08 03 2019

Կտրուկ շրջադարձ՝ ՊՎԾ ձերբակալություների գործում․ «168 Ժամ»

Կտրուկ շրջադարձ՝ ՊՎԾ ձերբակալություների գործում․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Հետաքրքիր զարգացում է սպասվում ԱԱԾ-ում Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: ՊՎԾ-ում այս օրերին վերջին շտրիխներով ի մի են բերվում հարուցված գործին առնչվող ՊՎԾ ուսումնասիրությունների ողջ աշխատանքները, հարուստ նյութերի ամփոփ «պապկան» Դավիթ Սանասարյանն առաջիկա օրերին կդնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին:

Իսկ ներկայացվող նյութերում, 168.am-ին հասած տվյալներով, շատ ավելի ուշագրավ փաստեր են առկա, որոնք լույս կսփռեն որոշ պաշտոնյաների գործարքների մութ պատմության վրա: Իսկ բացահայտված որոշ դրվագներով սլաքները, ըստ մեր աղբյուրի, ուղղվում են դեպի Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) ու վերջինիս առնչվող երկու անձանց, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ուղղությամբ:

Դավիթ Սանասարյանը, ասում են, հակված է այն կարծիքին, որ իր դեմ քաղաքական արշավ են սկսել, բայց այդ ամենի հիմքում հմտորեն գործի է դրվել երկու տարբեր անձանց բիզնես շահերի բախումների հնարավորությունը:

ՊՎԾ-ի պատրաստած նյութերն ամենաուշը՝ մինչև հաջորդ շաբաթվա ավարտը, կներկայացվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքին, որպեսզի նա ծանոթանա և թույլ տա հրապարակել ողջ կծիկի պատմությունը: ՊՎԾ-ում, իհարկե, պատրաստվում են նաև B պլանին ու դրանից բխող բոլոր հետևանքներին: Նրանք չեն բացառում նաև, որ վարչապետը ծանոթանա գործի ողջ նյութերին ու թույլ չտա հրապարակել սկանդալային գործարքների հետ առնչվող ողջ իրականությունը:

Իսկ դա կնշանակի, որ վարչապետն առնվազն կաշկանդվում է իր նշանակած կառավարության կազմում մերժել սեփական նշանակումը և անուղղակիորեն պատասխանատվություն կրել իր նշանակած նախարարի գործունեության համար:

Բացառված չէ նաև ավելի պրագմատիկ սցենարի մշակումը, այն հաճախ է կիրառվում աղմկալի բացահայտումով պետական ապարատը հեղինակազրկելուց խուսափելու համար: Մասնավորապես, գործի դրվի ժամանակ ձգելու և մեծահոգաբար խնայված  պաշտոնյային հետագայում մեկ այլ մանր գործով պաշտոնանկ անելու մոտեցումը:

Նշենք, որ մեզ հայտնի դարձած որոշ դրվագներից դատողություններ անելով՝ կարելի է ենթադրել, որ ԱԱԾ-ում պահվող ՊՎԾ աշխատակիցների և նրանց փոխկապակցված գործարարի նկատմամբ հարուցված քրեական գործում կտրուկ շրջադարձ տեղի ունենա, և ըստ այդմ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով առայժմ նշված գործում թեև կողմերից մեկն է, ու պիտի բաց հարցաքննվեր վկայի կարգավիճակում, դառնա մեղավոր անձանցից մեկն ու պատասխանատվության ենթարկվի՝ հանցագործության համար:

Նկատենք, այս գործով չափազանց ուշագրավ փաստ է արձանագրված. ՊՎԾ պաշտոնյան մեղադրվում է այն բանում, որ գնումների գործընթացում միջամտել է՝ անհրաժեշտ ապրանքի չափորոշիչները փոփոխեն, որպեսզի իրեն փոխկապակցված անձը մասնակցություն ունենա և շահի պետգնումների հայտարարված մրցույթում: Եվ այս գործով մեղադրվում են չափորոշիչների համար միջամտող ՊՎԾ պաշտոնյան էլ, գնումներում հայտ ներկայացրած, բայց այդպես էլ չշահած իրեն փոխկապակցված անձ համարվող գործարարն էլ:

Այս նույն տրամաբանությամբ կարելի էր, թերևս, մեղադրել նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, երբ նախարարի դիրքերից որոշում էր ընդունում ավելացնել իրեն փոխկապակցված անձի՝ տիկնոջ եկամուտները՝ ավելացնելով ՝ իր անվան հետ կապվող «ՄԻԲՍ» բժշկական հետազոտական կենտրոնի պետպատվերի ծառայությունների համար բյուջեից իջեցվող միլիոնները:

«ՄԻԲՍ» ԲԿ-ին հատկացվելիք պետական ֆինանսավորում մինչև 2017 թվականը չի եղել առհասարակ, իսկ 2018 թվականի երկրորդ կեսին այն կազմել է 25 մլն դրամ, և այդ թիվը 2019-ին ավելացել է շուրջ 2,5 անգամ ՝ հասնելով 57 մլն դրամի:

Ըստ aysor.am-ի՝  «ՄԻԲՍ»-ը մասնավոր կլինիկա է, որ մատուցում է մագնիսա-ռեզոնանսային շերտագրման ծառայություններ։ Ընկերությունը մինչև նախարար դառնալը գլխավորում էր Արսեն Թորոսյանը։ Այսօր որոշ տվյալներով՝ ընկերության ղեկավարը նրա կինն է՝ Վարդուհի Թևանյանը։

Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից գումար կստանա երկու ուղղությամբ. 41.34 մլն դրամ «ՄԻԲՍ»-ը կստանա «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» իրականացնելու համար։ Նույն նպատակով հանրապետության մարզային 11 առողջապահական հաստատությունների պետությունը կհատկացնի 83.2 մլն դրամ։ Պատվերների երկրորդ ուղղությունը նույն ծառայությունն է՝ նախատեսված զինծառայողների համար։ Այս նպատակով Արսեն Թորոսյանի տիկնոջ ղեկավարած ընկերությունը նույն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունից կստանա 15.68 մլն դրամ։ Համեմատության համար նշենք, որ զինծառայողների համար նույնատիպ ծառայությունների նպատակով պետությունը մարզային 7 առողջապահական հիմնարկների կհատկացնի տասն անգամ պակաս գումար՝ 1.6 մլն դրամ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ