14 03 2019

Համախմբվելու փոխարեն կորցնում ենք պետական մտածողությունը․ «Հրապարակ»

Համախմբվելու փոխարեն կորցնում ենք պետական մտածողությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչ որ բան անհասկանալի է մնում։ Պատերազմի շունչը քթներիս տակ է։ Նման դեպքում առաջին պլան է մղվում ներքին կայունությունը, ազգի միավորումը։ Իսկ դրա համար գործնական քայլեր պետք է արվեն՝ մարդկանց սթափ գիտակցության բերել, վերադարձնել իրականություն, որպեսզի նրանք հասկանան, որ թշնամին երբ մտնի մեր տուն՝ չի հարցնելու՝ ո՞վ է նիկոլական, ով սերժական ու ով քոչարյանական։ Նիկոլական, սերժական, քոչարյանական շրջապտույտում կորցնում ենք պետական մտածողությունը։ Պաշտպանենք պետությունը, հողը երկիրը։ Չտրոհվենք խմբերի ու միմյանց խժռենք։

Թշնամու  համար բոլորը հայ են։ Եկեք գոնե այդքանն ընդունենք․ բոլորս հայ ենք՝ իրար թև ու թիկունք կանգնենք, պահպանենք ներքին կայունությունը։

Այսօրվա նման ներքին անկայուն  վիճակ ոչ մի ղեկավարի օրոք չեմ տեսել։ Հանրությունը ոչ թե երեք, չորս, հարյուր, այլ միլիոնավոր բեկորների է բաժանվել։ Ինչու՞ է դա այդպես արվում։ Ինչու՞ պատերազմական այս իրավիճակում ամեն ինչ արվում է, որ միասնության «կծիկը թուլանա»։

Հարկավոր է ամեն կռիվ մի կողմ թողնել, համախմբել ներքին ուժերը։ Հայաստանի վարչապետը եթե պատրաստ է Ադրբեջանի նախագահի, Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսության, ի՞նչն է խանգարում, որ հայաստանյան բոլոր ուժերի հետ երկխոսի։ Երկիրը պատերազմի շեմին է, պատերազմից հինգ պակաս։ 

Հիմա Օպերայի հարակից տարածքները քանդելու, կրճատումների, հարկային բեռի տակ ճզմելու, պարգևատրություններով « իրար միս ուտելու», «ասֆալտին փռելու», մարդկանց չարացնելու, իրար դեմ հանելու ժամանա՞կն է, թե՞  միմյանց նկատմամբ հանդուրժողականություն ներակելու ժամանակը։

Խաղաղությունն առաջին հերթին ներսում պիտի լինի, ներսու՜մ․․․ Տան գլուխը, երբ իր ընտանիքում խաղաղություն չի կարողանում հաստատել, չի կարող ուրիշի տան մեջ խաղաղություն կարգավորել, ուրիշի տան անդամներին՝ հանձինս ադրբեջանցիների, բացատրել, թե ինչ լավ բան է խաղաղությունը։  Կարգավորել է պետք մեր տունը, ժամանակավորապես սառեցնել հանրությանը բորբոքող այն բոլոր ծրագրերը, որոնք անկայունություն են ստեղծում։ Ամրացնել մեր դարպասները՝ ներքին անպարտելի ռեսուրսով։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք թելադրել խաղաղություն։ Խաղաղությունը թելադրում են, չեն խնդրում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ