«168 Ժամ»-ը գրում է․ «Երեկ տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ կառավարության շենքի մոտ հաջորդ բողոքի ակցիան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) աշխատակիցներն են պլանավորում իրականացնել:
Աշխատակիցների դժգոհությունն աշխատավարձերի ուշացման հետ է կապված։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ ամիսներով ուշացող աշխատավարձերից բացի՝ նոր տնօրինությունը միլիոնների կուտակված պարտքի բեռի տակ է կքել:
Անցած շաբաթ նույնիսկ հոսանքազրկվել է շենքը, պարտքի պատճառով գազամատակարարումն էլ է դադարեցվել: Եվ այս ամբողջ կազուսային իրավիճակը ստեղծվել է պետական բյուջեից համալիրին հատկացվող գումարների ուշացման պատճառով:
Նշենք, որ 2019 թվականի պետական բյուջեով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի համար բյուջեից նախատեսված է հատկացնել 182 մլն 781.2 հզ դրամ, ընդ որում, այս գումարը որպես պահպանման ծախս է նախատեսված (ներառյալ՝ ԱԱՀ):
Տարվա երկրորդ եռամսյակն է սկսվել, 2019թ. բյուջեից հատկացվող միջոցներից համալիրին ոչ մի կոպեկ դեռ չի փոխանցվել: Ուշացումների մասին տեղեկատվությունը Մարզահամերգային համալիրի տնօրենը հաստատեց 168.am-ի հետ զրույցում, մեկնաբանություն, սակայն, խուսափեց տալ։ ՀՀ ֆինանսների նախարարությունում ևս հաստատում են, որ 3 ամիս ՄՀՀ-ին փոխանցում չի արվել, պատճառաբանությունը փաստաթղթավորման գործընթացով են պայմանավորում:
Ֆինանսների նախարարության պաշտոնական հիմնավորումն այն է, որ Պետգույքի կառավարման կոմիտեից ֆինանսավորման հայտ դեռ չի ներկայացվել Մարզահամերգային համալիրի ծախսերի համար, որպեսզի նախարարությունը ֆինանսավորումը կատարի։
Քաոսային վիճակից նորանշանակ տնօրենը՝ «Շարմ» հոլդինգից համալիր տեղափոխված Կարեն Ղազարյանը (Կազարևիչը), այս անգամ մի կերպ գլուխ է հանել: Համալիրի վարձույթից ստացվող միջոցների հաշվին զրոյացվել են աշխատավարձերի պարտքերը, բանակցությունների միջոցով ու մասնակի վճարման դիմաց վերականգնվել է համալիրի գազամատակարարումը: Մեզ հետ զրույցում ասաց, որ նույն կերպ հաջողել է հոսանքի միացման հարցը լուծել:
«Այս պահի դրությամբ աշխատավարձի պարտքեր չկան, ուշացումներ չեն եղել, սպառած գազի դիմաց մնացել է ընդամենը կես միլիոնի հասնող պարտք, իսկ էլեկտրաէներգիայի համար համալիրը 12 մլն դրամի պարտք դեռևս ունի: Խնդիրն այս շրջանում լուրջ է, քանի որ բյուջեից ուշացող հատկացումներով է պայմանավորված, բայց սա համալիրի դեպքում կարելի է նաև նորմալ համարել, ի վերջո, առողջ օրգանիզմ է, ինքն իր պահպանման ծախսերը մասնակի կարող է և լուծել:
Մենք ֆինանսավորման երկու ճանապարհ ունենք՝ բյուջեից և ձեռնարկատիրական գործունեությունից: Մինչ այս պահը, կարող եմ ասել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ վաստակած միջոցները բավարարել են, որ գոնե մարդկանց աշխատավարձերը բաշխենք ու մասամբ վճարենք սպառած գազի ու հոսանքի դիմաց: Բայց այդ միջոցները համալիրի ծախսերն ամբողջությամբ փակել չեն կարող, ու պետական մասի ֆինանսավորումը ուշանալու պատճառով է այսպիսի վիճակ ստեղծվել»,- պարզաբանեց Կարեն Ղազարյանը:
Համալիրի նորանշանակ տնօրենը չցանկացավ մեկնաբանել՝ սրանք նախկին տնօրեն Սամվել Մելիքսեթյանի պաշտոնավարման շրջանի՞ց մնացած պարտքերի կուտակումներ են, թե՞ նոր: Երաշխիքներ, որ ՄՀՀ աշխատակազմը նույն վիճակում նորից չի հայտնվի, առայժմ չկան, քանի որ պետական ֆինանսավորման պատասխանատու օղակներից 168.аm-ին այդպես էլ սպառիչ պատասխան չտվեցին:
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին ուղարկված հարցին, թե՝ ինչո՞ւ Ձեր ենթակայության տակ գտնվող կառույցի համար ընթացիկ տարվա մեջ ոչ մի անգամ հայտ չեք ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարություն, որպեսզի 2019-ի համար նախատեսված միջոցները բաց թողնվեն, այսպիսի կարճ ու խիստ անհասկանալի պատասխան տրվեց.
«Քանի որ փոփոխություն է նախապատրաստվում ՊՈԱԿ-ի որոշման մեջ՝ տեխնիկական պատճառներով պայմանավորված՝ ուշացել է մեր կողմից հայտի ներկայացումը»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը