«Հրապարակ» թերթը գրում է. «Ավան վարչական շրջանը փետրվարից նոր փոխթաղապետ ունի, որը ոչ ավել ոչ պակաս «Ժիրայր Սեֆիլյանի» գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Ներսես Պողոսյանն է։ Կենսագրության մեջ էլ Պողոսյանի ներկայացրել են որպես քաղբանտարկյալ․ «2016թ. մայիսի 31-ին քաղաքական դրդապատճառներով կալանավորվել է: 2018թ. հունիսի 13-ին, հեղափոխությունից հետո ազատ է արձակվել»։
Նա դատական նիստերի ժամանակ մշտապես բողոքում էր նախկին իշխանությունից, վիրավորանքներ հասցնում Սերժ Սարգսյանին ու վիճում դատախազների հետ, սակայն այժմ էլ թաղապետարանի աշխատակիցներն են բողոքում նրանից՝ անհարկի մարդկանց է ազատում աշխատանքից, մանկապարտեզների տնօրեններին հորդորում՝ ազատման դիմումներ գրել։
Մանագիտությամբ հոգեբան փոխթաղապետին նկատել են նաեւ օպերայի հարակից սրճարանները քանդելու դեմ ցույցերի օրերին, որտեղ նա տրակտորի վրա կանգնած ոտքով հարվածներ է հասցնում։
«Հրապարակ»-ի հետ զրույցում նորանշանակ փոխթաղապետն ասաց․ «15 տարի ապրել եմ Ավանում։ Առաջարկը եղել է վարչական շրջանի ղեկավարի կողմից՝ իմանալով իմ անցյալը, իմ անձը, չէր ճանաչում, բայց իմացել է, նաեւ «Իմ քայլի»-ի տարածքային գրասենյակի պատասխանատուն ես եմ եղել»։
Դիտարկմանը՝ ենթադրվում էր, որ ինքը «Սասնա ծռերին» պետք է աջակցեր, Պողոսյանը պատասխանեց. «Եկեք էդ հարցին չպատասխանեմ, ես չեմ ընդունում իրենց որոշ արած բաներ, չեմ ընդունել, հիմա ընդհանրապես կապ չունեմ»։
Անդրադառնալով մանկապարտեզների տնօրեններին դիմում գրելու հորդորներին, կտրականապես հերքեց, իսկ աշխատակիցներին ճնշելու մասին էլ ասաց, որ պարզապես պահանջել է պարտականությունները կատարել․ «Ես կարող եմ տալ բոլոր մանկապարտեզների տնօրենների համարները, կարող եք զանգահարել, մանկապարտեզներն իմ կուրացիայի տակ են, պետք է գնամ, տեսնեմ՝ ինչ խնդիրներ ունի մանկապարտեզը։
Եթե կլինի նման մեկը, որը կասի, թե ես ասել եմ՝ դիմում գրի, տուն գնա․․․ նրանք բոլորը, կանայք են, ես ինձ թույլ չեմ տա նման բան ասել, ես մի բան եմ ասել՝ ժողովուրդ ջան, ինձ համար կուսակցական պատկանելիությունը կապ չունի, ես նշանակվել եմ սարքելու համար․․․»։ Աշխատակիցներին ճնշելու վերաբերյալ էլ ասաց․ «Եթե մարդիկ սկսել են չանել իրենց աշխատանքային պարտականությունները, ու դա նշանակում է ճնշում, ասենք՝ ես ուրիշ բան չեմ կարա ասեմ, թող ասեն ճնշում։ Մենք, համենայնդեպս, դրա համար ենք պայքարել, որ աշխատենք։ Պարտականությունները չկատարելու համար ազատումներ չեն եղել, եղել է նկատողություն»։
Ինչ վերաբերում է ցույցի օրը քաղաքացիներին հարվածելուն՝ ասաց, որ ինքը պաշտպանել է տրակտորիստին․ «Նման բան չկա, ես պաշտպանել եմ տրակտորիստին։ Իմ ոտքից են քաշել, տրակտորիստի վրա հարձակվեցին, ես պաշտպանել եմ, որ նրան վնաս չտան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը