12 03 2019

Տոտալ շանտաժի տարի՝ մամուլի համար․ «Հրապարակ»

Տոտալ շանտաժի տարի՝ մամուլի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ «Շուտով կլրանա թավշյա, անարյուն հեղափոխության մեկ տարին։ Ամեն մեկը յուրովի, մենք՝ նույնպես, հրապարակավ կամ մտովի ամփոփում ենք այս մեկ տարին։ Վերլուծում, թե այն ինչ է բերել մեր երկրին, մեզ՝ անձամբ։ Լա՞վն էր շատ, թե՞ վատը։ Փոփոխությունները դրակա՞ն են, թե՞ բացասական։ Անշուշտ, բարդ է երկրի, պետության տեսանկյունից այդ վերլուծությունն անելը, որովհետեւ համապարփակ եզրահանգումների համար նախ պետք է լիարժեք տեղեկատվության տիրապետել, ցուցանիշներ, փաստեր, թվային տվյալներ ունենալ, ապա՝ համոզված լինել, որ այդ փաստերն ու տվյալներն իրական են՝ կեղծ չեն, հորինված չեն, քարոզչական մանիպուլյացիաների շարքից չեն։

Շատ ավելի հեշտ է այս մեկ տարվա իրադարձություններն ամփոփել շարքային քաղաքացու, կոնկրետ՝ սեփական կյանքի պրիզմայով։ Դա էլ պետք է անել սեփական բարեկեցության մակարդակի աճի, ինքնազգացողության, աշխատանքային հաջողությունների, մարդու ազատության եւ իրավունքների տեսանկյունից։

Բարեկեցության առումով մեր կյանքում, գոնե «Հրապարակում» աշխատողների, գրեթե ոչինչ չի փոխվել, եթե չհաշվենք մեր տարածքից մեզ զրկելու փորձերը։ Իսկ, այ, լրագրողական իրավունքների առումով փոփոխություններ կան եւ, ցավոք, ոչ դրական։ Մենք՝ լրագրողներս, այս 9 ամիսներին, ըստ էության, աշխատել ենք տոտալ շանտաժի պայմաններում։ Ցանկացած քննադատություն՝ ուղղված իշխանություններին, որակվել է որպես «հակահեղափոխական քայլ», իսկ մեր թերթը, որը ժամանակին եղել է ՀՀԿ-ական ռեժիմի դեմ պայքարողների առաջամարտիկը, որակվել է որպես «ռոբասերժական» լրատվամիջոց։

Նման պայմաններում, երբ յուրաքանչյուր բառ գրելուց առաջ 10 անգամ չափում-ձեւում ես՝ արդյո՞ք քեզ կրկին կմեղադրեն ՀՀԿ-ի «պատվերը» կատարելու մեջ, արդեն զրկվում ես ազատ ստեղծագործելու իրավունքից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ