09 04 2019

Ազատ խոսքի դեմ պատերազմի երրորդ փուլը․ «168 Ժամ»

Ազատ խոսքի դեմ պատերազմի երրորդ փուլը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ֆեյքերի դեմ հայտարարված պայքարը խոսքի ազատության դեմ պատերազմի հերթական փուլն է։ Հեղափոխությունից հաշված ամիսներ անց սկսվեց մամուլի դեմ ճակատային գրոհը հին, փորձած մեթոդներով՝ բարձր իշխանության հաթաթաներով, համակարգիչներ առգրավելով, խմբագրություններ ոստիկանների այցելությամբ, և այլն։ Մամուլի դեմ հայտարարված պատերազմի այս փուլում առաջին ճակատային գրոհը մամուլը և հասարակությունը կարողացան կասեցնել։

Հետո սկսվեց երկրորդ փուլը՝ անբավարար քանակի մամուլ ունենալու նվնվոցներով, ֆեյք լուրերի մասին չհիմնավորված բողոքներով, մամուլի դեմ պայքարի արտադատարանական մեխանիզմների և պատժիչ օրենսդրություն մտցնելու սպառնալիքներով։ Այս փուլն ավելի շատ նման էր պարտիզանական պայքարի, որը հիմնականում վարում էին իշխանական ֆեյսբուքյան ստատուսչիները և նրանց ընտանիքի անդամները։ Կարելի է պնդել, որ պարտիզանական ջոկատների շտաբը լավ չաշխատեց, դրա համար էլ այս կրակոցները, ականների պայթյունները մնացին լոկ օդի տատանումներ՝ չստեղծելով անհրաժեշտ հող խոսքի ազատության հանդեպ պատժիչ ջոկատների մուտքի համար։

Փաշինյանի հրահանգով «Դուխով Հայաստան բաց հասարակություն» ֆեյքին ձերբակալելը պատերազմի երրորդ փուլն է՝ լավ նախապատրաստված դիվերսիոն գործողություն։

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը զայրացավ գազալցակայաններում գազի գնի բարձրացումից, հետո որոշեց, որ գինը բարձրացնում են ոչ թե օլիգարխները կամ լցակայանների տերերը, այլ սոցիալական ցանցերում ֆեյք՝ կեղծ լուրեր տարածողները, հետո անկեղծ զայրույթով ԱԱԾ պետին հանձնարարեց բռնել ֆեյք լուրեր տարածողներին, հետո ԱԱԾ պետը բռնեց ինչ-որ բլոգերի, որի կայքում, սակայն, գազալցակայանների մասին ոչինչ ասված չէր։

Նման կիսատրամաբանական գործողություններին մի քանի բացատրություն կարելի է տալ․ կամ ԱԱԾ պետը չի ենթարկվում իր ղեկավարին և բռնում է ոչ թե գազի գները բարձրացնող բլոգերին, այլ ինչ-որ մեկին, կամ սա միասնական մշակված ու բեմադրված պլան է, և «Դուխով Հայաստան բաց հասարակություն» անճաշակ ու հայհոյախոս ֆեյքին հաջորդելու են քաղաքական քննադատների հանդեպ սանկցիաները և մամուլի հանդեպ ճնշումները։ Նաև, բռնելով ինչ-որ մի ֆեյքի, իշխանությունը փորձում է իր վրայից գցել կասկածները, թե հենց ինքն է ֆեյքերի բուծարանը, իսկ գործը վարչական, առավելագույնը՝ քրեական հարթության մեջ քննարկելու փոխարեն՝ այն բարձրացնելով ազգային անվտանգության հարթություն, Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, թե որքան է կարևորում այս հարցը։ Ի դեպ, հենց նման կիսաճշմարտություններով փաստարկված գործողություններն են իրական մանիպուլյացիաները։

Քանի որ այս բլոգերը հանրությանը շատ հայտնի մեկը չէ, և քանի որ Ֆեյսբուքում նրա դրած բլոգներն իրոք պրովոկացիոն են, կոնկրետ այդ անձի առիթով լուրջ դիմադրություն չի բարձրանա՝ մինչև հիմա անգամ նրա անունը հայտնի չէ։ Իշխանությունները ենթադրում են, որ մարսելով այս ձերբակալությունը, հասարակության ուշադրությունը և դիմադրողականությունը կթուլանա, և հաջորդ, ավելի իրական հարվածն արդեն ադեկվատ դիմադրություն չի ստանա։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խիստ զգայուն է մամուլի հանդեպ, և դա բնական է։ Նախահեղափոխական լարված իրավիճակը Հայաստանում պատրաստվել էր սոցիալական ցանցերի, մամուլի միջոցով, հեղափոխության ժամանակ մամուլը, եթե չասենք՝ որոշիչ, ապա շատ մեծ դեր ունեցավ, և այժմ էլ, իրական ձեռքբերումների բացակայության պայմաններում, մամուլի հանդեպ վերահսկողությունը կարևորագույն դեր է ունենալու ռեժիմի գոյատևման համար։ Սերժ Սարգսյանի կողմից մամուլի վերահսկողությունը բավական թույլ և ծույլ մեթոդներով էր իրականացվում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ շատ լավ հասկանալով մամուլի դերը, գործում է բազմազան մեթոդներով, բավականին ագրեսիվ է և հետևողական։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ինստիտուցիոն ընդդիմության բացակայության պայմաններում մամուլն իշխանության վերջին կազմակերպված ընդդիմախոսն է, որին իշխանությունը ձգտում է չեզոքացնել։

Նախորդ ռեժիմի լրատվական պրոբլեմներից մեկն այն էր, որ ոչ ոք հավատ չէր ընծայում իշխանական մամուլին, ավելին՝ այն անհետաքրքիր էր՝ գոնե լրատվական-վերլուծական առումով։ Նոր ռեժիմը փորձում է պահել նախկին ընթերցողների լոյալությունը, անգամ՝ նոր օգտագործողներ ներգրավել իշխանական մամուլի համար, որը նախկինում մասամբ ընդդիմադիր էր։ Օբյեկտիվ պրոբլեմն այն է, որ որքան էլ նոր իշխանական մամուլը փորձի անկախ ձևանալ, օգտվի իշխանական շրջանակներից բացառիկ արտահոսքերից, որքան էլ Լուլուն իրենց գովազդի, միևնույն է, այն չի կարողանում լինել այնքան ինտրիգային ու մանիպուլյատիվ, որքան ոչ իշխանականը։

Մինչդեռ իշխանություններին անհրաժեշտ է ստանալ մանիպուլյացիաների բացառիկ իրավունքը, այն, ինչն իրենք ունեին ընդդիմություն եղած ժամանակ։ Նոր իշխանությունները չեն կարողանում իրական արդյունքներ ցույց տալ, և ուրեմն, ռեժիմի գոյատևման համար կենսական անհրաժեշտություն ունի ինֆորմացիայի նկատմամբ վերահսկողությունը և մանիպուլյացիաների մոնոպոլիան»։

Աղասի Ենոքյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ