«168 Ժամ»-ը գրում է․ «Երեկ Վրաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ-2019»-ը՝ ՆԱՏՕ-ի անդամ 24 երկրի և դաշինքի գործընկերների զինված ուժերի մասնակցությամբ:
Զորավարժություններին մասնակցում են ստորաբաժանումներ Ալբանիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Չեխիայից, Գերմանիայից, Դանիայից, էստոնիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Հոլանդիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Վրաստանից ու Շվեդիայից: Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 28-ը: Պաշտոնապես զորավարժությունների նպատակն է՝ բարձրացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի և դաշինքի գործընկերների փոխգործակցությունը:
Զորավարժություններին հետևելու է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մարտի 25-ին Վրաստան կատարելիք այցի ժամանակ: Այսպիսով, Հայաստանն այս անգամ ևս չի մասնակցում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժությանը: Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ առթիվ ասել է. «Մեզ անհրաժեշտ չի եղել զորավարժությունների այդ սցենարը»:
Ընդամենը: Որևէ այլ բացատրություն ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու պատճառների վերաբերյալ չի ներկայացվում: Դրանք, ի դեպ, դուրս են ՊՆ պաշտոնյաների լիազորությունից, քանի որ ակնհայտ է ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության հարցը որոշվում է իշխանության ամենաբարձր մակարդակով, ինչպես որ ակնհայտ է այս զորավարժություններին չմասնակցելու պատճառը՝ չզայրացնել ռուսներին:
Հայտնի է, որ նախկինում նման զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը բավական վատ է ընդունվել Ռուսաստանում: Իսկ Հայաստանի նոր իշխանությունը, ինչպես հայտնի է, ամեն ինչ անում է Ռուսաստանին ամեն կերպ հաճոյանալու համար: ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելն ամենևին այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը