17 04 2019

«Գազպրոմ Արմենիայի» հեղափոխական կրճատումները. «168 Ժամ»

«Գազպրոմ Արմենիայի» հեղափոխական կրճատումները. «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ Հայաստան ներմուծվող ռուսական գազի թանկացումից շուրջ չորս ամիս է անցել, սակայն այդպես էլ առայժմ հստակություն չի մտնում այն հարցում, թե, ի վերջո, ինչպես է փոխհատուցվելու գնի բարձրացման բեռը։ Այն, որ ներքին սակագինը մնացել է նույնը, դեռ չի նշանակում, թե հարցը լուծված է։ Հայաստանը շարունակում է պարտք կուտակել ներմուծված գազի դիմաց։ Այդ պարտքն արդեն հասնում է շուրջ 10 մլն դոլարի։

Կառավարության ու «Գազպրոմ Արմենիայի» միջև բանակցությունները շատ երկար են ձգվում։ Այդ ընթացքում թեև բազմիցս հայտարարվել է, որ ներմուծման գնի բարձրացման ֆինանսական բեռը կրելու է գազամատակարար ընկերությունը` սեփական խնայողությունների հաշվին, այնուհանդերձ, խնդրի լուծումն առայժմ բաց է մնում։

Ավելին, դրա հետ կապված նոր հարցեր են առաջանում. եթե թանկացման ֆինանսական բեռը հնարավոր էր փակել ներքին խնայողությունների հաշին, ինչո՞ւ է ներմուծման ավելի ցածր գնի պայմաններում կիրառվել բարձր սակագին, և ովքե՞ր են մեղավոր ընկերության ծախսերը ժամանակին ուռճացված ներկայացնելու մեջ։

Հայտնի է, որ գազամատակարարման սակագները` ընկերության առաջարկությամբ և հիմնավորումներով, հաստատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Մինչ այդ, Հանձնաժողովի աշխատակազմի սակագնային քաղաքականության վարչությունն ուսումնասիրում է ներկայացված հայտի հիմնավորվածությունը։

Նշենք, որ այդ վարչությունը բավական երկար ժամանակ գլխավորել է Գարեգին Բաղրամյանը, ով էներգետիկայի նախարարի պաշտոնը կարճ ժամանակ զբաղեցնելուց հետո` պատրաստվում է հիմա էլ տեղափոխվել Հանձնաժողովի նախագահի թափուր աթոռին։ Կառավարության ղեկավարն արդեն Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել նրա թեկնածությունը։

Որևէ կասկած չկա, որ պատգամավորները` առանց խորամուխ լինելու երևույթի մեջ, թեկնածությունը կհաստատեն։ Իսկ եթե հանկարծ ստացվի այնպես, որ գազամատակարար ընկերությունում իսկապես եղել են խնայողության հնարավորություններ, որոնք ժամանակին Գարեգին Բաղրամյանի ղեկավարած վարչությունը թերացել է բացահայտել, ո՞վ պիտի պատասխան տա դրա համար։ Այս հարցը բաց է մնում։

Փաստն այն է, որ գազի ներքին սակագները կապված են ոչ միայն՝ ներմուծման գնի, այլև՝ ընկերության պահպանման ծախսերի հետ։ Մեկ անգամ չէ, որ Հանձնաժողովը հավաստիացրել է ընկերության ծախսերն ավելի ներքև իջեցնելու անհնարինության մասին։ Եթե հիմա պարզվի, որ իրականում նման հնարավորություններ եղել են, և մատակարար ընկերությունը թաքցրել է, իսկ Հանձնաժողովի աշխատակազմը թերացել է բացահայտել դրանք, ապա պատասխանատուները պատժվելու են՝ արդյո՞ք սպառողներին լուրջ վնասներ հասցնելու համար։

Որ գազամատակարար ընկերությունում այս պահին որոշակի պրոցեսներ են ընթանում ծախսերը կրճատելու ուղղությամբ, կարծես հաստատվում են։ Դրա վկայությունն է նաև ընկերության վերջին հայտարարությունը. «Առաքվող բնական գազի գինի փոփոխությամբ պայմանավորված` ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում` դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը»։

Թեև «Գազպրոմ Արմենիան» առայժմ խուսափում է ուղղակիորեն ասել, այնուհանդերձ ընկերության աշխատողները՝ ոչ պաշտոնապես, բայց արդեն ծանուցվել են սպասվող կրճատումների վերաբերյալ։ Տարբեր տեղեկություններով՝ խոսքն ընդհուպ մինչև 1000-1500 հաստիքների կրճատման մասին է։

Այլ հարց է, որ այդքան մարդու սպառնում է գործազրկության իրական վտանգը, և վաղը նրանք կարող են հայտնվել փողոցում` համալրելով այն 230 հազար քաղաքացիների շարքերը, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել, կա ևս մեկ ոչ պակաս կարևոր խնդիր. ինչպե՞ս է ստացվել, որ մինչև այժմ Հանձնաժողովն աչք է փակել ընկերության ուռճացված աշխատակազմի վրա։ Եթե համարվում է, որ առանց այդքան հավելյալ աշխատողի՝ հնարավոր է իրականացնել նույն աշխատանքը, ապա ինչո՞ւ դա չէր կարելի անել, ասենք` մեկ տարի առաջ։ Հազիվ թե կարելի է կարծել, որ հաշված ամիսների ընթացքում գազամատակարարման ոլորտում այնքան է կատարելագործվել կառավարման և ավտոմատացման համակարգը, որ այլևս 1000 կամ 1500 աշխատողի կարիքը չի զգացվում։

Նշենք, որ գազամատակարարման ընկերության աշխատակազմի քանակի վերաբերյալ Հանձնաժողովի սակագնային հաշվարկները կատարված են 5,8 հազար հաստիքային միավորի հաշվով։ Իրականում դրանք բոլորը զբաղված են, թե ոչ, դժվար է ասել։

Եթե հաշվի առնենք, որ աշխատողների աշխատավարձի տարեկան ծախսը կազմում է 16 մլրդ դրամ, ապա կստացվի, որ յուրաքանչյուր 1000 աշխատողի դեպքում այն հասնում է միջինում տարեկան շուրջ 2,5 մլրդ դրամի։ Այլ կերպ ասած` 1000 աշխատողի կրճատելու դեպքում ընկերությունը հնարավորություն կունենա ծախսերը նվազեցնել 2,5 մլրդ դրամի չափով։

Սա, իհարկե, այն գումարը չէ, որ թույլ կտա ստանձնել գազի ներմուծման 15 դոլար թանկացման բեռը։ Դրա համար կպահանջվի տարեկան շուրջ 14-15 մլրդ դրամ։

Խնայողությունների մի մասն էլ ակնկալվում է ապահովել աշխատավարձերի կրճատման հաշվին։ Թեև կասկած չկա, որ դա ևս բավարար չի լինի տարեսկզբից գոյացող ֆինանսական ճեղքը փակելու համար։

Հանձնաժողովը գազի գործող սակագներով «Գազպրոմ Արմենիայի» համար հաշվարկել է 230 հազար դրամ միջին աշխատավարձ։ Սա, իհարկե, բարձր է ոչ միայն՝ երկրի ընդհանուր, այլև՝ մասնավոր հատվածի միջին աշխատավարձից։

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում միջին աշխատավարձը տատանվում է 175 հազար դրամի սահմաններում, իսկ միայն մասնավոր հատվածում հասնում է 192-193 հազար դրամի։

Թե առաջիկայում ինչպե՞ս կփոխվի ընկերության աշխատողների աշխատավարձի շեմը, առայժմ հստակեցված չէ։ Հայտնի է, որ բարձր են հատկապես ղեկավար անձնակազմի աշխատավարձերը։ Թեև դրանք մշտապես համարվել են առևտրային գաղտնիք և պաշտոնապես չեն բացահայտվել։

Ընկերության այս, նաև այլ ծախսերի կրճատման արդյունքում գուցե որոշակի տնտեսումներ առաջանան։ Բայց դեռ մեծ հարց է, թե դա որքանով թույլ կտա փակել գազի թանկացման ֆինանսական ճեղքը։ Առավել ևս հայտնի չէ, թե այդ նախաձեռնություններն ինչպես կանդրադառնան կառույցի հետագա գործունեության և տնտեսական վիճակի վրա։ Բնավ չի բացառվում, որ վաղը ստիպված լինենք շատ ավելի մեծ գին վճարել դրա համար։

Ինչևէ, այն, ինչ այսօր փորձ է արվում անել գազամատակարարման համակարգում, ուղղված է ոչ թե՝ պարտքի փակմանը, այլ՝ ապագայում նորի չառաջացմանը։ Իսկ մինչ այդ, գազի թանկացման դիմաց Հայաստանը պարտք է կուտակում ռուսական մատակարարին, որը, հայտնի չէ, թե ով պետք է վճարի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ