղերին, Գագիկ Մակարյանը նշեց, որ այդ աշխատատեղերի մեծ մասը եղել է, և չի կարելի ասել, որ դրանք նոր զբաղվածության ցուցանիշ են, կամ դրանով գործազրկությունը կրճատվել է։ Ֆորմալ առումով կարող են այդպես մտածել, բայց իրականում 50 հազար աշխատատեղ եղել է։
«Այդ 50 հազար աշխատատեղը մարդկանց, տնտեսության ու աղքատության վրա չի ազդել, քանի որ այդ աշխատատեղերն արդեն զբաղված էին, պարզապես աշխատողները եկել են օրինական դաշտ։ Հիմա մեզ համար շատ կարևոր է, որ զրոյից աշխատատեղեր ստեղծվեն, այսինքն՝ տարեկան կարողանանք մի քանի տասնյակ հազար աշխատատեղեր ստեղծենք։ Դրա համար պետք է տնտեսական ռեֆորմներ իրականացնենք, որոնք Հայաստանում կխրախուսեն ձեռնարկատիրական գործունեությունը»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը