27 03 2019

«Սիլվաշիրխանյանությունը»՝ արդարադատության չափորոշիչ․ «Փաստ»

«Սիլվաշիրխանյանությունը»՝ արդարադատության չափորոշիչ․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «ԱՄՆ-ում 2016-ի նախագահական ընտրությունների, այսպես կոչված, «ռուսական հետքի» մասին կրքերը աստիճանաբար մարելու են, համենայն դեպս՝ նախօրեին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրություն կամ համակարգված ուղղորդում չի հայտնաբերել։ Հայաստանում ոչ մի պետական մարմին կամ «հատուկ դատախազ», նույնիսկ անցումային արդարադատության ենթադրյալ մարմիններ հասարակությանը չեն կարող համոզել, որ Հայաստանում 1995-96թթ.-ից սկսած՝ մինչև թավշյա հեղափոխությունը, արդար ընտրություններ են եղել. մեր երկրում, ցավոք, չկան պետական այնպիսի ինստիտուտներ, որոնց համապատասխան եզրակացությունները կարողանան համոզիչ լինել հասարակության համար։

Շաբաթ օրը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ օրերս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակի «հետքերով»: Նախօրեին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ նյութեր են նախապատրաստում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։ ՀՔԾ-ն, թերևս, կատարել է օրենքի պահանջը, մանավանդ, որ հայտարարության հեղինակը մի մարդ է, ով 1998-ին ղեկավարել է Քոչարյանի նախընտրական շտաբը։ Հենց այդ պատճառով էլ Շիրխանյանի բաց նամակը ամբողջ շաբաթվա ընթացքում դարձավ բուռն քննարկումների նյութ՝ ոչ միայն քաղաքական հարթակներում, այլ նաև՝ սոցիալական ցանցերում։

Այս տարվա մարտի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հատուկ ուղերձով, թվում էր՝ քաշված է գիծը հին ու նոր Հայաստանների միջև, ու տխուր անցյալը չի ներխուժի հետհեղափոխական օրակարգ՝ խժռելով ապագային միտված քաղաքական, հանրային դիսկուրսը։ Փաստորեն՝ մենք գերագնահատել ենք Փաշինյանի ուղերձի միանգամայն դրական լիցքերը։

Անցյալի հանցագործություններն, անշուշտ, պետք է քննարկվեն ու բացահայտվեն. սա պետության կարևորագույն ֆունկցիաներից մեկն է, սակայն երբ հարցերը զուտ իրավական հարթությունից դուրս են գալիս ու դառնում են բացառապես քաղաքական օրակարգ, ապա անցյալին անդրադարձն ավելի շատ բացասական, քան դրական երևույթ է դառնում։

Նույն Շիրխանյանի հայտարարությունը բազմաշերտ գործընթացների աղբյուր կարող է դառնալ։ Օրինակ՝ կգտնվեն մարդիկ, ովքեր ՀՔԾ-ից կպահանջեն քննության առարկա դարձնել 1996-ի նախագահական ընտրությունները, մանավանդ, որ շատերի կարծիքով՝ 98-ը 96-ի հետևանք է։ Այստեղ է, որ առաջանում են կարևոր հարցեր՝ անցյալը քննելու հարցում մինչև ո՞ւր է հասնելու պետությունը ու արդյո՞ք գործելու է օրենքը, թե՞ քաղաքական կոնյուկտուրան։

Սրանք հռետորական հարցեր չեն, որովհետև ստեղծվում են բոլոր պարարտ պայմանները, որպեսզի հեղափոխության հակառակորդները կամ պարզապես չեզոք մարդիկ բարձրաձայնեն, որ թիրախավորվում է կոնկրետ անձ՝ ակնարկելով, թե խնդիր է դրված ամեն գնով Ռոբերտ Քոչարյանի վրա «գործ սարքել»։ Այսինքն, պատմության վերանայման գործընթացը, ըստ այդ նույն կարծիքների, անընդմեջ պտտվում է մեկ անձի շուրջ: Այլ խոսքով՝ եթե խնդիր է ձևակերպվում անցյալի հանցագործությունները բացահայտել, ապա նախ՝ անկախ Հայաստանի պատմությունը չի սկսում 1998-ից, երկրորդ՝ հազիվ թե անցած այդ ողջ ժամանակահատվածի մեղավորը մեկ անձ է. անհրաժեշտ է կատարել առավել համապարփակ քննություն, մանավանդ, որ Երրորդ հանրապետության պատմության բոլոր կարևոր դրվագներն, առաջին հերթին, քաղաքական գնահատականի անհրաժեշտություն ունեն։

Մյուս կողմից՝ «սիլվահամաբարձումյանականությունը», կամ, որ ավելի դիպուկ է, «սիլվաշիրխանյանությունը» դառնում է արդարադատության կամ «հեղափոխական տրիբունալի» չափորոշիչ։

Այս ամենն իր մեջ երկշերտ (գուցե՝ բազմաշերտ) վտանգ է պարունակում։

Նախ՝ քաղաքական, հանրային դիսկուրսը հետևողականորեն տեղափոխվում է անցյալ՝ ներկային, ապագային վերաբերող օրակարգ ձևակերպելու փոխարեն։ Այս ամենի հետևանքով մեր քաղաքական համակարգը կարող է հայտնվել սարդոստայնում՝ ավելի խորացնելով քաղաքական ինստիտուտների ու մտքի ճգնաժամը Հայաստանում։ Երկրորդ վտանգն այն է, որ, այսպես կոչված, անցյալի գնահատման գլխավոր ֆիգուրանտները հենց անցյալի «ուրվականներն» են, որոնք կապ չունեն նոր Հայաստանի հետ, որոնք խաղում են բացառապես որոշ անձերի հետ իրենց անձնական հակասությունների ու ներկայիս իշխանություններին սիրաշահելու, սեփական անձը այլոց հաշվին «փրկելու» մղումներով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ